ԲՈՒՀԵՐԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆԻ
Արխիվ 12-16ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆԻ
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն օրերս լրագրողներին տեղեկացրեց Քաղաքաշինության նախարարության նոր "փայլուն" մտահղացման մասին: Պարզվում էª կարելի է Երեւանից որոշ բուհեր տեղափոխել Գյումրի: Բացատրությունն էլ կա. "Դեռեւս 70-ական թվականներին կար նման մտահղացում. սա քաղաքը բեռնաթափելու միտում ունի: Երեւանում կա 60 ուսումնական հաստատություն, շուրջ 100 հազար ուսանող, 10 հազար դասախոս: Ուսումնական հաստատությունները զբաղեցնում են 555 հազար քառակուսի մետր տարածք: Սա պատճառ է դառնում, որ տարածքները գերբեռնվեն: Հասարակական տրանսպորտի շուրջ երեսուն տոկոսը զբաղեցնում են ուսանողները: Սա լուրջ խնդիր է":
Միայն թե, այդ "հույժ" քաղաքաշինական միտքը սկսում է մի տեսակ երեւալ, երբ առաջ է գալիս այն մյուս գաղափարը, թե Երեւանից հեռացած բուհերի զբաղեցրած շենքերը կարելի է... հյուրանոց դարձնել: Դե պատկերացրեքª Երեւանը լցրել ենք օրեցօր "անիմաստ" դարձող կրթական հաստատություններով, մինչդեռ ի՜նչ փողեր կարելի է սարքելª այդ շենքերը հյուրանոցների, ինչու ոչ, նաեւ գիշերային ակումբների վերածելով:
Իսկ թե ինչ կարծիք ունեն վերոնշյալ նախագծի վերաբերյալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունումª մեկնաբանեց ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ.
- Կրթության եւ գիտության նախարարությունը ողջունում է, որ տարբեր ոլորտներում քննարկումներ են ընթանում տարբեր կրթական թեմաներով: Բայց շեշտեմ` կրթական թեմաներով, եւ ինձ համար զարմանալի էր, որ այդ քննարկումները գնում էին ոչ կրթական լիազորության մարմնի կողմից հայտնած տեսակետների եւ քաղաքականության վերաբերյալ: Կրթությունը շենք-շինություն չէ, կրթությունը նախ եւ առաջ գործընթաց է, որի կազմակերպման համար բազում նախապայմաններ ու գործոններ կան: Ուրիշ խնդիր է, որ, այո, որոշակի հեռանկարային զարգացման ծրագրեր մենք քննարկում ենք: Բայց դրանք չեմ համարում այսօր այնքան եփված ու պատրաստ նախագծեր, որպեսզի ներկայացվեն հանրության ուշադրությանն ու քննարկումների դատին:
Մի խոսքովª ԿԳ նախարարությունը բուհերը Գյումրի տանելուն դեռ լուրջ չի վերաբերվում: "Ափսոս", թե չէ կարող էինք Քաղաքաշինության նախարարությունից առաջ ընկնելով` մեկ ոչ պակաս "փայլուն" գաղափար էլ մենք հուշենք. բերեք նաեւ մայրաքաղաքի դպրոցների գոնե կեսը տանենք Գյումրի: Հա՛մ Երեւանը մի քիչ էլ կդատարկենք, հա՛մ էլª նոր հյուրանոցային ի՜նչ ֆոնդ կառաջանա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
