Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»

Արխիվ 12-16

«ՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»

 

«Ոսկե Ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի շրջանակներում կայացավ կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմի պրեմիերան (պրոդյուսեր` Գրիգոր Հայրապետյան): Ուշագրավ էր այն, որ ֆիլմի հերոսներն էին իրական վարորդները, ի դեպ, ո՛չ ավել, ո՛չ պակաս` Երեւանից, Գյումրիից, Կապանից, Գորիսից, Մոսկվայից, Պոդոլսկից, Բաթումիից, Թբիլիսիից, Սերբիայից: Ավելին` ֆիլմը նկարահանվել է 500 դրամանոց բյուջեով, բջջային հեռախոսով ու թաքնված տեսախցիկ տարբերակով, ինչից միայն շահել էր ֆիլմի բովանդակությունը, որին արդեն անդրադարձել է «Իրավունքը»: Այս անգամ պրեմիերայից հետո «Իրավունքը» Հ. Շատյանի հետ զրուցեց ֆիլմում առկա մի շարք հետաքրքրական դրվագների մասին:

- Շատյան, մեր նախորդ զրույցում, Դուք նշել էիք, որ ոչ բոլոր վարորդներին եք հասցրել տեղեկացնել, որ նրանք հայտնվել են ֆիլմում, ինչը կարող էր խնդիրներ առաջացնել իրենց կողմից: Մինչդեռ ֆիլմում տեսանք, որ նրանցից բացի լուրջ խնդիրներ կարող են լինել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի, ինչպես նաեւ ռուսական էստրադայի հին կաղնիների` Կաբզոնի կամ Ալլա Պուգաչովայի հետ, որոնց ֆիլմում անդրադառնում են մեր վարորդները:

- Վովա Գասպարյանի հետ խնդիր չի կարող լինել, որովհետեւ ոչ մի վատ բան չի ասում մեր ֆիլմի հերոսը նրա մասին, նույնիսկ ավելի լավն է ասում: Իսկ Կաբզոնի հետ կապված` իրականում ասվում է այն, ինչ որ կա, ու ես չեմ ուզում կեղծել: Ալլա Պուգաչովան էլ, դե, ռուսական էստրադայի լեդին է, չէ՞...

- Տիտրերում աստղանիշներով էր գրված, թե ռուսական էստրադայի ինչն է նա (ծիծաղում են հեղինակն ու Հ.Շատյանը):

- Չէ, չեմ կարծում, ավելի շատ փոխաբերական իմաստով կարելի է հասկանալ:

- Ի դեպ, ֆիլմի հերոսներից միայն Ձեր որդին` փոքրիկ Դավիթ Շատյանը նկատեց, որ նկարահանում եք իրեն:

- Դա հատուկ էր թողած իրականում, որ հենց միայն երեխան է նկատում, որովհետեւ միայն երեխան է նկատում այն, ինչ իսկապես պետք է նկատել, ոչ թե այն, ինչ քեզ է ձեռնտու: Միեւնույն ժամանակ, նա այնքան է սովորել, որ ես իրեն պետք է նկարեմ, որ միշտ էլ հարցնում է` պապ, նկարո՞ւմ ես, թե` չէ: Բայց այս դեպքում այդ դրվագը հատուկ էր թողնված:

- Բառապաշարի առումով` ֆիլմում ցույց էր տրված, որ միայն մեր վարորդների մոտ չէ ձեւավորված «ախպեր-արա» խոսելաոճը, բացի այդ, տարբեր երկրներում վարորդները նույն խնդիրներն էին արծարծում: Փաստորեն, դա ցույց տալով` փորձում էիք մխիթարե՞լ հայ հանդիսատեսին:

- Հենց ցանկացել եմ` հանդիսատեսը դա զգա, որ միայն մենք չենք պրոբլեմի մեջ: Օրինակ, հենց 90-ական թվականներին, երբ ոչ ոք լույս չուներ, բոլորն ավելի հանգիստ էին դա տանում: Իսկ երբ այսօր մեկի լույսն անջատում են, այնպես է խառնվում իրար, որ իր համար տառապանք է դառնում: Բայց երբ դու գիտես, որ քո պես էլի մարդիկ կան, գոնե մխիթարվում ես ու ըստ այդմ էլ սկսում քայլեր անել` լավ լինելու համար, ոչ թե ասել` թե մեր երկիրն ամենավատն է: Ոչ, մեր երկիրը լավերից մեկն է: Ուղղակի, մենք չենք տեսնում այն, ինչ ուրիշ տեղ է կատարվում:

- Թեպետ ֆիլմում մեր դառը իրականությունն էր ներկայացված, սակայն այն շատ դրական նոտայով ավարտվեց` փոքրիկ Շատյանի լավատեսությամբ: Ի վերջո, մենք կարո՞ղ ենք հույսներս դնել այդ դրականի վրա, թե վաղը փոքրիկն էլ կմեծանա ու կնմանվի «Ճանապարհի փիլիսոփաներին»:

- Հուսով եմ, որ վաղը Դավիթ Շատյանը չի մտածի այնպես, ինչպես վարորդները: Հիմա երեխան չգիտի` ինչը չի սիրում, եւ հուսով եմ, որ չի էլ իմանա: Այսինքն` մենք ամեն ինչ պետք է անենք, որ նա չտեսնի այս ամենը, միշտ էլ այդպես է, ասում ենք` «ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Եվ նույնիսկ այդ վարորդները, եթե մի բան չեն սիրում, կարող է ենթագիտակացաբար լինել, ոչ թե կոնկրետ պատճառով: Իհարկե, պետք է անել ամեն ինչ, որ երեխան այդպես էլ չիմանա, թե ինչ չի սիրում, թեպետ դա իդեալական տարբերակն է: Իսկ այդպիսի վերջաբան ընտրեցինք, որ այդ հույսը պահպանվի: Եվ սա կարեւոր է` մարդիկ պետք է հավատան, որ դեռ ապագա ունեն:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք «Ոսկե Ծիրանից»:

- Ոչ մի սպասելիքներ չունեմ, կարեւոր նպատակն այն է, որ այս ֆիլմը դիտեն հնարավորինս ավելի շատ մարդիկ: Սա ամենամեծ հնարավորությունն է, որ ֆիլմը 10 կամ 100 հոգի ավել դիտի:

- Այսինքն` մեծ էկրաններին ֆիլմը չի՞ մնա...

- Հայաստանում վավերագրական ֆիլմ դիտելու մշակույթ դեռ չի ձեւավորվել, իսկ ցուցադրություններ անելու համար ֆինանսներ են պետք: Բայց հուսով եմ` ուրիշ փառատոների մասնակցելուց հետո` մի քանի տարի անց ֆիլմի ինտերնետային տարբերակը կունենանք, եւ այդ ժամանակ այն կտեսնեն բոլորը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ