ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԷԼ. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ. «Կներեք, բայց դա ինձ համար կլինի гадать на кофейной гуще»
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԷԼ. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ.
«Կներեք, բայց դա ինձ համար կլինի гадать на кофейной гуще»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու առաջարկը իրավիճակը բավականին բարդացնող հանգամանք է և սոցիալական լուրջ խնդիրներ կառաջացնի: Սակայն, մինչ սակագինը թանկացնել-չթանկացնելու հարցն ուսումնասիրելը, հարկավոր է հասկանալ դրա իրական պատճառները, որոնք Հայկական էլեկտրացանցեր ընկերությունը (ՀԷՑ) ներկայացրել է ոչ արդյունավետ գործունեության արդյունքում: Պատգամավորի կարծիքով քանի դեռ չեն պարզվել պատճառները և դեռ հասկանալի չէ, թե դրանք համակարգային բնույթի խախտումներ են, թե՝ անհատի գործունեության հետևանք, որևէ քննարկում արդյունք տալ չի կարող:
«Քանի որ կարելի է բարձրացնել էլետրաէներգիայի սակագինը և մեկ տարուց հետո կրկին կանգնել նույն իրավիճակի առջև»,- ասում է Խ.Հարությունյանը:
Նրա կարծիքով հարկավոր է հասկանալ ՀԷՑ-ի գործունեության վնասաբերության իրական պատճառները և հասկանալ, թե որտեղ են դրանք թաղված: Քանի դեռ նման ուսումնասիրություն չկա, ապա այն թանկացնելու մասին խոսելը ճիշտ չէ: «Թանկացնելը պետք է լինի ընկերության ֆինանսական առողջացման տարբերակներից մեկը, բայց ոչ միակը: Ես այդ հարցը խորությամբ չեմ ուսումնասիրել և չեմ տիրապետում առարկային, բայց մեթոդոլոգիական առումով ինձ համար հարցադրումն այս հարթության մեջ է հասկանալի»,- ասում է պատգամավորը:
Իսկ այն հարցին, թե ինչ կոռուպցիոն դրսևորման մասին են ակնարկում բարձրաստիճան պաշտոնյաները, Խ. Հարությունյանն ասաց, որ հարկավոր է զերծ մնալ բամբասանքերից. «Իրոք Էներգետիկայի նախարարն ասում է եղել է գողություն: Եթե եղել է, փաստը կա, խնդրեմ, Գլխավոր դատախազն ասում է՝ ներկայացրեք կոնկրետ հաղորդում, իսկ եթե ենթադրություններ է, դա պետք է ուսումնասիրել: Որովհետև այնքան հեշտ է ասել, թե թալանեցին: Ես չեմ մերժում դա, բայց միևնույն ժամանակ չեմ կարող ասել, որ դա այդպես է եղել: Դրա համար հարկավոր է հասկանալ ֆինասական ծանր վիճակի պատճառը սուբյեկտիվ գործո՞նն է, օրինակ՝ վատ մենեջեր ունենալն է, թալանչի ղեկավար կազմ ունենալը, թե օբյեկտիվորեն ով էլ լիներ, ֆինանսական վիճակը պետք է վատանար, որովհետև սարքավորումները 100 տարվա են, կորուստները բարձր են: Սա պետք է հասկանալ: Քանի դեռ այդ հարցի պատասխանները չեն հնչեցվել, թանկացնել, չթանկացնել, ինչքան թանկացնել արժե, թե՝ ոչ, կներեք, ինձ համար կլինի гадать на кофейной гуще»,- ասում է Խ. Հարությունյանը:
Հ.Գ. Այնուամենայնիվ, առանց կրակ ծուխ չի լինում, և դժվար է պատկերացնել, որ բազմահմուտ և բազմափորձ Զախարյանն այնքան միամտություն ունենար, որ ԱԺ ամբիոնից նման հայտարարություն աներ: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում,այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, քանի որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցն այս անգամ հունից հանել է նույնիսկ որոշ ՀՀԿ-ականներին:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
