"ԱՅՈ, ՏԻՐԳԱՆԸ ԲՌՆԿՈՒՆ Է, ԿՌՎԱՐԱՐ"
Արխիվ 12-16Անցնող խորհրդարանական քառօրյան բավական թեժ է անցավ: Ու թեեւ լեզվակռվի ու մեկ-մեկ էլª անգամ սպառնալիքների հասնող բանավեճերի հիմնական թեմաներն էին` հոսանքի գները, Գլխավոր դատախազի հաշվետվությունը եւ այլն, բայց ԱԺ նիստերի դահլիճից դուրս գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն ու Զարուհի Փոստանջյանը հաջողացրին "քֆուր-քյաֆարի" հասնող կռվի մեջ մտնել նաեւ "ավանդական" դարձած թեմայիª Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան շուրջ: Թե ի վերջո Ս. Սարոյանն ինչո՞ւ էր այդքան կոպիտ` թեեւ հաճախ շատերին նյարդայնացնող, բայց ամեն դեպքում կնոջª Զարուհու հետ, փորձեցինք գեներալից պարզել այդ վեճից քիչ անց: Բայց պարոն Սարոյանը միայն արձագանքեցª ջղայնացած եմ, հետո կխոսենք: Երկու-երեք օրից, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻՆ հարցեր ուղղել.
-Այն, որ ԱԺ դահլիճում հաճախ են բարձրաձայնվում Սուրիկ Խաչատրյանին եւ նրա որդուն վերագրվող հանցանքների մասին, նորություն չէ: Ընդ որում, ամենեւին էլ միայն Զարուհի Փոստանջյանը չէ, որ խոսում է այդ մասին: Ուրեմն ի՞նչը Ձեզ ստիպեց այս անգամ այդքան բուռն արձագանքել տիկին Փոստանջյանի հայտարարություններին` կապված Խաչատրյանների ընտանիքի հետ:
- Ընդհանրապես քաղաքական գործիչները պետք է ճիշտ պահեն իրենց, որ չիջնեն պաշտոնյայի, քաղաքական գործչի ընտանիքներին կպնելու աստիճանին` նվազագույն պատկերացում անգամ չունենալով այդ ընտանիքի բարոյական նկարագրի վերաբերյալ: Մենք քաղաքական գործիչ ենք, իրար ինչ ասես` կարանք ասենք, բայց չի կարելի հասնել ընտանիքին. էդ միակ սրբությունն է, որ դարերով մեզ պահել է, երբ մենք պետականություն չենք ունեցել: Իսկ այսօր, եթե դա էլ պղծենք, արդեն կպրծնենք: Չի կարելի: Սա էր խնդիրը: Ես ընդամենը ասացի` Զարուհի, ինչ ուզում ես արա, Սուրիկին ինչ ուզում ես ասա, բայց ընտանիքին, էրեխուն պետք չէ խառնել: Որովհետեւ Սուրիկի մասին ինչ էլ խոսի, մեկ ա, իրան ճանաչողները գիտեն` ինքն ով ա, Զարուհու անհիմն մեղադրանքներով չի, որ էդ մարդուն պետք է ճանաչեն:
- Ասում եքª երեխային պետք չէ խառնել: Բայց ո՞վ է մեղավոր, որ նույն "երեխան"ª Տիգրան Խաչատրյանը, նորից ու նորից է հայտնվում աղմկահարույց պատմության մեջ: Նախորդ պատմությունն ավարտվեց սպանությամբ: Այս հերթական միջադեպի արդյունքում տեսողությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած մեկ այլ ծնողի "երեխան", եւ նրա մայրը որդու այժմյան վիճակի համար մեղադրում է հենց մարզպետի որդուն:
- Ջահել էրեխուն ինչի՞ համար են վարկաբեկում, ինչի՞ համար են էդ էրեխու պատվի հետ խաղում: Հիմա տղա է, ում էրեխեքը չեն կռվել: Թող չմոռանան, որ մենք հայ ենք` տաքարյուն ժողովուրդ, բայց դրա համար չի կարելի ոչ մեկի էրեխուն փնովել, սարքել հանցագործ` առավելեւս, որ էդ ասողները չեն ճանաչում Տիգրանին:
Իսկ ինչ վերաբերում է Բուդաղյանների դեպքին, որ բոլորը դա են մատնացույց անում, ապա դրանով կա կայացված վճիռ. իրավապահները եւ դատարանը ապացուցված են համարել, որ Տիգրանն ընդամենը փորձել է պաշտպանել իրեն եւ իր ընտանիքը: Ոչ մեկս ապահովագրված չենք, որ մեր տան վրա զինված գան, ու մենք դրանից ավելի վատ բաների բախվենք: Ես էլի եմ ասում, որ ընդունում եմ, այո, Տիգրանը բռնկուն է, կռվարար: Բայց մի հատ փորձեք հետաքրքրվելª կարո՞ղ ա էդ տղու բնավորությունն իմանալով` շատերը պրովոկացիայի են ենթարկում:
Ինչ վերաբերում է վերջին դեպքին, ես էլի եմ ասում, որ նախաքննություն է գնում, թող իրավապահները իրենց գնահատականը տան, հետո մարդիկ խոսեն: Ով որ մեղավոր լինի, ես էլ կխոսեմ: Իմիջիայլոցª էդ տղան էս գործով վկա է: Այ, որ հաստատվի, որ Տիգրանն է վնասել այդ տղային, էդ ժամանակ թող խոսեն, ոչ մեկ բան չի ասի: Հազար հոգի կարող է մասնակցեին էդ կռվին, բայց վնասողը մեկը պետք է լինի: Հետո, գիտե՞ք ինչ, ժողովուրդը էդքան միամիտ չի. բոլորն էլ հասկանում են, որ Սուրիկ Խաչատրյանին ու իր ընտանիքին վերաբերող ամենօրյա բամբասանքները շինծու են: Բոլորն էլ տեսնում են, որ Սուրիկ Խաչատրյանը շատ նորմալ աշխատում է: Մի հատ թող էդ գրողները հավաքվեն, գնան, տեսնեն, թե ոնց են Սյունիքում ընդունում Սուրիկին: Մենակ գրում են` վախի մթնոլորտ: Ինչի՞ համար վախ. սյունեցին ոչ մեկից ու ոչնչից չի վախենում: Ինչի՞ պետք է սյունեցին վախենա մի մարդուց, ով կաշվից դուրս է գալիս` սյունեցիների կյանքը ավելի թեթեւացնելու համար: Հակառակը` սյունեցին իրա մարզպետին` Սուրիկին, միայն հարգում է, մենք մեղավոր չենք, որ հարգանքը որոշ չհասկացողներ խառնում են վախի հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Ի ԴԵՊ
Պարոն Սարոյանի հետ մեր զրույցը տեղի ունեցավ նախօրեին, երբ դեռ հայտնի չէր Ս. Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների պատմությունը: Ճիշտ է, կա վարկած, որ Ս. Խաչատրյանն է այդ պատմությունը սարքել, կա նաեւ վարկած, որ դա նրա թշնամիներից մեկի ձեռքի գործն է: Ո՞րն է իրականությունըª ժամանակը ցույց կտա: Բայց միայն այն փաստը, որ պարբերաբար Ս. Խաչատրյանի տան, ապաª ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են լինում, արդեն իսկ հուշում է, որ անկախ կրակողների ով լինելուց, Սյունիքում ու Ս. Խաչատրյանի անվան շուրջ մթնոլորտը, մեղմ ասած, մաքուր չէ: Ընդ որում, եթե այն անլուրջ տարբերակով առաջնորդվենք, թե Ս. Խաչատրյանը միայն զոհի դերում է, քանի որ կրակոցները ոչ թե ինքն է արձակել, այլ իրեն են ուղղված եղել, մեկ էª այդ պարագայում անգամ նա մեղքի հսկայական բաժին կունենար. եթե մի մարզում բանը հասել է նրան, որ կրակում են մարզպետի տան ու ավտոմեքենայի վրա, ուրեմն տվյալ անձը, որպես գոնե մարզպետ, հաստատ իր դիրքում չէ: Դե ուրեմն էլ ինչպե՞ս Ս. Սարոյանի խորհրդով "էդ գրողները հավաքվեն, գնան Սյունիք", որտեղ ամեն մի պատի ու ծառի արանքից կրակում են նույնիսկ մարզպետի վրա...
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
