ԱՆՁՐԵՎՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Արխիվ 12-16Մայիս ամիսը, ակնհայտորեն, սովորականից ավելի անձրեւոտ է ու ցուրտ: Իսկ նման եղանակը, անշուշտ, չի կարող լուրջ ազդեցություն չունենալ կյանքի տարբեր բնագավառների վրաª գյուղատնտեսությունից սկսած, մարդկանց առողջական խնդիրներով վերջացրած:
Թե ինչ օգուտներ կամ վնասներ բերեց այս եղանակը գյուղատնտեսությանը, փորձեցինք պարզել ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարությունն իրավիճակը տեսնում է այս կերպ.
- Հանրապետությունում դիտվող խոնավ եւ տաք եղանակային պայմանները միանգամայն նպաստավոր են մի շարք հիվանդությունների ու վնասատուների զարգացման համար: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս պսակաթերթիկների թափվելուց հետո բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների եւ հիվանդությունների դեմ (ծակոտկեն բծավորություն, մոնիալ այրվածք, պտղային փտում, շերտավոր պտղացեց, կազարկա)` համատեղելով միջատասպան եւ սնկասպան պատրաստուկներ:
Թեեւ Գյուղնախարարությունում անհանգստություն կար, բայց ահա Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ գտնում է, որ անընդհատ տեղացող անձրեւները միայն լավ առումով են ազդել գյուղատնտեսության վրա, որովհետեւ.
- Խոնավությունը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ թե՛ ծառերի, թե՛ բանջարաբոստանային կուլտուրաների վրա:
- Այդ դեպքում` ինչո՞ւ է Գյուղատնտեսության նախարարությունը մտավախություն հայտնում, որ անձրեւները կարող են նպաստավոր պայմաններ ստեղծել վնասատուների զարգացման համար:
- Գիտեք, ես չեմ կիսի այդ մտավախությունը, քանի որ անձրեւները այդքան շատ չեն, որպեսզի նպաստեն ինչ-ինչ հիվանդությունների: Մենք ունեցել ենք ավելի խոնավ մայիսներ, եւ այս մայիսն առանձնապես չի առանձնանում իր արտակարգ խոնավությամբ:
- Կարծես թե, վերջին երկու-երեք օրերին անձրեւները դադարել են, արեւոտ եղանակները կշարունակվե՞ն, թե՞...
- Պետք է տխրեցնեմ Ձեզ, քանի որ առաջիկա օրերին` այսօրվանից սկսած` երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ: Այսօր երեկոյան ժամերին անձրեւ կտեղա միայն լեռնային շրջաններում, իսկ մայիսի 21-ից մինչեւ 24-ըª հանապետության բոլոր վայրերում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
