ԳՈՐԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է. «ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵԻՆ»
Արխիվ 12-16ԳՈՐԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է.«ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵԻՆ»
Երեկ ԱԺ-ում` հայտարարությունների ժամին, Գորիսի 37 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին: Սյունեցի պատգամավորը ջանք ու եռանդ չէր խնայում պաշտպանելու Սուրեն Խաչատրյանին: Բանը հասավ այնտեղ, որ պատգամավորը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Զարուհի Փոստանջյանին` նրան համարելով հոգեկան ու մտավոր խնդիրներ ունեցող մեկը: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց պատգամավորի հետ:
- Պրն Գրիգորյան, մայիսի 18-ին լրատվականներից մեկի հետ զրույցում հայտարարել էիք, որ Ձեր նպատակն է պաշտպանել բոլոր այն սյունեցիներին, որոնց հասցեին հնչում են զրպարտանք ու մեղադրանք: Ինչո՞ւ տարիներ առաջ այնպիսի ջատագովությամբ չէիք պաշտպանում նաեւ Բուդաղյաններին, որոնք եւս սյունեցիներ են:
- Այդ ժամանակ ամբողջ լրատվական ու ընդդիմադիր դաշտը թափված էր իշխանության ներկայացուցչի գլխին: Այդ պահին Բուդաղյաններին պաշտպանելու կարիք ընդհանրապես չկար, քանի որ հանրությունը` ընդդիմադիր հատվածը, կանգնած էր նրանց կողքին: Կողմնակից եմ, որ եթե հետաքննություն է գնում, դա արվի ոչ կողմնակալության դաշտում: Օրինակ, եթե դու լրագրող ես, պարտավոր ես ներկայացնել այն, ինչ կատարվում է, ոչ թե մուրճով զարկես իշխանության ներկայացուցչի գլխին:
- Ասացիք, որ հանրության ընդդիմադիր հատվածը պաշտպանում էր Բուդաղյանների ընտանիքին: Դուք որպես պատգամավոր կարող էիք ձեր հերթին ու Ձեր անունից պաշտպանել նրանց:
- Ես այդ ժամանակ լրիվ չեզոք դիրք էի բռնել եւ ասել էի, որ մինչ հետաքննության արդյունքները չլինեն... Այն ժամանակ հանրությունը երկու խմբի էր բաժանված: Մի մասը գտնում էր, որ տեղի է ունեցել զինված հարձակում, մի մասը պնդում էր հակառակը: Այն ժամանակ ես ասել էի, որ որպես քաղաքական գործիչ` չեմ ցանկանում նախաքննությանը ինչ-որ ուղղությամբ տանել: Սպասելու եմ նախաքննության ավարտին, հետո հայտնեմ իմ կարծիքը: Գործն ավարտվեց եւ իմ կարծիքը ես հայտնեցի:
- Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ գործը հիմա էլ է նախաքննության փուլում, բայց Դուք հիմա կողմ եք…
- Ես կողմ չեմ, ընդամենը ասում եմ`մի դրեք ձեզ դատավորի տեղ (նկատի ունի հատկապես Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունները Սուրեն Խաչատրյանի մասին-խմբ.):
- Բայց յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի հայտնել իր կարծիքը:
- Այո, ունի, բայց եթե այդ կարծիքն արտահայտելու իրավունքն արդեն անցնում է չափերը վիրավորանքի մակարդակով: Ընդհանրապես ոչ մի մարդ իրավունք չունի ոչ մեկին վիրավորել: Թող քննադատի, բայց հանցագործ, մարդասպան, թմրամոլ, էսինչ, էնինչ, դու քեզ ընդհանրապես ինչ ես ներկայացնում…
- Պրն Գրիգորյան, նմանատիպ որակումներ Սուրեն Խաչատրյանի մասին հնչում էին նաեւ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, սակայն այն ժամանակ Դուք չէիք պաշտպանում Սյունիքի մարզպետին:
- Ես այն ժամանակ կոռեկտության կոչ եմ արել, բայց դա չեմ արել ԱԺ-ի ամբիոնից, այլ լրատվամիջոցներով:
- Եթե գաղտնիք չէ, որտեղի՞ց Ձեզ տեղեկատվություն այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի որդին չի հարվածել Հարութ Զաքարյանին:
- Դա արդեն Ձեր գործը չի: Կներեք, որ էդպես ասում: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր անձնականը չհանրայնացնելու:
- Կներեք, որ ես էլ հակադարձում եմ` միգուցե նախաքննական մարմնի՞ց եք ստացել Ձեր տեղեկատվությունը:
- Իհարկե, ոչ:
- Բայց ՀՀ համապատասխան օրենքի համաձայն` եթե քրեական գործին առնչվող տեղեկատվություն ունի որեւէ մեկը, պետք է հայտնի իրավապահներին:
- Լսեք, ես այդ գործում մասնակցություն չունեմ եւ դեպքի օրը Գորիսում չեմ եղել: Իրավապահները կատարում են իրենց օբյեկտիվ գործը: Այդ գործում ներգրավված բոլոր մարդկանց իրավապահները կանչել են հարցաքննության, թե ոչ, տեղյակ չեմ: Բացի այդ` իրավապահներին հետաքրքրում է առաջին ձեռքին տեղեկատվությունը, իսկ իմ տեղեկատվությունը միգուցե հինգերորդ ձեռքից է:
- Եթե իրավապահները պարզեն` Տիգրան խաչատրյանն է հարվածել Հարութ Զաքարյանին, դուք հակադարձ ելույթ կունենա՞ք, ներողություն կխնդրե՞ք երեկ ԱԺ-ում Ձեր կոշտ ելույթի համար:
- Իսկ իմ ելույթի ի՞նչն էր կոշտ:
- Դուք Զարուհի Փոստանջյանին անվանեցիք, ըստ էության, հոգեկան ու մտավոր խնդիրներ ունեցող:
- Ընդհակառակը, ես այդ մարդուն ձեռք մեկնեցի, որն անիմաստ թյուրիմացություններ է տարածում հասարակության մեջ: Ես մարդուն կարեկցում եմ:
- Իսկ եթե իրավապահները պարզեն, որ Տիգրան Խաչատրյանն է հարվածել Հարութ Զաքարյանին, Ձեր դիրքորոշման մեջ փոփոխություն կլինի՞:
- Ես ընդամենը կարող եմ ասել, որ իմ ունեցած տեղեկատվությունը սխալ էր (նկատի ունի այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Տիգրան Խաչատրյանը չի հարվածել Հարութ Զաքարյանին-խմբ.):
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
