ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶԱՊԱՏՈՒՄ
Արխիվ 12-16- ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ, ԴԱՏԻ ԿՏԱՄ, ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՉԷ,
ԻՆՉ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶԱՊԱՏՈՒՄ
"Իրավունքը" մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ` դատախազության 2014 թ.-ի հաշվետվության, Ավետիսյանների գործի ու Գորիսի միջադեպի մասին:
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ԻՆՉ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ "ԱՆՀԵՏԱՑԵԼ" ԳՈՐԻՍԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԳՈՐԾԻՑ
–Պրն Կոստանյան, դատելով դատախազության նախորդ տարվա հաշվետվությունից, հաշվետվությունում ներկայացված թվերից ու հիմնավորումներից` կարո՞ղ ենք ասել, որն Դուք դժգոհ եք իրավապահների` հատկապես ոստիկանության աշխատանքից, քանի որ թերացումների մասին էիք խոսել:
– Թերացումներ կան բոլոր համակարգերում: Իմ հաշտվետվության մեջ ներկայացվածը հիմնավորում է, որ բոլոր ոլորտներում` այդ թվում օպերատիվ հետախուզական ու քննչական մարմիններում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված եւ գործնական կոնցեպտուալ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա:
– ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպե՞լ եք, փորձե՞լ եք միասին շտկել թերացումները:
– Միասին հիմա էլ շտկում ենք: Ամեն օր իրականացվում են ոստիկանության ու քննչական կորպուսի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
– Արդյո՞ք ժամանակն ի վնաս մեզ չի աշխատում այն առումով, որ ձգձգվում է ՌԴ դատախազի պատասխանը Ձեր նամակին: Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները, փաստաբանները եւս ունեն այդ մտահոգությունը:
– Ժամանակի սղություն հարցում չկա, մտահոգվելու կարիք չունենք:
– Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը վերջերս հայտարարել էր, որ Գորիսի միջադեպից պակասում են կարեւոր փաստաթղթեր, սակայն թե՛ ՊՆ քննչական ծառայությունը, թե՛ ԱԱԾ-ն անպատասխան են թողել այս հայտարարությունը: Որպես գլխավոր դատախազ` Ալումյանի այս հայտարարությանն ընթացք կտա՞ք:
– Ալումյանն այդ հարցը բարձրացրել էր դատարանում գործի քննության ընթացքում, եւ դրան տրվել է սպառիչ պատասխան: Քննիչը հրավիրվել է դատարան եւ ցուցմունք տվել այդ կապակցությամբ, ասել է` ինչով են պայմանավորված փաստաթղթային այդ տարբերությունները: Քննիչի կողմից կազմվել է արձանագրություն` վերծանումների էջակալման հետ կապված: Արձանագրության մեջ 16-ի փոխարեն 26 էր գրել: Ստացվում է, որ վերծանումները ոչ թե 16, այլ 26 էջ են: Դատարանում տված ցուցմունքի արդյունքում պարզվեց, որ վերծանումն ու լազերային սկավառակը, որի վրա ձայնագրված է այդ խոսակցությունը, կցված են քրեական գործին: Հետեւաբար, նման խնդիր չկա (նկատի ունի կարեւոր փաստաթղթերի պակասը-խմբ.):
"ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ"
ՀԱԿ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հարց ուղղեց` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից, որի ժամանակ սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Գեւորգ Կոստանյանի պատասխանը, սակայն, չբավարարեց Նիկոլ Փաշինյանին, ով զայրացած` Կոստանյանի պատասխանը համարեց ԽՍՀՄ հայտնի էքստրասենս Կաշպիրովսկու ժեստերով ու իրավաբանական բառակույտով պատասխան, քանի որ այդպես էլ պարզ չէ` արդյո՞ք գաղտնալսել են Սյունիքի մարզպետի հեռախոսները: Գեւորգ Կոստանյանը պահանջեց հարգանքով խոսել իրավաբանության մասին: "Ես եւս կարող եմ ձեր էմոցիոնալ հարցադրումներին ադեկվատ պատասխանել, բայց հարգում եմ ձեր կարծիքը, եթե անգամ այն ինձ համար ընդունելի չէ",- ասաց գլխավոր դատախազը:
Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի հեռախոսները գաղտնալսելուն, դատարանում այդ հարցն անգամ չի էլ քննարկվել:
Ի՞ՆՉ Է ՊԱՏՄԵԼ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ`
ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՄՈՏ ՏԵՂԻ
ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ
"Ժառանգություն" խմբակցության պատգմավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ խորհրդարանում հարց ուղղեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որի ժամանակ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը վիրավորվեց: Զարուհի Փոստանջյանը վստահ է` Գեւորգ Կոստանյանը, ով այդ ժամանակ ՀՀ զինդատախազ էր, ուղղորդել է գործը:
Գեւորգ Կոստանյանը գրեթե նույն պատասխանը տվեց տիկին Փոստանջյանին` խորհուրդ տալով մասնագիտական գործունեություն իրականացնել, կարդալ գործին առնչվող բոլոր փաստերը, որոշումները, ապա նա իր դիրքորոշումը կփոխի: "Դեպքի հաջորդ օրը` ես անմիջապես մեկնել եմ Գորիս, ավելին` ես գնացել եմ նաեւ հոսպիտալ, որտեղ գտնվել է վիրավոր Արտակ Բուդաղյանը, խոսել նրա հետ: Վերջինս պատմել է` ինչ է տեղի ունեցել դեպքի օրը` հունիսի 1-ին, ով է եղել դեպքի վայրում` ինչքան ինքը հիշում է":
Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի ձերբակալմանը, որը, ըստ պատգամավորի, եղել է հանրային ճնշմամբ, ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ երբեւէ ինքը ոչ մի որոշում չի կայացրել հանրային ճնշման ներքո եւ չի էլ անի:
Փաստորեն, Գեւորգ Կոստանյանի համար միեւնույնն է, թե հանրությունն այս կամ այն հարցի վերաբերյալ ինչ կարծիք կամ պահանջ ունի: Կարեւորը նրա համար, հավանաբար, միայն իրավաբանական բառակույտերով հագեցած անհասկանալի ու երբեմն էլ կասկածելի հիմնավորումներն են:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ
ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԱՆՈՐՈՇ
Ազգային ժողովում տեղի ունեցող գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ հարցուպատասխանի շրջանակներում, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարց բարձրացրեց այն մասին, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնի ժամանակ ոտնահարվել են հայ երեխաների իրավունքները: Մասնավորապես, "Մոսկվա" կինոթատրոնում ցուցադրվել են ֆիլմեր, որոնք քարոզում էին համասեռամոլություն եւ պարունակում էին բաց սեռական տեսարաններ: Սակայն ֆիլմերի ազդագրերում նշված չէր զգուշացում` 16+: Հ. Բաբուխանյանը նշեց, որ այդ մասին բազմաթիվ քաղաքացիներից ստացել է բողոք, իսկ մամուլում եղել են մի շարք հրապարակումներ:
Սակայն մինչ կոնկրետ հարցին անցնելը, Հ. Բաբուխանյանը նշեց, որ իր հարցումը գլխավոր դատախազին 4 անգամ վերահասցեագրվել է տարբեր ատյաններ, եւ նա պատասխանը ստացել է ոչ դատախազական համակարգից, այլ Կենտրոն վարչական շրջանի ոստիկանապետից: Պատգամավորը փաստեց, որ, ըստ էության, դա օրենքի խախտում է, քանի որ պատգամավորը իրավունք ունի ոչ միայն հարց տալ եւ պատասխան ստանալ ցանկացած պաշտոնյայից, այլեւ մասնակցել իր բարձրացրած հարցի քննարկմանը, ինչը տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է ի վերջո ստացված պատասխանին, ապա այնտեղ նշվում է, թե "Ֆեյսբուք" սոցիալական ցանցում եւ Բրիտանական խորհրդի կայքէջում նախազգուշացում է եղել, որ ֆիլմերը 12 տարեկանից բարձր դիտողների համար են: Հ. Բաբուխանյանն իր անհամաձայնությունը հայտնեց նման դիրքորոշմանը, քանի որ 12 տարեկանները նույնպես անչափահասներ են, իսկ կինոթատրոն գնացողները պարտավոր չեն ուսումնասիրել սոցցանցերում եղած գրառումները կամ Բրիտանական խորհրդի կայքէջը: Նման նախազգուշացումը պետք է լինի կինոթատրոնների ֆիլմերի ազդագրերում:
Իր պատասխանում Գ. Կոստանյանը, իր սովորության համաձայն, որեւէ կոնկրետ բան չասաց, այլ ընդհանուր խոսքեր` պատգամավորների հետ համագործակցելու մասին եւ այս դեպքին որեւէ կապ չունեցող ստանդարտ մեկնաբանություններ, թե պատգամավորներին չի տրամադրելու քննության գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա: Իսկ այն փաստը, որ պատասխանը եկել է ոստիկանությունից, մեկնաբանեց, թե դեպքի առնչությամբ հնարավոր էր հարուցել քրեական գործ, եւ դա պետք է ուսումնասիրեր ոստիկանությունը: Նա նշեց նաեւ, որ պարտադիր չէ պատգամավորական հարցմանը պատասխանի անձամբ գլխավոր դատախազը, եւ դատախազության ցանկացած աշխատակից արտահայտում է ամբողջ դատախազության տեսակետը:
Մի խոսքով, եթե Ձեզ, հարգելի ընթերցող, դատախազության որեւէ աշխատակից որեւէ բան ասի, իմացեք, որ դա նաեւ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի պաշտոնական տեսակետն է: Այդ դեպքում պարզ չէ, թերեւս ինչ անել այն դատախազների տեսակետների հետ, որոնք հակաօրինական հայտարարաություններ կամ գործողություններ են կատարել: Արդյո՞ք դրանք նույնպես կատարվել են Գ. Կոստանյանի անունից:
ՀԷՑ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ. "ԵՍ ՎՊ-ԻՑ
ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ"
ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հարց ուղղեց` ՀԷՑ-ում կատարված թալանի ու գողության մասին, որի վերաբերյալ խոսել էր էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Մինչ հարցը հնչեցնելը, Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց Գեւորգ Կոստանյանին, որ ԱԺ-ն քաղաքական ամբիոն է, որտեղից նրան կարող են ուղղվել քաղաքական հարցեր: Դատախազն ասաց, որ ինքը չի պատասխանել եւ չի պատասխանելու քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերին: Գեւորգ Կոստանյանի խոսքով` "քրեական գործ հարուցելու համար պետք է հաղորդում տրվի դատախազություն: Եթե բարձրացրած փաստի առթիվ կա որեւէ հաղորդում` թեկուզ ԶԼՄ-ով, ապա կասեմ, որ դա ընդունեն ի գիտություն":
Տիգրան Ուրիխանյանն արձագանքելով Կոստանյանի պատասխանին` հետաքրքրվեց` արդյո՞ք ՎՊ-ի հայտարարությունը հիմք չէ` քրեական գործ հարուցելու համար: "ՎՊ-ից ես փաստաթուղթ չեմ ստացել",- արդարացավ դատախազը:
"Ե՛Ս, Ե՛Ս, Ե՛Ս..."
Ազգային ժողովում հարցերին պատասխանելիս` ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ցույց տվեց, որ մի կողմից տիրապետում է դեմագոգիայի բարձրագույն վարպետությանը, մյուս կողմից համեստությամբ չի տառապում: Իր ելույթներում ամենաշատ օգտագործվող բառը ԵՍ-ն էր: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի մեջբերումներ դատախազի ելույթից.
– Ես երբեք որեւէ հարցից չեմ խուսափում:
– Ես պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր բառի համար:
– Ես չեմ պատրաստվում անուններ հրապարակել:
– Ես վաղուց եմ գիտությունների թեկնածու:
– Ես կարող եմ իրավաբանական այնպիսի տերմիններով խոսել, որ դուք մի քանի օր ման գաք` չգտնեք:
– Ես` որպես դատախազություն:
– Երբ դիրքորոշումը հիմնավորված է, ես այն հարգանքով եմ ընդունում:
– Ես եւս կարող եմ էմոցիոնալ հարցադրումներին ադեկվատ պատասխանել:
– Ես իմ ելույթում ասացի:
– Ես հեռու եմ այն մտքից, եւ ինձ թույլ չեմ տա ասել, որ ամեն ինչ լավ է:
– Ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում:
– Ես բոլոր ջանքերը գործադրել եմ` արդարություն հաստատելու համար:
– Ընդհանուր արդարության մասին ես հիմա չեմ պատրաստվում խոսել:
– Լսումներ եք անում, լավ եք անում, դա իմ հետ կապ չունի:
– Ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել ՄԻՊ-ի կետ-կետ ներկայացվածը:
– Ես շատ ուրախ կլինեմ` նստենք այդ դեպքերը հատ-հատ քննարկենք:
– Ես չեմ համարում, որ ՄԻՊ-ի ասածը բացարձակ ճշմարտություն է:
– Ես շատ լավ եմ պատկերացնում պառլամենտական աշխատանքը:
– Ես ինքս պառլամենտարիզմի վերաբերյալ գիտական թեզ եմ պաշտպանել:
– Ես ինձ չեմ կարող թույլ տալ նման շռայլություն:
– Ես երբեք հանրային ճնշման արդյունքում ոչ մի բան չեմ արել, չեմ անի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
