"ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ 50.000 ԱՂՋԻԿ Է "ԱՆՀԵՏԱՆՈՒՄ"
Արխիվ 12-16"ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ 50.000 ԱՂՋԻԿ Է "ԱՆՀԵՏԱՆՈՒՄ"
ՀՀ ոստիկանության 2014 թ.-ի տվյալների համաձայն` նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել է քրեական 15 գործ, որից չորսը` նախկինում հարուցված եւ 2014թ.-ին փոխանցված գործեր են: 1-ը` նախկինում հարուցված եւ 2014թ. վերսկսված գործ է: 2014թ. ընթացքում հարուցված 10 գործերից 6-ը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը` ՀՀ-ում անչափահասների շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` ՀՀ-ում չափահաս տղամարդու աշխատանքային շահագործմանը, 2-ը` ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը: Պոռնկության շահագործման 6 գործերից 3-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 1-ի շահագործումն իրականացվել է ԱՄԷ-ում, 2-ը` Թուրքիայում: ՀՀ-ում պոռնկության շահագործման 3 գործերից 2-ը վերաբերել են օտարերկրյա կանանց պոռնկության շահագործմանը: 2014 թ. ընթացքում վարույթ իրականացված գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել` 13 զոհեր, որոնցից 11-ը` կանայք:
2013-ին թվականին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել են 16, 2012-ին` 21 քրեական գործ:
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշների նվազումը եւ արդյոք սրանք իրական ցուցանիշներ են: "Բնակչության նվազեցմանը զուգահեռ` դա էլ պետք է նվազի: Բնակչության կենսամակարդակի բարձրացումը եւս նպաստում է թրաֆիքինգի դեպքերի կրճատմանը",- կարծում է սոցիոլոգը:
Ի պատասխան` "Իրավունքը" հակադարձեց` սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում օրըստօրե դժվարանում է, կենսամակարդակի ի՞նչ բարձրացման մասին է խոսքը: "Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ քաղաքացիների եկամուտներն աճել են: Հինգ տարի առաջ 42 մլն դոլար էինք ծախսում` սիգարետ գնելու համար, հիմա` 52 մլն դոլար: Բա էդ փողը որտեղի՞ց մեզ",- մանրամասնեց պրն Ադիբեկյանը:
Արդյոք իրազեկվածության մակարդակը եւս չի նպաստում թրաֆիքինգի դեպքերի կրճատմանը: "Իհարկե: Ընդ որում` երկու առումով. առաջին` քաղաքացիները գիտեն թրաֆիքինգի մասին: Երկրորդ` գիտեն թրաֆիքինգի հետեւանքների մասին: Ուկրաինայում, օրինակ, 50.000 աղջիկ է "անհետանում", որոնց հետո գտնում են լատինաամերիկյան պոռնկատներում: Նույնը եվրոպական երկրներում է կատարվում: Մեզ մոտ բարենպաստ է վիճակն այն առումով, որ կանանց շատ հեռու չեն տանում, մեծ մասամբ կանայք կամավոր են գնում",- եզրափակեց Ադիբեկյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
