ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Մի զարմանալի եւ տագնապեցնող տեղեկատվություն է հնչեցրել եթերում քայքայիչ աղանդների գծով հայտնի փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Այն է, որ վերջին 20-25 օրվա ընթացքում Հայաստան տարբեր առիթներով այցելել են խարիզմատ աղանդների տարբեր ղեկավարներ եւ, ըստ շշուկների` Հայաստանում ուկրաինական սցենարով "գունավոր հեղափոխություն" նախապատրաստելու համար: Այստեղ արի ու մի ասա` ախորժակներիդ քացախ: Ախր, եթե աղանդավորական զոմբիացված նախիրը պիտանի լիներ հեղափոխություն իրականացնելու` վաղուց արել էին: Իսկ ինչու դա չի կարող ստացվել` որովհետեւ առանց այդ էլ աղանդավորներն իրենց կպչուն քարոզչությամբ այնքան են զզվեցրել մեր ժողովրդին, որ եթե հանկարծ համարձակվեն փողոց դուրս գալ (ինչ պահանջով էլ դա լինի) կդառնա իսկը թումանյանական հեքիաթի պատմությունը` տուր թե կտաս շան ճակատին: Բայց, միգուցե, իրականում այդ էմիսարների այցի նպատակը ոչ թե հեղափոխությունն է, այլ հենց ծեծուջարդ սադրե՞լը:
Իսկ բավականին զարմանալի բաներ հնչեցին "Հիմնադիր խորհրդարանի" ասուլիսում: Նախ` զավեշտի պես էր հնչում "ռեժիմի խուճապի մասին" ամեն մի պնդում, իսկ առանձին-առանձին այդ շարժման ներկայացուցիչները մեկը մյուսից զարմանալի բաներ էին ասում: Այսպես, ըստ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ. "Նրանց հաջողվեց խափանել մոբիլիզացիան, քանի որ մենք անազատության մեջ էինք, բայց չհաջողվեց խափանել մեր առաջընթացը": Ախր, ինչ առաջընթացի մասին է խոսքը... Սակայն էլ ավելի զարմանալի բաներ հայտարարեց "Հիմնադիր խորհրդարանի" ղեկավար կազմից Գեւորգ Սաֆարյանը` որ, եթե երիտասարդությունը կարող է տասնյակ հազարներով հավաքվել որեւէ համերգի, ապա ինչո՞ւ ինքն իրեն մի քանի ամիս հաճույքներից չզրկի եւ չհավաքվի բողոքի ակցիաների: Զարմանալի է, մի՞թե պարոն Սաֆարյանը հանրահավաքը չի զանազանում աշխարհահռչակ խմբերի համերգներից: Ախր, երիտասարդները գան իրենց հանրահավաքներին, որ ի՞նչ անեն` Գլուլնազ տատի հեքիաթները լսեն, թե ինչպես են շուտով քշում "ռեժիմին": Ախր, կարգին հեքիաթասաց էլ չեն... Նույն Գեւորգ Սաֆարյանն էլ հայտարարեց, որ ամսի 30-ի հանրահավաքին "հակագրոհի" են անցնելու: Ճիշտ է, նա պարտիզանի պես լռեց հակագրոհի պլանի մասին, բայց ակամա հիշեցինք հին խորհրդային անեկդոտը, թե ինչպես ձախորդի մեկն ընկնում է փոսը, մինչեւ երեկո ապարդյուն փորձում է դուրս գալ, իսկ վերջում ասում. "Մի հատ էլ կփորձեմ, եթե չստացվի կգնամ տուն":
Իսկ մայրաքաղաքում շաբաթօրյակներ են, եւ քաղաքապետարանում վարչական շրջանների ղեկավարների հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարվեց, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի մասին 51 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ է կազմվել: Պատկերացնո՞ւմ եք, 51 արձանագրություն, որոնք երեւի թե պետք է ահավոր վախեցնեն այն երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, ովքեր սեփական վարքագծով քիչ են տարբերվում խոզերից: Զարմանալի է, ինչ օգուտ այդ արձանագրություններից, եթե դեռեւս չի հրապարակվել մի դեպք, որ որեւէ մեկին քաղաքն աղտոտելու համար մի լավ տուգանել են... Ախր, ցանկության դեպքում սխալ տեղում նետած աղբը ուսումնասիրելով` կարելի է դյուրությամբ աղբատիրոջն էլ գտնել: Ինչո՞ւ չեք անում, այ ձեր հոգուն ղուրբան, մի քանիսին եթե լավ պատժեք, մյուսները մի շաբաթում կդառնան մաքրասեր:
Սակայն անցնենք նաեւ պոզիտիվ պահերին: Ինչքան էլ զարմանալի լինի, տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ հաջողվեց պոզիտիվ պահ գտնել անգամ Եվրազիբիլ, կներեք, Եվրատեսիլ մրցույթում. "Բոլորս արդեն գիտենք, որ երգն է հաղթել քվեարկության արդյունքում: Իրական քվեարկության արդյունքում: Հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Այո, իտալացիների երգը: Երգ, որտեղ կար մեղեդի: Որտեղ 3 քսան տարեկան երգիչները հոգի դրեցին շատ գեղեցիկ երգի մեջ: Մի երգ, որտեղ հին, մեր բոլորի կարոտած Եվրոպան երգեց: Այն Եվրոպան, որով միշտ հպարտացել է աշխարհը: Մոցարտի, Բախի, Վերդիի, Ռաֆայելի, Տիցիանի, Բիզեի, Դյումայի ու Շիլլերի Եվրոպան: Հին քրիստոնյա Եվրոպան, որը փորձում են բռնաբարել` նրա վզին փաթաթելով խորթ արժեքները: Եվ այս երգի համար քվեարկությունը, այդ հին, իսկական Եվրոպայի ճիչն էր ամբողջ աշխարհին: Աշխարհ, արվեստը սա է, երաժշտությունը սա է, խոսքերը սա են": Բայց ինչ փույթ, որ իտալացիք իսկական արվեստ են ներկայացրել... Ախր, այդ մրցույթում արվեստ ներկայացնելը նույնն է, ինչ խոզերի առաջ մարգարիտներ շաղ տաս: Խոզերին կոմբիկեր տվեք, եթե ափսոս չէ, իսկ մարգարիտները պահեք մարդկանց համար, իսկ ինչպես հայտնի է, ոչ ամեն երկոտանի է մարդ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
