Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

"ՇԻՐԱԶՆ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ԷՐ, ՈՐ ԽՈՍԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ"

Արխիվ 12-16

"ՇԻՐԱԶՆ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ԷՐ, ՈՐ ԽՈՍԵՑ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ"


Դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հայ մեծանուն բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ամյակին նվիրված երեկոն, որն ամփոփեց տարվա ընթացքում Շիրազին նվիրված միջոցառումները: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ամբողջ տարին նվիրված էր Շիրազի ստեղծագործություններին. "Շիրազի հոբելյանին են նվիրված Երեւանում եւ մարզերում անցկացվող մի շարք միջոցառումներ: Այս տարի նշել ենք մշակույթի ականավոր գործիչների բազմաթիվ հոբելյաններ, եւ կարելի է ասել, ամփոփում ենք արդյունքները` Շիրազին նվիրված համերգով":
Ի դեպ, 2015 թվականին մշակույթի նախարարության առաջարկությամբ կսկսվեն բանաստեղծի երկերի ամբողջական ժողովածուի հրատարակման աշխատանքները:
"Իրավունքի" հետ զրույցում շիրազագետ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ շեշտեց. "Շիրազն առաջիններից էր, որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն տարիներին այդ մասին քչերը համարձակություն ունեին խոսելու: Նրա ավանդը մեր ժողովրդի պատմության եւ մշակույթի ոլորտում անգին է: Շիրազը կարեւոր դեր է խաղացել անկախության կայացման եւ հայոց լեզվի ու արժեքների պահպանման գործում: Այսօրվա միջոցառումն ուղղված էր բանաստեղծի մեծարմանը, սակայն ցավոք կենդանության օրոք Շիրազին նմանատիպ համերգներ չեն նվիրվել, թեեւ նա հայ մեծ պոետ էր, ում սիրում եւ գնահատում էր ժողովուրդը":

"ՃԻՇՏՆ ԱՍԱ, ՇԻՐԱԶԻ ՔԱՆԻ՞ ՆԱՄԱԿԻՆ ՉԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ..."

-Պարոն Մուրադյան, միջոցառման ավարտին հանդիսատեսը այսպես արձագանքեց. վե՞րջ, բայց ինչո՞ւ այսքան կարճ...
- Կարոտել էին երեւի Շիրազին ու նրա գործերին, հետո Շիրազի պոեզիան նման առիթներով գոնե պետք է հնչեցնել տեւական: Միջոցառման միակ պակասությունը երեւի թե դա էր, թե չէ ընդհանուր գեղարվեստական մակարդակը բարձր էր եւ Շիրազին արժանի միջոցառում էր: Իսկապես, խորհրդային ժամանակներում Շիրազն այսպիսի մեծարման չի արժանացել, չնայած` խորհրդային նախկին ղեկավարները քիչ առաջ դժգոհեցին, թե մենք էլ ենք մեծարել, մենք էլ ենք գնահատել: Նրանց ես պիտի հարցնեի` ճիշտն ասա, Շիրազի քանի՞ նամակին չես պատասխանել: Ինձ թույլ չտվեցի, որովհետեւ տարիքով մեծ էր ինձանից: Գյումրիում Շիրազի տուն-թանգարան ստեղծելու հարցում Գյումրու քաղաքապետ եղած ժամանակ մեծ դերակատարում է ունեցել Դոնարա Ասքանազովնան, որին Շիրազը մեկ-մեկ ասում էր Դոնարագանդի, մեկ-մեկ էլ` Դոնարաքանդի: Իհարկե, անցյալում էլ Շիրազին գնահատել են, բայց Շիրազը երկու անգամ` ծննդյան 50 եւ 60-ամյակների առիթով պարզապես չի գնացել ու ստացել Մոսկվայից ուղարկված Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը: Իսկ վերջում, արդեն 75 թվականին, նա հրաժարվեց Լենինի շքանշանից, որովհետեւ պարտադրում էին, որ մի տեղ գրի, թե Ղարաբաղի ողբը ինքը չի գրել, ուրիշներն են գրել, ստորագրել է իր անունով: Բայց ասաց` ո՛չ, ես եմ գրել, իմ Լենինի շքանշանը  դա է, որ ժողովուրդը ոչ թե իր կրծքի վրա կպահի, այլ իր սրտի մեջ: Այ սա է իրական Շիրազը:

"ՇԻՐԱԶԻ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆ ԶԳԱԼԻ ԷՐ"


-Այսօրվա միջոցառումը հենց դա՞ էր ապացուցում:
- Իսկապես հաջողված գրական-երաժշտական երեկո էր, բայց Շիրազի ստեղծագործությունների պակասությունը զգալի էր: Երեւի թե հաջորդ անգամ կազմակերպիչները հաշվի կառնեն ու մի քիչ կընդարձակեն: Մի խոսքով, սա էլ Շիրազի մեծարման մի օր էր, որը հատկապես նոր սերնդին էր պետք շիրազյան գաղափարախոսությունը եւ հատկապես նրանց, ովքեր զբաղվում են հայ-թուրքական հարաբերություններով, հայ-թուրքական բարեկամության փաստաթղթերի ստորագրմամբ:

"ՉԱՐԵՆՑԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՋՈՐԴԸ ՇԻՐԱԶՆ ԷՐ"

-Փաստեցիք, որ Շիրազն առաջիններից էր, որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին:
- Շիրազը ճիշտ ցույց է տվել` ինչ պիտի անել եւ ինչ պիտի չանել: Ուղենշային է, չէ՞.

Թուրքը հայի արյունից ձեռքերը հանում,
Աստծու արցունքի մեջ է լվանում,
Սրբում սրբիչով ազգերի տված,
Ցնծում լռությամբ նրանց անաստված...
Կարծում եմ` հասկանալի է չէ՞,                                կա՛մ, ասենք.

Քրիստոնյա աշխարհն էլ հեթանոսվել,
Մահմեդվել հազար անգամ է դավել,
Ոչ մի մեղքը չի քավել...

Սրանք պատգամներ են, որոնք պիտի շրջանառել: Պիտի մարդիկ իմանան, մտածեն եւ գործելուց առաջ հիշեն: Իսկ Շիրազը հայ գրականության այն ամենավաղ շրջանից, գողթան երգերից, էպոսից եկած մինչեւ մեր ժամանակները հասած, 30 տարի առաջ մեզնից հեռացած, իրոք մեծ բանաստեղծ էր: Չարենցի անմիջական հաջորդը Շիրազն էր: Ի վերջո, ասենք մի ամբողջ դարաշրջան` 30, 50, 60-ական թվականները Շիրազի տիրապետության դարաշրջանն էր: Եվ նրա պատգամները կենսական են, մեր ժողովրդի համար պետք են եւ մեր ժողովուրդը հարուստ է շիրազներով: Նա բոլոր մեծերի պես` Չարենցի, Սեւակի, Թումանյանի, Իսահակյանի, Րաֆֆու նման մեր ժողովրդին դեպի ազգային մեծ նպատակները իրագործող ճանապարհի հաջողություններին ուղեկցող հավիտենական հեղինակ է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ