Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆՆ ԻՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՐԵՎԱՄՈՒՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԵՍԳԻՇԵՐ

Արխիվ 12-16

ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆՆ ԻՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՐԵՎԱՄՈՒՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԵՍԳԻՇԵՐ

 

Մայիսի 17-ին ժամը 18:00-ից արդեն 10-րդ անգամ Եվրոպայի թանգարանները միասին կազդարարեն Թանգարանների եվրոպական գիշերը` Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին ընդառաջ: ԻԿՕՄ-ի կողմից առաջադրված  «Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի ներքո Եվրոպայի բազմամիլիոն հասարակությունը կրկին կհամախմբվի թանգարանների շուրջ` ընդգծելով  այցելուներ-սերունդներ-մշակույթներ կապը:  Ստեղծումից ի վեր անմիջապես դառնալով համաեվրոպական նախաձեռնություն` Թանգարանների եվրոպական գիշերը այս տարի իր տասնամյակը կնշանավորի նաև Հայաստանի Հանրապետությունում:

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայիսի 17-ին իր այցելուներին կընդունի արևամուտից մինչև կեսգիշեր` փորձելով տոն պարգևել իր հին ու նոր այցելուներին: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ թանգարանի մամուլի բաժնից:

«Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի համատեքստում թանգարանը գիշերասեր այցելուներին կներկայացնի ճանաչողական ֆիլմ` մարդկության հիշողություն համարվող աշխարհահռչակ Բրիտանական թանգարանի հավաքածուների վերաբերյալ: Ֆիլմը, ոը 2013թ. ամռանն արգելոց-թանգարանին է նվիրել ճանաչողական այցով Էրեբունի այցելած Բրիտանական թանգարանի պատվիրակությունը, 40 րոպե տևողությամբ յուրօրինակ շրջայց է թանգարանի սրահներով: Այն այցելուին կծանոթացնի թանգարանի ամենահայտնի առարկաներին և, միաժամանակ, ամեն մեկին հնարավորություն կտա պատկերացնել իր տեղը համաշխարհային պատմության մեջ: Ֆիլմը կցուցադրվի ժամը մեկ պարբերականությամբ (ժամը` 18:00, 19:00, 20:00)` ընդմիջվելով  «Վան» ազգագրական համույթի երգ ու պարի կենդանի կատարումներով: «Ուրֆանե», «Սեբաստիո», «Զընգըրթա» պարերը, «Ամռան գիշեր», «Աշնան գիշեր», «Ճախարակ» և այլ երգերը  այցելուին գուցեև կտանեն Վան-Ուրարտուի ոչ նյութական մշակույթի ակունքներ:

«Էրեբունի» արգելոց-թանգարանի պատանի հնագետները ևս կմիանան Թանգարանների գիշերվան`  իրենց հասակակիցներին հրավիրելով ժամը 17:00-19:00-ի սահմաններում դիտել ուսումնական պեղավայրում ընթացող պեղումները, ինչը, անկասկած, կխթանի շատերի հետաքրքրությունը դեպի այդ առեղծվածային աշխարհը` հնագիտությունը:

Թանգարանում մշտապես նոր ցուցանմուշ փնտրող այցելուների համար միայն մայիսի 17-ին Էրեբունի թանգարանը «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» խորագրի ներքո իր ֆոնդապահոցից 1-ին անգամ կներկայացնի Ք. ա. 8-րդ դարով թվագրվող ագաթե կոճակ` հայտնաբերված Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտ պեղված մանկահասակ աղջկա դամբարանից:

Մայիսի 17-ին ժամը 21:00-ից Էրեբունին համացանցով կմիանա  «Գեղադիտակ» միջազգային նախագծին` թանգարանի կողային բակում կազմակերպված վիրտուալ պատին դիտելով Թանգարանային գիշեր-2014-ը ներկայացնող լուսանկարներ` արված սմարտֆոններ ունեցող այցելուների կողմից: Այս նախագիծը Գիշերվա բոլոր մասնակիցներին կմիավորի լուսանկարների մեկ ալբոմում` դառնալով կապերի ու հաղորդակցության, բարձր տրամադրության և յուրօրինակ մրցույթի  հրաշալի միջոց:

«Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի շրջանակում խթանելով միջթանգարանային համագործակցությունը`  «Էրեբունի» արգելոց-թանգարանը Երևանի քաղաքապետարանի  «Կարեն Դեմիրճյան» թանգարանին ժամանակավոր ցուցադրության կտրամադրի ուրարտական որմնանկարների 6 կրկնօրինակներ: Ժամանակավոր ցուցադրությունը կկրի   «Անակնկալ գիշերով» խորագիրը` իրապես անակնկալի բերելով  «Կարեն ԴԵմիրճյան» թանգարանում ուրարտական մշակույթի դրվագների հանդիպող այցելուներին:

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ