«ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ ԿԱՍԵՐ. «ԳԻՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԵՆՔ, ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԲԱՐՁՐԱՑՎԻ, ԱՅԼ` ԻՋԵՑ
Արխիվ 12-16«ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ ԿԱՍԵՐ. «ԳԻՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԵՆՔ, ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԲԱՐՁՐԱՑՎԻ, ԱՅԼ` ԻՋԵՑՎԻ»». ՓՈՐՁԱԳԵՏ
Որքան էլ թղթի վրա տարբեր կոմբինացիաներով կատարված հաշվարկներն առաջին հայացքից «հիմնավոր» թվան, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ փոքրիկ Հայաստանում, ուր կան էլեկտրաէներգիա արտադրող ամենատարբեր «օջախներ»՝ Ատոմակայան, ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր,փոքր ՀԷԿ-եր և այսպես ասած էներգիա արտադրող կոգեներացիա կոչվող հաստատություններ, կարող է հայտնվել էներգետիկ ճգնաժամի առջև: Մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիան այնքան շատ է, որ նույնիսկ բաժին է ընկնում հարևան երկներին, բայց ինչու՞ է հանկարծ այնպես ստացվում, որ չգիտես որտեղից ինչ-որ ահռելի պատքեր են կուտակվում ու ամեն տարի աղիողորմ կեցվածքով դրանք ներկայացվում ժողովրդին, թե՝ ժողովուրդ հասի, մեր կերածի պարտքը տուր, թե չէ՝ առանց լույսի կմնա մի ամբողջ երկիր:
Պատկերացնելու համար, թե որտեղ է իրականում թաղված շան գլուխը «Իրավունք»-ի թղթակիցը զրուցեց էներգետիկ - փորձագետ Էմիլ Սահակյանի հետ, ով 40 տարի աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում և ղեկավարել տարբեր բաժիններ: Նա բավականին լավատեղյակ է, թե որտեղ և ինչ եղանակով է արտադրվում էլեկտրաէներգիան, ով ումից է գնում և վերջապես ինչու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարողանում զսպել հոսանք արտադրողների և մատակարարողների ախորժակը:
Պարզվում է էլեկտրաէներգիա արտադրողից մինչև սպառող շղթան այսպիսին է՝ արտադրողներ, Բարձրավոլտ էլեկտրացանցեր (ԲԷՑ), Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) և սպառողներ: Արտադրված էլեկտրաէներգան ԲԷՑ-ը գնում է արտադրողներից, դրան մի փոքր ավելացնում է իր ծախսերը, ապա այն վաճառում է ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը մի մեծ կշռաքարի չափով գին է ավելացնում ԲԷՑ-ի գնին, այնտեղ ներառելով իր կորուստները, ծախսերը, այդ թվում նաև իր քեֆերի և այլ խնջույքների վրա ծախսած գումարները և ստացված կլորիկ գումարով այն վաճառում է սպառողներին: Էներգետիկ -փորձագետ Էմիլ Սահակյանի տեղեկացմամբ էլեկտրաէներգայի սակագնի մակարդակը բնորոշվում է ջերմաէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի սակագնով: «ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ամենաթանկն է, քանի որ այն գազ է օգտագործում: Սակայն, խնդիրն այն է, որ մեզ մոտ արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքի սահմանման մեթոդաբանությունը հստակ ներկայացված չէ և այդ է պատճառը, որ դաշտում անորոշություն է տիրում, իր հետևանքներով հանդերձ»,- ասում է Է.Սահակյանը: Փորձագետի խոսքով՝ այսօրվա դրությամբ բոլոր արտադրողների կողմից արտադրված էլէեկտրաէներգի միջին սակագինը մաքսիմում կարելի է գնահատել 25 դրամ, և եթե բոլոր կողմերի ախորժակը բավարարելու համար դրան էլ գումարվի ևս 10 դրամ, ապա կարող է հասնել 35 դրամի և ոչ ավելին: «Բայց պետք է ասել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս հարցի շուրջ թողտվության մթնոլորտ է ստեղծել արտադրողների, տեղափոխողների և բաշխողների միջև և այդ պատճառով էլ մենք այսօր եկել և հասել ենք հիվանդության 4-րդ սատդիային»,- ասում է Է. Սահակյանը:
Պարզվում է, որ պետական կառույցի «կառուցած» մեխանիզմը, որը կոչված է արգելակել, սզպել, գնաճը իրականում չի գործում, իսկ մենք ամեն տարի ազգովի ուզում ենք կատարել հանձնաժողովի գործը, որն ինչպես փորձագետն է նշում հասել է հիվանդության 4-րդ աստիճանի: «ԱԺ-ից մինչև կառավարություն բոլորը միասին կատարում են Հանձնաժողովի չկատարած գործը: Եվ հիմա համոզված եմ, որ Ռոբերտ Նազարյանը չի էլ կարող հոսանքի գինը 17 դրամով բարձրացնել: Նա ավանդաբար, կգործի նույն սցենարով, որը դարձել է սովորույթ: Շուտով մամուլով ու հեռուստատեսությամբ կհայտարարի, որ հոսանքի գինը ընդամնենը բարձրացնում ենք օրինակ՝ 7,42 դրամով, իբրև թե հաշվել են: Բայց դա կլինի հերթական 100 տոկոսանոց սուտը: Իսկ եթե Ռոբերտ Նազարյանն ասպետություն ունենար կասեր, որ գիտեք ինչ, մենք գինը վերանայել ենք և այն պետք է ոչ թե բարձրացվի, այլ՝ իջեցվի, քանի որ վերլուծույթունները դա են ցույց տալիս, մանավանդ, որ նվազել է գազի գինը»,- ասում է Է. Սահակյանը:
Ինչպես ասում են ախորժակն ուտելուց է բացվում, ու այս դեպքում էլ ախորժակն այնքան է բացվել, որ դիմացն առնելը անհնարին է թվում: Այստեղ, այնուամենայնիվ մեկ հարց շատ հետաքրքիր է, որ եթե էլեկտրաէներգիայի արժեքի սահմանման մեթոդաբանությունը հստակ չէ, ապա այդ դեպքում Ռ. Նազարյանն ի՞նչ 4 հազար էջանոց «փաստաթուղթ» է ուսումնասիրում, գուցե կորուստները «թաքցնելու» նոր մեթոդներ մշակելով է զբաղված, որ այս անգամ էլ նոր «գյուտեր» անի:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
