ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 98 ՄԼՆ ԴՐԱՄ Է ԾԱԽՍԵԼ
Արխիվ 12-16ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 98 ՄԼՆ ԴՐԱՄ Է ԾԱԽՍԵԼ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց` ինչու է ԿԲ-ը 27 մլն դրամ ծախսել մասնագիտական գրականության ձեռքբերման, 39 մլն դրամ` կապի միջոցների, 98 մլն դրամ տնտեսական նյութերի ու արագամաշ առարկաների դուրսգրման համար: ԿԲ նախագահն իրեն բնորոշ հանդարտությամբ ու անտարբերությամբ ասաց, որ ներկայացված թվերը շատ չեն: Մասնագիտական գրականություն ասելով` պետք է հասկանալ մասնագիտական գրքեր, ամսագրեր: «Կան գրքեր, որոնք ոչ մի կայքում հնարավոր չէ գտնել»,- պատասխանեց Ջավադյանը:
Ինչ վերաբերում է կապի միջոցների համար 39 մլն դրամ ծախսելուն, ԿԲ նախագահի խոսքով` այդ ծախսը վերաբերում է միջազգային կապուղիներից օգտվելուն ու միջազգային փոխանցումներ արվելուն: 98 մլն դրամ տնտեսական նյութերի ու արագամաշ առարկաների դուրսգրման համար ծախսը եւս նորմալ համարեց Արթուր Ջավադյանը: Ի պատասխան ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր զարմանքը հայտնեց` ասելով, որ թուղթ ու գրիչ ձեռքբերելու համար ինչպե՞ս կարելի է 98 մլն դրամ ծախսել:
Հ.Գ. Հետաքրքիր է, երբ պրն Ջավադյանն ասում է, որ մասնագիտական գրականություն են ձեռ քբերել, հարց է առաջանում` որտեղից եւ քանի օրինակով, որ 27 մլն դրամը կարելի է ասել քամուն են տվել: Կամ ինչպիսի որակի թուղթ ու գրիչ են գրել, որ դրա համար էլ 98 մլն դրամ է ծախսվել: Այն առնվազն պետք է լինի կամ ոսկուց, կամ, եթե մի քիչ համեստ գտնվեն` ոսկեջուր:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
