Հ. Նաղդալյան. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԱԾ ՎՍՏԱՀ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵՑ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ
Արխիվ 12-16Հ. Նաղդալյան. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԱԾ ՎՍՏԱՀ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵՑ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ»
«Ռիգայի Արեւելյան գործընկերության գագաթաժողովը ամփոփեց Վիլնյուսից հետո այս երկու տարվա Եվրոմիության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների հարաբերությունների զարգացումները, եւ կարելի է գնահատել Հայաստանին վերաբերող զարգացումների մի քանի թիրախային կետերը: Թիրախներից առաջինը Հայաստան-ԵՄ հարաբերություններն են, որոնք ԵԱՏՄ անդամագրվելուց հետո, ըստ որոշ վերլուծաբանների`«դեպրեսիվ» , «անկումային» վիճակում էին , եւ կային վատատեսական վերլուծություններ ու կանխատեսումներ` Հայաստանի համար «փակուղային» իրավիճակի վերաբերյալ: Այս իմաստով Ռիգան ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ արտաքին գերատեսչության հաշվարկները ամենաճիշտը դուրս եկան ոչ միայն Հայաստանի խնդիրների զարգացման իմաստով, այլեւ Արեւելյան գործընկերության այլ երկրների համեմատ. Հայաստանը համարվեց ե՛ւ օրինակելի, ե՛ւ միակ ընկալելի , փոխլրացնող, բազամվեկտոր քաղաքականություն վարող երկիր», - անդրադառնալով Ռիգայում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովի արդյունքներին, մասնավորապես` Հայաստանի համար էական ձեռքբերումներին` նշել է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆՆ ու հավելել. «Հոռետեսական կանխատեսումների հեղինակները պետք է, որ հիասթափված լինեն, բայց մեզ համար առավել կարեւոր է այն, որ Հայաստանի իշխանությունների, քաղաքական ղեկավարության` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած վստահ եւ հավասարակշիռ քաղաքականությունը` բազմապատկված արտաքին գործերի նախարարության կառույցների, դիվանագիտական կորպուսի որակյալ եւ փաստարկված աշխատանքով, բերեց արդեն տեսանելի արդյունքի: Կարելի է ասել, որ Ռիգայի գագաթաժողովում բոլոր ուղղություններով տակտիկական, դիրքային պայքար էր ընթանում եւ այդ պայքարում կետ առ կետ Հայաստանը կարողացավ իր դիրքորոշումներն ու մոտեցումներն առաջ մղել եւ պաշտպանել: Այս պահին նման առաջխաղացում, կարծում եմ` սխալ չի լինի, եթե ասենք, որ Արեւելյան գործընկերության ոչ մի երկիր չունեցավ: Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու գործում մենք մեր հանձնառությունները կարողացանք հիմնավորել եւ նաեւ դրական մեսիջ ստացանք ԵՄ-ի կողմից, անգամ ԵԱՏՄ-ի անդամակցությամբ «վատթարացված» վիճակում, այնուամենայնիվ, այդ մեսիջը մենք այսօր ունենք`ԵՄ-ն ընդունեց մեր մեկնած ձեռքը եւ պատասխանեց իր պատրաստակամությամբ` խորացնելու եւ զարգացնելու հարաբերությունները: Այդ հարաբերությունները կարող են բազմաբովանդակ լինել, այդ թվում` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտին առնչվող բարեփոխումներ` չհակասելով այլ ձեւաչափերի հետ կապված մեր արդեն ստանձնած պարտավորություններին»: Ըստ տիկին Նաղդալյանի, այդ հանձնառությունները մեր անկեղծ գերակայություններն են, որոնց նվիրվածությունը տեսանելի է եվրոպացիների համար. «Այսինքն` ընդհանուր արժեքների շուրջ իրականացվող բարեփոխումներ, որոնք մենք բազմիցս նշել ենք, որ միայն Եվրոպայի համար չեն արվում, այլ ինքներս մեր, մեր երկիրը ավելի առաջադեմ, ավելի ժողովրդավար դարձնելու համար: Այս շարունակական աշխատանքը նկատվում է, եւ դրա պատասխանը` եվրոպացիների կողմից «ավելին ավելիի դիմաց» քաղաքականությունն է: Այդ առումով համեմատականը բոլոր իմաստներով հօգուտ Հայաստանի է, օրինակ` Ադրբեջանի դեպքում բարձրաձայնվում է եւ ընդգծվում ոչ ժողովրդավարական քաղաքականության բնույթը, խիստ քննադատվում եւ անբավարար գնահատվում ժողովրդավարական զարգացումները` քաղբանտարկյալների գոյություն, ռեպրեսիաներ, քաղաքացիական հասարակության ճնշում եւ այլ բազմաթիվ երեւույթներ»: Ինչ վերաբերում է Ռիգայի ինտրիգներից մեկին` Ղրիմի /հիմա` Ղարաբաղի/ խնդրին, ԱԺ փոխնախագահը գտնում է. «Ինչի հասանք այստեղ` առաջինը եւ ամենակարեւորը` որքան էլ թվում է ժլատ նախադասություն, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին, կարծում եմ` այս աջակցությունը, նախեւառաջ, պատասխան է վերջին ժամանակներում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությանը եւ որդեգրած նպատակին` Մինսկի խումբը կազմալուծելու եւ այդ ձեւաչափից դուրս գալու ուղղությամբ, եւ այս պահի դրությամբ Մինսկի խմբի հետ կապված խնդիրներում հստակություն է, եւ Ադրբեջանն այստեղ բացահայտ տանուլ է տալիս` չնայած նավթադոլարներին, գազային նոր պրոյեկտներով Եվրոպային գայթակղելու նկրտումներին: Բացի պարզապես «աջակցում ենք Մինսկի խմբի ձեւաչափին» ձեւակերպումից` ընդունված հռչակագրում նաեւ չընդգծվեց ու չառանձնացվեց տարածքային ամբողջականության պահպանման առաջնայնությունը` ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Ադրբեջանի պարտությունը Ռիգայի գագաթաժողովում բոլոր ուղղություններով` իրենց համար այնքան տեսանելի էր, որ, ի վերջո, հանգեցրեց կոպիտ եւ ոչ դիվանագիտական բնույթի քայլերի», - եզրափակելով խոսքը` շեշտել է Հ. Նաղդալյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
