«ՉԻ ԳՏՆՎԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԻ ԵԶԴԻ ԸՆՏԱՆԻՔ, ՈՐ ՏԵՍԱԾ ՉԼԻՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16«ՉԻ ԳՏՆՎԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԻ ԵԶԴԻ ԸՆՏԱՆԻՔ, ՈՐ ՏԵՍԱԾ ՉԼԻՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
Օրերս լույս է տեսել «Геноциды Езидского народа или Кошмар Шангала» ռուսալեզու գիրքը, որտեղ ներառված է 40-50 ականատեսների վկայություններ վերջին շրջանում Հյուսիսային Իրաքի Շանգալի մարզում Իսլամական Պետություն Ահաբեկչական Խմբավորման գրոհայինների կողմից եզդիների դեմ իրականացվող ոճրագործության մասին, ինչպես նաեւ որոշակի անդրադարձ է կատարվել տարբեր ժամանակներում եզդիների դեմ իրականացված ջարդերի վերաբերյալ: «Իրավունքի» հետ զրույցում գրքի հեղինակը` Միդիա-Շանգալ Եզդիների Ազգային Միավորում ՀԿ նախագահի օգնական ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԸ այս մասին նշեց. «Գիրքն արդեն իսկ լայն տարածում է գտել ոչ միայն եզդիների, այլ նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում: Քանի որ գրքի պահանջարկը սպասվածից շատ էր, այդ իսկ պատճառով գրքի ռուսերեն տարբերակը նորից կհանվի տպագրության: ԱՄՆ-ում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչ Թոռնիկ Ավդոյանի անմիջական հովանավորությամբ գիրքը տպագրվելու է եւս 200 օրինակով»: Ապա հավելեց. «Շնորհակալ եմ բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր իսկապես շահագրգռված են գիրքը ձեռք բերելու` այդպիսով իրենց որոշակի լուման փոխանցելով Շանգալի եզդի փախստականներին»:
Ստորեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Եզդի Ժողովրդի Ցեղասպանությունները կամ Շանգալի Մղձավանջը» ռուսալեզու գրքից հայերեն թարգմանված մի հատված.
«Խոսքը ցեղասպանության մասին է, ուստի` չպետք է անտարբեր անցնել. չէ՞ որ տարիներ հետո ապագայի սերունդները, եթե մանրամասնորեն տեղեկացված չլինեն այս դեպքերին, իրենց դժգոհությունը կարտահայտեն մեր հանդեպ, ինչպես մենք ենք այժմ դա անում, քանի որ, չնայած տարբեր ժամանակներում ցեղասպանություններ տեսած ժողովուրդ ենք, բայց վկայությունները չափազանց աղքատիկ են: Սակայն, չպետք է այսքանով սահմանափակվել. քանի - քանի ընտանիքներ կան, որոնք շատ կցանկանային, որ անցյալում իրենց հարազատների ձեռքով գրված վկայությունները տեղ գտնեին որեւէ աշխատությունում: Իսկ աշխատություններ կարելի է համոզված ասել, որ եղել են, ինչպես համոզված կարելի է պնդել, որ չի գտնվի այնպիսի մի եզդի ընտանիք, որ տեսած չլինի ցեղասպանություն եւ դրա հետեւանքով ընտանիքի գոնե մեկ անդամի կորցրած չլինի: Իսկ նյութական կորուստները այս պարագայում ընդհանրապես նկատի չեն առնվում, քանի որ խոսքը մարդկային կյանքերի մասին է: Ահա թե ինչու եմ այժմ ողբերգություն ապրում` թերթելով պատմության էջերը, որտեղ եզդի ազգի ճակատագիրը պատմության տարբեր ժամանակաշրջաններում միմիայն սեւ գույներով է պատկերված…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
