Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԵՐԳԵՐՆ ԷԼ ԵՐԲԵՄՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՆՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՈՒՆԵՆ»

Արխիվ 12-16

ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԵՐԳԵՐՆ ԷԼ ԵՐԲԵՄՆ
ՄԱՐԴԿԱՆՑ ՆՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՈՒՆԵՆ»


Դեռ 90-ականներից երգչուհի ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ սիրվեց ու մնաց սիրելի` համայն հայության համար: Բավական է հիշել նրա մի քանի երգերը, որոնց ներքո շատերի մանկությունն ու երիտասարդությունն է անցել` «Էս ո՞վ ինձ անիծեց, էսքան սեր տվեց…», «Երկրաշարժ», «Հայաստան իմ», «Վերջին անգամ», «Ներիր ինձ», «Արի, արի»: Այո, սրանք այն երգերն են, որոնց հնչյունների ներքո շատերը սիրահարվել են, ծածուկ լացել կամ մխիթարվել:  Այսօր Ա. Վարդերեսյանը, թեպետ ապրում է Լոս Անջելեսում, բայց շարունակում հայերեն երգել ու կրկին սրտամոտ լինել իր ժողովրդին: Օրերս համացանցում հրապարակվեց իր «Առաջին սեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:


«39 ՏԱՐԻ ԱՊՐԵԼՈՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ` ՀԵՏ ԵՄ ՎԱՐԺՎԵԼ ՑՐՏԻՆ»


-Տիկին Վարդերեսյան, կարոտով Ձեզ սպասող հայ հանդիսատեսի համար մեծ անակնկալ էր այս տեսահոլովակը: Կպատմե՞ք տեսահոլովակի նկարահանման եւ այս երգի ստեղծման մասին:
- Ասում են` երգերն էլ երբեմն մարդկանց նման ճակատագիր ունեն: Այս  երգը ես գրել եմ 20 եւ ավելի տարիներ առաջ, որը հիմա կյանքի կոչվեց: Դեռ անցյալ ամառվանից պատրաստվում էինք այս տեսահոլովակի նկարահանմանը, ինչի համար փնտրում էինք վայրի բնությամբ լիճ: Սակայն լճի վրա նկարահանվելու համար ԱՄՆ-ում պահանջվում են շատ փաստաթղթեր եւ արտոնություններ: Իսկ արդեն հոկտեմբեր ամսին մեզ արգելվեց լճի վրա նկարահանվել, քանի որ այդպիսի օրենք էր: Եվ վերջապես Angeles Crest National անտառում` 11 հազար ոտք բարձրության վրա, գտանք շատ գեղեցիկ եւ վայրի բնությամբ լիճ: Եթե չեմ սխալվում, արդեն դեկտեմբեր ամիսն էր եւ անտառից վերադառնալով` որոշեցինք օրերի ընթացքում սկսել նկարահանումը: Մինչ այդ, Լոս Անջելեսում անձրեւ տեղաց, իսկ հաջորդ օրն ինձ հայտնեցին, որ լիճը սառցակալել է, եւ խոսք լինել չի կարող նկարահանման մասին, քանի որ արգելված է: Ի վերջո, նկարահանումը տեղի ունեցավ լճից քիչ հեռու ձյունածածկ մի բացատում: Շատ-շատ ցուրտ էր, 2-3 նկարահանումից հետո` ես հրաժարվեցի... Եվ ահա այսպես ավարտեցինք տեսահոլովակը: 39 տարի ապրելով Լոս Անջելեսում` հետ եմ վարժվել ցրտին:
- Առաջիկայում նախատեսո՞ւմ եք նաեւ ալբոմ թողարկել` հին ու նոր երգերով:
- Ես արդեն մեկ-մեկուկես տարի առաջ երկու հին եւ նոր երգերի ալբոմ ու ձայնասկավառակ եմ թողարկել:
- Տարիները, կարծես, Ձեր կողքով են անցնում, եւ գեղեցկուհի Արաքսյա Վարդերեսյանը կրկին սեր է երգում: Ի վերջո, ո՞վ անիծեց ու այդքան սեր տվեց, որը փոխանցում եք Ձեր երգերի սիրահարներին:
- Հա՜-հա՜ (ծիծաղում է տիկին Վարդերեսյանը-հեղինակ), լավն էր, սերը կյանք է, եւ Աստված ինքնին սեր է:

«ՊԵՏՔ Է ԳՐԵԼ ԵՎ ԵՐԳԵԼ
ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ` ՀԱՅԻ ՀԱՄԱՐ»


-Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել են հայ հանդիսատեսին քաջածանոթ ամուսիններ «Արմենոիդս» խմբի ղեկավար Էդգար Ռոստոմյանը եւ հայտնի մոդել Նադեժդա Հովհաննիսյանը: Ինչպե՞ս որոշվեց հենց նրանց ընդգրկել տեսահոլովակում:
- Էդգարի եւ Նադեժդայի հետ ծանոթացել եմ եւ ընդունել զավակիս պես: Նրանք երիտասարդ են եւ տաղանդավոր:
- Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք, եւ ինչպիսի նորության սպասեն Ձեր ունկնդիրները:
- Այո, ունեմ լավ ծրագրեր եւ նորություններ` իմ ունկնդիրների համար. ես սիրում եմ նրանց:
- Միշտ հային սրտամոտ, ժամանակին համահունչ երգերով դարմանել եք հազարավոր սրտեր, ըստ Ձեզ` այսօր ինչպիսի՞ երգերի կարիք ունի հայ ժողովուրդը:
- Պետք է գրել եւ երգել ժողովրդի համար, հայի համար, պահպանել մեր մշակույթը` օգտվելով ժողովրդական արմատներից` թերեւս քայլելով ժամանակի հետ:
- Այս պահին սրտից բխած ի՞նչ խոսքերով Արաքսյա Վարդերեսյանը կդիմեր իր ժողովրդին:
- Թեեւ հեռացել եմ քեզնից, բայց երբեք քեզ չեմ լքել: Դու իմ սրտում ես միշտ եղել, ի՛մ ժողովուրդ, ի՛մ հայրենիք, Հայաստա՛ն…



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ