Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՄԲԻՈՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ, ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ` ԹԱՐԳՄԱՆԻՉ

Արխիվ 12-16

ԱՄԲԻՈՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ, ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ` ԹԱՐԳՄԱՆԻՉ

Երեկ Ազգային ժողովում կայացավ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի հերթական հանդիպումը: Այս անգամ հյուրն էր ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Ու էլի ինչպես միշտ, այս ակումբում խնդիր դարձավ` հայերեն պիտի խոսեն ներկաները, թե ռուսերեն: Նախ կիսելյովյան սինդրոմից խուսանավելով` Մ. Շվիդկոյը սկսեց հայերեն խոսել` ասելով նախ ՙԲարեւ Ձեզ՚, ապա հավելելով, որ. ՙՋուր չկա՚: Ռուս պաշտոնյայի հայերենն այսքանով ավարտվեց, ու այս թեման էլ կավարտվեր, եթե հանդիպմանը ներկա չլինեին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: ԱԺ պատգամավոր, ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ սկսեց հայերեն խոսել ու դարձավ պատուհաս ակումբի գլխին: Ռուս պաշտոնյային թարգմանող չկար: Ի վերջո, իրավիճակը փրկեց հեռուստահաղորդավար Զառա Արամյանը, ով պատրաստակամություն հայտնեց թարգմանել ու սկսեց համով-համով ռուսերեն խոսել: Սակայն, երբ Խ. Քոքոբելյանը հիշեց Ռուսաստանի բոլոր ՙմեղքերը՚` սկսած հայ մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից մինչեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, տիկին Արամյանն ասաց, որ դժվարանում է թարգմանել: Ստիպված, թարգմանչի դերը ստանձնեց հանդիպմանը ներկա ՙԻնտեգրացիա եւ զարգացում՚ ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը: Ի դեպ, պարզվեց, որ հենց թարգմանչի առաքելությամբ էլ եկել էր պարոն Սաֆարյանը, քանի որ բարձր ամբիոններից մշտապես հայ-ռուսական բարեկամությունից խոսող նախկին քաղաքական մեկնաբանը որեւէ կարծիք այդպես էլ չարտահայտեց ռուս պաշտոնյայի ներկայությամբ: Ավելին` վերջինս անգամ ակումբի հանդիպման ավարտից հետո չցանկացավ խոսել, հավանաբար` Հայաստանի` Մաքսային միության անդամակցումից առաջ գլխացավանքի մեջ չընկնելու համար: Ինչեւէ, ի վերջո, Ազգային ժողովից պեղվեց մի թարգմանչուհի, ով կիսատ-պռատ թարգմանում էր ԱԺ պատգամավորների խոսքը, որոնք այդպես էլ զլացան ռուսերեն խոսել` բացառությամբ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի: Նշենք նաեւ, որ առիթից օգտվելով` արեւմտամետ կողմնորոշում ունեցող պատգամավորները` Խ. Քոքոբելյանը եւ Թ. Պողոսյանը, որոնք առաջին անգամ էին մասնակցում Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի հանդիպմանը, սկսեցին խոսել այն մասին, թե ակումբը ոչ թե նպաստում, այլ խոչընդոտում է հայ-ռուսական բարեկամությանը` հիշելով ՙՌոսիա սեգոդնյա՚ գործակալության գլխավոր տնօրեն Կիսելյովի հայաստանյան աղմկահարույց հայտարարությունները: Պատասխանը` արդեն հայերենով, չուշացավ տիկին Նաղդալյանի կողմից, ինչը վերածվեց ներքաղաքական փոքրիկ կոնֆլիկտի: Ի վերջո, Մ. Շվիդկոյը մոտավորապես պատկերացնելով, թե ինչի մասին է խոսքը, հայաստանյան գործընկերներին հարցրեց` ասելով` եթե ներքին հարցեր ունեք քննարկելու, ապա ինքն այդտեղ ավելորդ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ