ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ` ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ` ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Արխիվ 12-16Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են, ինչի մասին վկայում է կես տարվա ընթացքում Հայաստանի վարչապետի երկրորդ այցելությունը Վրաստան: Անցյալ տարվա դեկտեմբերին Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Թբիլիսի:
Այս անգամ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել Բաթում քաղաքում: Առանձնազրույցի ընթացքում նրանք քննարկել են հայ-վրացական հարաբերություններին, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները շրջել են Բաթումի զբոսայգում` ոչ պաշտոնական մթնոլորտում շարունակելով զրույցը:
Այն, որ երկու հարեւան երկրների միջեւ քիչ չեն համատեղ ծրագրերն ու փոխադարձ շահավետություն ներկայացնող հարցերը, գաղտնիք չէ:
Նկատի ունենալով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին եւ Վրաստանի ասոցացումը ԵՄ հետ, իրատեսական է երկու երկրների ակտիվ համագործակցությունը այս երկու խոշոր միություններում փոխշահավետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Տարածաշրջանային համագործակցության համար լավ հնարավորություններ կարող է առաջացնել Հայաստանում Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը:
Հայտնի է, որ մեր մյուս հարեւան Իրանը շահագրգռված է այս նախագծի իրականացմամբ, որը հնարավորություն կտա նրան ավելի կարճ ճանապարհով դուրս գալ դեպի Սեւ ծով եւ եվրոպական շուկա: Այս դեպքում Հայաստանն ու Վրաստանը նաեւ տարանցիկ ճանապարհ կդառնան մերձավորարեւելյան ու ԱՊՀ երկրների միջեւ:
Հայաստանից դեպի մեր ապրանքների հիմնական շուկա` Ռուսաստան տանող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վրաստանով, ուստի կարեւորվում են Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման եւ նոր` "Բարեկամություն" կամրջի շինարարական աշխատանքների իրականացումը, Վերին Լարսի սահմանային անցակետի անխափան գործունեությունը:
Բնական է, որ իր վրացի պաշտոնակցի հետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման ժամանակ այս հարցերը պետք է լինեն օրակարգում: "Բարեկամություն" կամրջի շինարարությունն ակնկալվում է ավարտին հասցնել այս տարի: Նախորդ հանդիպման ժամանակ կարեւորվել էին Էներգետիկ ոլորտում Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը, Երեւան-Թբիլիսի եւ Երեւան-Բաթում կանոնավոր չվերթերի գործարկումը: Ինչ վերաբերում է երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալներին, ապա այն կազմում է մոտ 156 մլն դոլար (2014 թ.):
Հայաստանից դեպի Վրաստան արտահանումը կազմել է մոտ 84 մլն դոլար, ներմուծումը` մոտ 72 մլն դոլար: Արտահանում ենք լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական եւ թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք, սննդարդյունաբերական արտադրանք: Վրաստանից ներմուծման մեջ զգալի ծավալ են կազմում գյուղմթերքներն ու ավտոմեքենաները, ինչպես նաեւ քիմիական, դեղագործական արտադրանքը, հանքային ջրերը:
Ակնհայտ է, որ երկու հարեւան երկրների տնտեսական կապերի խորացման ներուժն ավելին է, քան 156 մլն դոլար առեւտրաշրջանառության ծավալը, եւ այս առումով նույնպես վարչապետների հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վրա:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
