Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

09.08.2014

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին:

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և Սոչի այցելելու համար:

«Կարիք չկա բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները. դրանք կրում են բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ, ինչի մասին են խոսում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի, Հայաստանի ղեկավարության վերջին որոշումները: Աշխատանքը կատարվում է, և ես կցանկանայի Ձեզ տեղեկացնել այն մասին, թե այդ ուղղությամբ ներկա պահին այն ինչ վիճակում է գտնվում:

Բայց, անշուշտ, մենք նաև երկկողմ օրակարգի շատ հարցեր ունենք, ինչի մասին մենք այսօր, անկասկած, կխոսենք, ինչպես նաև հնարավորություններ կան ավելի մանրամասն քննարկել ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը: Ուստի մեր օրակարգը շատ մեծ և հագեցած է»,-ասել է ՌԴ Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այս հանդիպման նպատակով Սոչի այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել. «Մեր վերջին հանդիպումից անցել է երեք ամիս և մեր որոշ պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու անհրաժեշտություն կա: Բացի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգից, ես նույնպես կցանկանայի քննարկել որոշ հարցեր՝ կապված ինտեգրացիոն գործընթացների, ավելի կոնկրետ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ:

Իհարկե, մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ կհամարեք, Վլադիմիր Վլադիմիրի, տեղեկացրեք մեզ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին և հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառների մասին»:

Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախագահին՝ ջերմ ընդունելության և աշխատանքային լավ պայմաններ ստեղծելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ