ՔԱՂԱՔԱԳԵՏԸ` ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ. «ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՉԱՑՐԵՑ»
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԳԵՏԸ`ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ.
«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՉԱՑՐԵՑ»
Ռիգայում մայիսի 22-ին ավարտվեց Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության ԵՄ-ը համաձայնության է հասել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների շրջանակի շուրջ եւ համատեղ հռչակագիր է ընդունվել: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով գագաթաժողովի արդյունքներին, ասաց, որ Հայաստանը Ռիգայում ռեալ առաջընթաց կարող էր ունենալ եւ ունեցավ` վիզային ռեժիմի հարցում: «Վիզաների ռեժիմը հեշտացման գործընթացը բավական հաջող է ընթանում Հայաստանում: Շատ ու շատ տեխնիկական հարցեր լուծեց մեր երկիրը»,- ասաց քաղաքագետը:
Ի տարբերություն, մի շարք եվրոպական երկրների, ՀՀ կառավարությունը Ստեփան Գրիգորյանի կարծիքով` վիզային ռեժիմի դյուրացման հարցում որոշակի առաջընթաց արձանագրել է:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելուն, որը «Horizon 2020» ծրագրի տեսքով ամրագրվել է հռչակագրում, քաղաքագետն այդ ծրագիրը համարեց Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների համագործակցության սկիզբ. «Քանի որ Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ կնքել ասոցացման համաձայնագիրը, պետք է հիմա սպասենք Հայաստանին տրվելիք Եվրոհանձնաժողովի մանդատին: Հիմա աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի ԵՄ-ի 28 երկրներ իրենց համաձայնությունը տան Եվրամիությանը` Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար»,- վերլուծում է քաղաքագետը:
Եթե Հայաստան-ԵՄ հարաբերություններն այս տեմպերով շարունակվեն, կարող ենք հասնել «եւ-եւ»-ի քաղաքականությանը: Այդ քաղաքականությանը, ըստ Ստեփան Գրիգորյանի, շուտ չենք հասնի, թեեւ Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ հարաբերություններ զարգացնել: «Գործով պետք է ցույց տրվի, որքան ենք պատրաստ»,- կարծում է քաղաքագետը:
Անդրադադառնալով Ադրբեջանի`Ռիգայի գագաթաժողովին մինչեւ վերջ չմնալու եւ Արցախի խնդրին առնչվող դրույթներին առարկելու փաստին` Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ կարծում է, որ Ադրբեջանն ամեն ինչ փչացրեց եւ իրեն մեկուսացրեց այս գործընթացից նախագահ Ալիեւի չմասնակցությամբ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
