«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԳՈՐԳԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ» ԿԱՅՔԷՋԸ
Արխիվ 12-16«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԳՈՐԳԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ» ԿԱՅՔԷՋԸ
ՀՀ կառավարության 2013 թվականի որոշմամբ` կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն էր ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Այդ համատեքստում, 2013 թվականին իրականացվել են մի շարք միջոցառումներ` հայկական գորգագործական մշակույթի վերաբերյալ տեղեկատվության, պատմության, ավանդույթների տարածման եւ ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում` տրվել էր «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջի ստեղծման մեկնարկը:
Մայիսի 16-ին, «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում` Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել հայկական «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջի շնորհանդեսը: Կայքում տեղ են գտել նմուշներ Հանրապետության վեց թանգարանների, մասնավորապես` Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի պատմության թանգարանի, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանի գորգերի հավաքածուներից: Կայքի ստեղծման նպատակն է՝ հայկական գորգերի տեղեկատվության բազայի ամբողջացումը, որն առաջին հերթին կարող է ծառայել որպես սկզբնաղբյուր` գիտական ուսումնասիրությունների համար:
Գորգերից բացի, կայքում կտեղադրվեն նաև հայկական գորգարվեստին նվիրված տարբեր հետազոտություններ, գրքեր եւ հոդվածներ, որոնք հնարավորություն կտան արտասահմանցի գիտնականներին խորացնել իրենց գիտելիքներն այս ոլորտում, վերանայել իրենց կարծիքներն ու գիտական պնդումները գորգի ծագումնաբանության եւ սկզբաղբյուրների վերաբերյալ:
Կայքն ունի կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր անձ, ով ունի հայկական գորգ կամ կարպետ, կարող է գրանցվել կայքում, մուտքագրել իր գորգի լուսանկարը եւ լրացնել համապատասխան տեղեկությունները: Կայքի ադմինիստրատոր-մասնագիտական խորհրդի կողմից տեղեկատվության հաստատումից հետո այն կհայտնվի կայքի կատալոգում եւ կդառնա գորգերի հանրագիտարանի մաս:
Կայքը մշտապես կհամալրվի նաև այլ թանգարանների եւ կառույցների գորգերի հավաքածուներով, ինչպես նաև Արցախի թանգարանների եւ ցուցասրահների գորգերով:
http://www.armeniancarpets.am/
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
