«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

ՄՈՍԿՎԱԲՆԱԿ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ»` ՀԱՆՈՒՆ ԲԱՂԱՆԻՍ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ

Արխիվ 12-16

ՄՈՍԿՎԱԲՆԱԿ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ»` ՀԱՆՈՒՆ ԲԱՂԱՆԻՍ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ

 

ՌԴ-ում հայտնի «ARM TV» հեռուստաընկերության հայկական լուրերի գլխավոր խմբագիր,  ԵԿՄ  ռուսաստանյան երիտասարդական թեւի ղեկավար, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ մոսկվաբնակ ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ հայաստանյան սահմանամերձ գյուղերին աջակցելու համար նախաձեռնել է «Նոր սերունդ» խորագրով բարեգործական մեծ համերգ, որը տեղի կունենա ապրիլի 12-ին հենց Ռուսաստանի սրտում` Մոսկվայում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ն. Նիազյանի հետ, ով շուրջ հինգ տարի ապրելով Հայաստանից դուրս`շարունակում է հետեւել հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, միեւնույն ժամանակ հայապահպանությանն ուղղված լուրջ ծրագրեր իրագործում Ռուսաստանում:

-Նաիրա, նախ խոսենք առաջիկա համերգի խորագրի մասին, ինչո՞ւ  այն անվանեցիք «Նոր սերունդ»:

- «Նոր սերունդի» մտահաղացումը ծնվել է երկու տարի առաջ: Նպատակը հենց  հայապահպանությանն է ուղղված` երկխոսություն (հաղորդաշարի տեսքով) մեր մշակույթի, քաղաքական ու հասարակական գործիչների ավագ եւ երիտասարդ սերունդների միջեւ: Սա կարեւոր է հատկապես պարզելու համար,թե որքանով է նոր սերունդը մեր մեծերի թողած ավանդի (օտար երկրում լեզվի, հավատի ու ավանդույթների պահպանության հարցում) արժանի կրողն ու այն ապագա սերունդներին փոխանցողը: Երկխոսությունն ավելի լայն շրջանակներ  ստացավ Հայաստանից ստացած տեսանյութերից մեկը դիտելուց հետո, որը պատմում էր Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղի մասին: Երիտասարդ գյուղապետ Նարեկ Սահակյանը (միասին ԵՊՀ-ում ենք ուսանել) պատմում էր, որ գյուղն այլեւս ունի խմելու  ջուր, սակայն այլ հոգսեր եւս ունեն, պարզապես նյութական օգնություն է պետք: Շատ հուզիչ էր ինձ համար այդ սյուժեի պատմությունը: Չէ որ մենք ապրում ենք դրսում` «ապահով», եւ նրանք, ովքեր  կարող էին հեռանալ,այսօր հաղթահարում են բազում դժվարություններ,բայց չեն հեռանում իրենց ծննդավայրից`գյուղից:  Պետք էր օգնել, դա ես հաստատ գիտեի: Դիմեցի Նարեկին` խնդրանքով, որպեսզի երկու սահմանամերձ  գյուղի բարեկարգման ծրագրեր ներկայացնի: Շուտով  Բարեկամավան եւ Բաղանիս գյուղերի նամակ-ծրագրերը ստացա: Հայրենասեր ընկերներիցս Թովմաս Ոսկանյանի հետ  բարեգործական համերգի ծրագիր գրեցինք եւ սկսեցինք գործել: Դիմեցինք մեր ընկերներին, որոնք ուրախությամբ համաձայնեցին դառնալ մեր հայրենանվեր գաղափարի աջակիցները:

- Փաստորեն, երկխոսությունը դարձավ ոչ միայն սերունդների, այլեւ հայաստանյան ու ռուսաստանյան հայությա՞ն միջեւ:

- Այո, «Նոր սերունդի» երկխոսության գաղափարը տեղափոխվեց մեկ այլ հարթություն` երկխոսություն ՌԴ-ում  եւ Հայաստանում ապրող  հայ երիտասարդների միջեւ: Պետք է  տեղեկացված լինել  հայրենիքում տիրող խնդիրներին ու պատրաստակամ`  այստեղ կազմակերպվող մշակութային-բարեգործական միջոցառումների օգնությամբ  դրանք ժամանակին կանխելու եւ այնտեղ ապրող մեր հարազատներին սատարելու  գործում:

- Անդրադառնանք նաեւ «Նոր սերունդ» փրոդաքշնի նախաձեռնած համերգային ծրագրին…

- Բարեգործական համերգին կմասնակցեն հայկական եւ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ,պարային եւ երաժշտական համույթներ ու լայն  հասարակությանը դեռ անհայտ շատ տաղանդավոր երիտասարդ  հայ երաժիշտներ: Իրենց մասնակցությունն են ունենալու նաեւ ՌԴ վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանն ու ՌԴ եւ Բուլղարիայի ժող. արտիստ Բեդրոս Կիրկորովն, ով ցանկություն հայտնեց հանդես գալ «Մարտիկի  երգը» կատարմամբ: Համերգին իրենց աջակցությունն են բերել  ՌԴ-ում ԱՀ-ի մշտական ներկայացուցչությունը, ՌԴ-ում ԵԿՄ եւ  մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ:

- Արդեն հայտնի՞ է, թե համերգից ստացած հասույթը կոնկրետ ինչ խնդիր կլուծի հայաստանյան սահմամերձ գյուղերում:

- Համերգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս եւ Բարեկամավան գյուղերին՝ բարեկարգման աշխատանքներ իրագործելու համար.Բաղանիսում՝ ցերեկային լույսերի տեղադրում-անցկացում, իսկ  Բարեկամավանում` ճանապարհահատվածի գրունտապատում:

-Հայրենիքը հաստատ չի մոռանա, իսկապես, կարեւոր է, երբ նոր սերունդը գիտակցում է հայոց սահմանների ամրության կարեւորությունը` լինի Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

- Հայրենիքը սկսվում է  սահմանից , մեր սրտերի  հայրենիքն անսահման է: Ապրելով Հայաստանից դուրս` մենք` «Նոր սերունդը», ջանք չենք խնայելու օգտակար լինելու մեր սիրելի հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ