ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՀՃԻ ԸՆԴԵՐՔՈՒՄ ՓՈԹՈՐԻԿ Է ԵՓՎՈՒՄ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՀՃԻ ԸՆԴԵՐՔՈՒՄ ՓՈԹՈՐԻԿ Է ԵՓՎՈՒՄ
Հայաստանի լրատվական դաշտում ներքաղաքական լրահոս գործնականում չկա: Դաշտը լցված է բամբասանքներով եւ արտերկրյա սենսացիաներով, քանզի բացառությամբ երկրի նախագահի եւ արտգործնախարարության, գործնականում ոչ ոք ոչինչ ոչ ասում է, ոչ էլ անում: Ճիշտ է, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հանդարտորեն կատարում է իր պլանային աշխատանքները, սակայն դա հանրությանը բավականին քիչ հուզող թեմա է, եւ ընկալվում է չինական այբուբենի պես մի բան: Սակայն քաղաքական ճահճի ընդերքում նոր գործընթացներ են հասունանում: ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ "ՊԱՐՏԱԴՐՎԱԾ"
ԴԱՇԻՆՔ
Եթե հետեւենք առաջին եւ երկրորդ նախագահներին սպասարկող քարոզչամիջոցների վարքագծին, ապա կնկատենք, որ նրանք զարմանալիորեն համընթաց են գործում: Նույն մարդկանց են վարկաբեկում, նույն թիրախին հարվածում, նույն քարոզչական դրույթները առաջ տանում:
Էլ չասած, որ Արցախի ընտրություններում երկու նախկին նախագահների թիմերի ստվերային գործողությունները նույն ուղղությամբ էին:
Ինչ է դա նշանակում: Դե, "եռյակային" գործունեությունը վաղուց է զրոյացել, սակայն նախկին նախագահների ամբիցիաները ոչ մի տեղ չեն անհետացել: Եվ այդ պատճառով երկու թիմերն էլ ե՛ւ բացահայտ, ե՛ւ միջնորդավորված լծվել են սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարին: Ե՛վ ուղղակիորեն ժխտվում է բարեփոխումների անհրաժեշտությունը, ե՛ւ ձեռի հետ եփվում են ինտրիգներ, որոնց նպատակն է իշխանական համակարգի որոշ ներկայացուցիչների ներքաշել բարեփոխումները տորպեդահարելու ստվերային գործողությունների մեջ:
Բնականաբար, քարոզիչները եւ ծակ պրոֆեսոր վերլուծաբանները հիմնականում աչքի գրող են հռչակում խորհրդարանական համակարգին անցնելը, հիմնականում պատճառաբանելով` իբր պատերազմական վիճակում գտնվող երկրում դա հղի է անընդունելի ռիսկերով: Մինչդեռ այդպիսի համակարգի միակ ռեալ ռիսկը վերաբերում է նախագահական ընտրություններում ամբիցիաներ դրսեւորողներին, քանզի այդ համակարգում երկրի նախագահի պաշտոնը դառնում է զուտ ներկայացուցչական, ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի համար այդ պաշտոնի համար պայքարելը վերածվում է անիմաստ զբաղմունքի:
Բայց, բոլոր դեպքերում, երկու նախկին նախագահների թիմերը չեն կարող չնախապատրաստվել 2017-ի ԱԺ ընտրություններին: Ու քանի որ ԼՏՊ-ի թիմը ջախջախված է, իսկ Քոչարյանի դիրքերը էապես թուլացել են, ուզած թե չուզած, նրանք չհայտարարված դաշինքի մեջ են մտնում: Արդյո՞ք այդ ոչ ֆորմալ դաշինքը հենց միասին էլ կմասնակցի ընտրություններին, թե ինչ-որ փուլում կտարանջատվի, այժմ դժվար է ասել: Բայց միանշանակ է այն, որ այդ երկու թիմերը շարունակելու են հետեւողականորեն պղտորել եւ գաղջացնել տեղեկատվական դաշտը` ձգտելով ինչքան հնարավոր է խտացնել հանրային դժգոհությունը:
Ի դեպ, հանրային հուզումներ հարուցելու հարցում նրանք արդեն փրփուրներից են կախվում` ի դեմս "Հիմնադիր խորհրդարանի", փորձելով այդ ծայրահեղականներին ներկայացնել որպես մի ուժ, որին ժողովուրդը կարող է եւ հավատալ:
ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Ակնհայտորեն ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը պատրաստվում են շատ ակտիվ գործունեության, ուղղակի գործելակերպերն են տարբեր: Եթե ՕԵԿ-ը ձգտում է հրապարակավ շատ երեւալ, ապա Դաշնակները դեռեւս իրենց ավանդական կիսագաղտնապահության շրջանակում են գործում, բայց պարզ է, որ ցանկացած պահի մտնելու են ակտիվ հրապարակային խաղի մեջ: Նրանց թիրախները երկուսն են` մի կողմից հետեւողականորեն պաշտպանել սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական մոդելը (դա միշտ էլ եղել է իրենց իդեա-ֆիքսը), մյուս կողմից փորձել լրացուցիչ լծակներ ձեռք բերել ՏԻՄ ընտրությունների միջոցով:
Եվ, իհարկե, օբյեկտիվորեն օրակարգում "օդում կախված" է ՀՅԴ-ի` իշխանական կոալիցիա վերադառնալու հարցը: Բայց ավանդական կուսակցություններից ոչ միայն ՀՅԴ-ն է ասպարեզում: ՍԴՀԿ-ն ձգտում է ակտիվանալ եւ նույնիսկ ձախ ուժերի դաշինք ստեղծել, Ռամկավարները կորած են, բայց իրենց իրավանախորդի անունը վերցրած Արմենականները սպասում են հրահանգի` ամենաակտիվ ձեւով ասպարեզ մուտք գործելու համար: Եվ, իհարկե, կոմունիստները փնտրտուքների մեջ են, որպեսզի 2017-ին փորձ անեն վերադառնալ խորհրդարան:
Լրիվ քայքայման դատապարտվածների մեջ "Ժառանգությունն" ու ՀԱԿ-ն են, եւ ընդհանրապես այժմ լուսանցքում գտնվող բազմաթիվ կուսակցություններ փնտրտուքի մեջ են, թե ով ում հետ բլոկավորվի: Այնպես որ, սպասենք նոր միավորումների գոյացմանը, ու արդեն աշնանը, թերեւս, ոչ ֆորմալ ձեւով կմեկնարկի բավականին աղմկարար եւ ագրեսիվ ընտրարշավը:
Պարզ է, որ պատգամավորական տեղերի համար պայքարն ավելի թեժ է լինելու, քան նախորդ ընտրություններին, քանզի խորհրդարանական մոդելում հենց ԱԺ-ի քվեարկություններն են որոշիչ լինելու գործնականում բոլոր առանցքային հարցերում: Գործնականում ԱԺ մեծամասնությունը որոշելու է ամեն ինչ, հետեւաբար ով ինչքան ավելի շատ մանդատներ ունենա, այնքան ավելի շատ կլինի նրա ռեալ կշիռը: Արդեն հիմիկվանից զգացվում է այդ շունչը, որ պատգամավորական մանդատի քաշն աճելու է, ու թերեւս նաեւ ընդերքում հասունացող այդ գործընթացի դրսեւորումներից մեկն էլ արցախցիների աննախադեպ ակտիվությունն էր ԼՂՀ ԱԺ ընտրություններում:
Այնպես որ, սպասենք նոր սկանդալների, նոր կեղտոտ տեխնոլոգիաների, նոր շիկացման ու կռվի: Ճիշտ է, օրակարգում չի հնչելու հեղափոխական որեւէ կոչ, բայց դրանից պայքարի թեժությունը չի պակասելու: Ու այս կամ այն ձեւով բացահայտ արտահայտվելու են նաեւ իշխանության ներսի այս կամ այն խմբավորման ստվերում պահվող կորպորատիվ շահերը:
Ու թեեւ այժմ քաղաքական ճահիճ է եւ քաղաքական անհողմություն, սակայն ճահճի ընդերքում եփվում են նոր կռիվներ եւ փոթորիկներ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
