Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

«ԵՐԲ ՉԿԱՐ «ՖԵՅՍԲՈՒՔ», ՉԿԱՐ «ՍԿԱՅՊ», ՆԱՄԱԿՆԵՐ ԷԻ ԳՐՈՒՄ, ԵՎ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅԱՏԱՌ»

Արխիվ 12-16

«ԵՐԲ ՉԿԱՐ «ՖԵՅՍԲՈՒՔ», ՉԿԱՐ «ՍԿԱՅՊ», ՆԱՄԱԿՆԵՐ ԷԻ ԳՐՈՒՄ, ԵՎ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅԱՏԱՌ»

 

Հայազգի դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայաստանյան հեռուստադիտողին հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից` որպես հայտնի փաստաբան Կարեն Օհանյան, արդեն 23 տարի է բնակվում է Բելգիայում: Ուշագրավ է այն, որ երիտասարդ դերասանը օտար ափերում ոչ թե եվրոպականացվեց, այլ ձեռնամուխ եղավ հայապահպանության գործին: Իրականում զբաղվելով փաստաբանական գործունեությամբ, ինչպես նաեւ նոր ծրագրեր մշակելով հետագա դերասանական կարիերայի համար` այժմ Ս.Սիմոնյանը կրկին վերսկսել է պրոֆեսիոնալ հայկական պարով զբաղվել   բելգիահայ, ինչու ոչ, նաեւ բելգիացի երիտասարդների հետ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ.

- Հայկական պարի նկատմամբ սերս նորություն չէ: Դեռեւս 1996  թվականին, այսինքն` այն տարիներին, երբ մեծ թվով հայեր տեղափոխվեցին Բելգիա, մենք ծանոթացանք Արթուր Նիկողոսյանի ընտանիքի հետ, որը հետագայում դարձավ իմ պարի ուսուցիչը: Արդեն 1997 թվականին ստեղծվեց հայկական պարի խումբ Բելգիայում, ապա նաեւ բացվեց  փոքրերի «Նարեկ» պարախումբը եւ այնտեղ, բնականաբար, առաջին աշակերտը ես էի, որովհետեւ երկու եղբայրներս արդեն մեծերի «Հայք» պարախմբում էին պարում: Այդ ընթացքում  մենք բազում համերգների մասնակցեցինք ինչպես Բելգիայում, այնպես էլ Եվրոպայի որոշ երկրներում` Գերմանիայում, Լյուքսենբուրգում, Ֆրանիսիայում: Այս ամենը տեւեց 10-ը տարի եւ դա բնական է, քանի որ գալիս է մի պահ, որ երիտասարդները մեծանում են, ամուսնանում ու նոր սերունդն է գալիս փոխարինելու ավագներին:

- Իսկ ե՞րբ որոշեցիր ինքդ հայկական պարեր դասավանդել:

- Երբ մեկնեցի ԱՄՆ, որոշեցի հիմա էլ ես փոխանցեմ երիտասարդներին, այն, ինչը սովորել եմ 10-ը տարվա ընթացքում: Արդյունքում հայտնվեցի Տեխասում կայանալիք հայկական պարի փառատոնում:  Իմ բեմադրած  պարը գրավեց բոլորի ուշադրությունը:  Շատերին թվաց, թե ես Հայաստանից եմ եկել, որովհետեւ նախ մաքուր հայերեն էի խոսում եւ երկրորդ`  այդքան լավ կարողացել էի հայկական պարը ներկայացնել: Ապա հենց այնտեղ առաջարկեցին բացել Սուրբ Սարգիս եկեղեցուն կից պարի խումբ: Իսկ հետո ստացվեց այնպես, որ պետք է վերադառնայի Բելգիա, բայց ինքս իմ մեջ որոշել էի, որ երբեք չպետք է թողնեմ պարն ու դերասանական արվեստը:

- Ի դեպ, ո՞րն է գաղտնիքը, որ 23 տարի ապրելով Բելգիայում` փայլուն տիրապետում ես հայերենին:

- Գաղտնիք չկա, որովհետեւ ամեն ինչ կախված է ընտանիքից: Երբ զավակը մեծանում է մի ընտանիքում, որտեղ բացի սիրուց ուրիշ ոչինչ չի արտահայտվում, հենց այդ սերն էլ փոխանցվում է անձի դաստիարակությանը, գիտությանը եւ աշխարհամտածողության ձեւավորմանը: Այս հարցում եւս անչափ գոհ ու շնորհակալ եմ ծնողներիս: Այնպես որ, իմ մաքուր հայերեն խոսելու գաղտնիքը բոլորովին էլ գաղտնիք չէ, որովհետեւ մարդ իր հոգով ու սրտով եթե ցանկանա, ապա այդպես էլ կլինի: Շատ երիտասարդների եմ ճանաչում Երեւանից եկած, որոնք ընդամենը 5 տարի են այստեղ ապրում, բայց ընդհանրապես հայերեն չեն խոսում: Չեմ հերքի նաեւ, որ Հայաստանի հետ միշտ կապի մեջ եմ եղել եւ երբ չկար «Ֆեյսբուք», չկար «Սկայպ»,  նամակներ էի գրում եւ բոլորն էլ հայատառ`լինեին բանաստեղծություններ, թե պատմություններ:

- Շուտով սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, այս առթիվ ի՞նչ կմաղթի Սարգիս Սիմոնյանը հայ երիտասարդներին:

- Ցանկանում եմ, որ երիտասարդը, երբ իր ուղեղի մեջ մի նպատակ է ստեղծում, ամեն կերպ այդ նպատակն իրականացնի, որովհետեւ երբեք ոչինչ երկնքից չի ընկնում: Անկախ կյանքի սոցիալական կարգավիճակից, հավատեցեք, որ եթե մարդ ճիշտ ուղղությամբ է աշխատում, ապա ստեղծում է համապատասխան հնարավորությունը: Մեր հայ ազգն այսօրվա դրությամբ աշխարհի ամենախելացի ազգն է եւ այդ մասին անգամ հրեան է ասել ու շատ ափսոս կլինի, որ երիտասարդները այդ ի վերուստ տրված հնարավորություները չօգտագործեն: Եվ ասածս բոլորովին էլ չի նշանակում, թե այդ հնարավորությունը պետք է փնտրել այլ երկրներում: Եկեք ճիշտը խոսենք, հիմա ամեն երկրում էլ նեղություններ կան, բայց պետք է ուժեղ կամք ունենալ դրանք հաղթահարելու համար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ