ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈ՞ՒՄ
Լրատվամիջոցները պարբերաբար են հայտնվում դատական գործընթացների հորձանուտում:
«Իրավունքը» եւս, ցավոք սրտի բացառություն չէ: Ընդ որում`«Իրավունք» թերթին դատական գործընթացներում ներքաշում են սեռական փոքրամասնությունները` համասեռամոլները, աղաբդավորական կառույցները եւ այլն: Օրեր առաջ` մայիսի 14-ին, Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի կայացրած դատավճռով դատավորը միացավ «Իրավունքի» դեմ արդեն երկրորդ տարին ընթացող հալածանքի ալիքին, որի ակունքում, ինչպես վերջերս պարզվեց, կանգնած է նարնջագույն հեղափոխությունների հայտնի ֆինանսավորող Ջորջ Սորոսը եւ համասեռամոլության համաշխարհային լոբբինգի բավականին հզոր ուժերը:
«Իրավունք» թերթում տպագրված խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակախոսական հոդվածի առիթով համասեռամոլության համաշխարհային լոբբինգի բավականին հզոր ուժերը նախաձեռնեցին չորս դատավարություն: Դատական պրակտիկայում չլսված բան է, որ մի հոդվածի կապակցությանբ ընթանան 4 տարբեր դատեր: Երեք դատական վճիռներից երկուսով, այդ թվում Վերաքննիչ դատարանի վճռով «Կոնչիտայի վկաները» մերժվում են, իսկ Գալաջյանի հոդվածում որեւէ վիրավորանք կամ զրպարտանք չի նկատվում եւ հայցը համարվում է ամբողջությամբ անհիմն և իրավազուրկ: Իսկ ահա Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանի առաջին իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը ոչ միայն հաշվի չառավ, որ հայցը ներկայացրել են օրենքով սահմանված ժամկետից ուշ, ըստ էության, «թքած ունեցավ» իր կոլեգաների` առաջին եւ վերադաս դատական ատյանների դիրքորոշման վրա: Թե ինչպես կարող են լինել նույն լրագրային հոդվածի շուրջ երկու իրարամերժ դատական ակտ` հետեւությունները թողնվում է ընթերցողին եւ Արդարադատության խորհրդին, սակայն հենց Մելքումյանի նմանների գործունեության հետեւանքով է, որ հասարակությունը բացարձակ վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ: Նշենք, որ նա Գալաջյանի հոդվածը համարել է զրպարտիչ և պաշտպանել համասեռամոլների լոբիբստներին, պահանջելով գումար եւ նույնիսկ ներողություն խնդրել:
Թեմայի առնչությամբ «Իրավունքը» զրուցեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Աշոտ Մելիքյանի հետ:
- Պրն Մելիքյան, «Իրավունքի» դեմ հարուցվել են դատական մի քանի գործեր հիմնականում համասեռամոլների լոբբիստների հայցի հիման վրա: Երբ հասարակության այդ խումբը որեւէ ակցիա կամ երթ է անցկացնում մայրաքաղաքում, եւ ԶԼՄ-ն իր տեսակետն է հայտնում այդ խմբի ու նրա գործողությունների վերաբերյալ, անմիջապես լրատվամիջոցին քարշ են տալիս դատարան: Հարց է ծագում` ո՞վ է ում խոսքի ազատությունը ոտնահարում:
- Վիրավորանքի ու զրպարտության միջոցով ճնշում է գործադրվում լրատվամիջոցների նկատմամբ, բայց դրա հետ մեկտեղ ամեն մի դեպք պետք է կոնկրետ ու առանձին քննել: Լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցն իսկապես զրպարտել է կամ վիրավորել, կամ բացահայտ անհանդուրժողականություն է ցուցաբերել: Իսկ կան դեպքեր, երբ այդ բաները չկան, բայց դատական գործեր են հարուցվում եւ դատական հայցերի միջոցով ճնշում են գործադրում լրատվամիջոցների վրա: Լրագրողը պետք է հասկանա, որ նույն անհանդուրժողականությամբ կամ վիրավորանքով մեծ էֆեկտի չի հասնում: Շատ ավելի զուսպ լեզվով ու շատ ավելի հանդուրժող տոնով կարելի է քննադատաբար ու քննադատելուց էլ ավելի ցավալի ավելի ազդեցիկ ասել, քան նույն վիրավորանքով:
- Որքանով Դուք ծանոթ եք «Իրավունքի» դեմ հարուցված դատական գործերին, կարո՞ղ եք ասել` «Իրավո՞ւնքն» է ոտնահարում համասեռամոլների խոսքի ազատությունը, թե՞ նրանք են սահմանափակում մեր խոսքի ազատությունը:
- Տարբեր դատական գործեր կան «Իրավունքի» հետ կապված: Կան, իհարկե, վիրավորանքներ (նկատի ունի «Իրավունքի» հրապարակած հոդվածը համասեռամոլների լոբբիստների մասին-խմբ.): Հիմա չեմ կարող վերհիշել, բայց կարելի է նայել եւ վերհիշել: Նույն Ձեր հարցում ավելի կոռեկտ բառով կարող եք խոսել: «Համասեռամոլ» բառը…
- Սեռական փոքրամասնություն նկատի ունեմ:
- Այո, կամ միասեռական: Ձեր հարցում իրենց համար ատելության խոսք է դա համարվում (նկատի ունի համասեռամոլը-խմբ.): Եթե ինչ-որ մի խումբ կամ ինչ-որ մեկն այդ բառը չի ընդունում, եթե դուք էլ գիտեք, որ նա վիրավորվում է… կան մարդիկ, որ միտումնավոր են վիրավորում: Կամ չէին ուզում վիրավորել, այդպես ստացվեց: Եթե նրանք «համասեռամոլ» բառից վիրավորվում են, իսկ համասեռական բառից` ոչ, կարելի է օգտագործել «համասեռական» բառը: Անհանդուրժողականության տարրը, այնուամենայնիվ, «Իրավունքի» հոդվածում կար, որովհետեւ, երբ դու կոչ ես անում` պետական որեւէ ատյանում նրանց գործ չտան, «զրո հանդուրժողականություն» արտահայտությունն ես կիրառում, ինչքան ես հիշում եմ, արդեն լրագրողական էթիկայի առումով դա դուրս է գալիս սահմաններից:
- Բայց այդ բնութագրումները չե՞ք համարում լրատվամիջոցի կարծիք արտահայտելու իրավունք եւ դրսեւորվում: Դա խոսքի ազատություն չէ՞:
- Գիտեք, խոսքի ազատությունն ունի իր ողջամիտ սահմանափակումները: Խոսքի ազատությունը պրոֆեսիոնալ ու պատասխանատու խոսքն է: Նույնիսկ եվրոպական կոնվենցիայի տասներորդ հոդվածը, որին հղում տալով պայքարում ենք Հայաստանում խոսքի ազատության զարգացման համար, որոշ սահմանափակումներ նախատեսում է: Այդ սահմանափակումները ողջամիտ այն սահմաններն են, որոնք պետք է հաշվի առնի լրատվամիջոցը: Դրանից ելնելով` նաեւ ազգային օրենսդրության մեջ որոշ սահմանափակումներ կան: Այնպես որ իզուր չէ, որ «Իրավունքի» հետ կապված դատական գործում մի դեպքում կայացվում է որոշում` հօգուտ խմբագրության, մյուս դեպքում էլ` ուրիշ որոշում:
- Դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը: Եթե, ինչպես դուք եք ասում, «Իրավունքի» հրապարակած հոդվածում կա վիրավորանք, տարօրինակ չէ՞ Ձեզ համար, որ մի դատավոր վճիռ է կայացնում հօգուտ խմբագրության, իսկ մյուսը` հակառակ որոշում է կայացնում:
-Տարօրինակ է: Մեզանում անկախ դատական համակարգը չի կայացել, եւ շատ ժամանակ դատարանները սկսում են հաշվի առնել քաղաքական կոնյուկտուրա: Միշտ չէ, որ կայացվում են կշռադատված որոշումներ: Դժվար է գտնել մարդ, որը գոհ լինի մեր դատարաններից: Այ էդ սահմանը`որտեղ է վերջացել խոսքի ազատությունը, որտեղ է սկսվել մյուսի իրավունքը, բավական բարդ սահմանագիծ է: Դրա համար էլ նաեւ դատարաններում տարբեր որոշումների ականատեսն ենք լինում:
- Փաստորեն, հասարակության մի խումբը փողոցում հանգիստ կարող է…
- Ոչ:
- Ես ուրիշ բան եմ հարցնում: Հասարակության այդ խումբը կարող է հանգիստ երթեր, հանրահավաքներ անցկացնել, հասարակության մյուս խումբը` մեծամասնությունը, կարող է դա հանդուրժել, իսկ երբ լրատվամիջոցը նրանց մասին ինչ-որ բան է գրում, դա դիտվում է վիրավորանք նրանց համար:
- Դա էլ շատ մեծ խնդիր է: Փոքրամասնությունների հետ կապված բազում բանավեճեր են գնում անգամ Եվրոպական երկրներում: Ես չեմ տեսել, որ իրենք էստեղ երթեր անցկացնեն:
- Ուշ-ուշ են անցկացնում, բայց անցկացնում են:
- Ես չեմ տեսել: Մեզ մոտ գեյ պարադնե՞ր են եղել:
- Այո, լուսանկարել ենք, ֆիքսել: Նրանք չեն ասում գեյ պարադ: Քարոզչությունն իրականացվում է քողարկված:
- Նրանք էլ ունեն հավաքների այդ իրավունքը:
- Եվ մեծամասնությունը չի խոչընդոտում նրանց...
- Ո՞ր մեծամասնության մասին է խոսքը:
- Հասարակության այն հատվածը, որը չի ընդունում նրանց:
- Համաձայն եմ, որ հասարակության մեծամասնությունը չի ընդունում նրանց, բայց դրա հետ միասին լրատվամիջոցի գործառույթն է այդ անհանդուրժողականությունը հաղթահարվել հասարակության միջից:
- Հաղթահարվի ինչի՞ համար:
- Որովհետեւ, եթե նրանք այս երկրի քաղաքացիներ են, պետք է բոլոր իրավունքներից օգտվեն: Մյուս կողմից` նրանք չպետք է չարաշահեն իրենց իրավունքները, գործեն իրենց իրավունքների սահմաններում, իրենց հավաքները չդարձեն քարոզչության միջոց: Կարծում եմ` պետությունը դրան էլ պետք է հետեւի եւ ադեկվատ քայլեր անի: Ինչ վերաբերում է լրատվամիջոցի գործունեությանը, լրատվամիջոցը պետք է դա լուսաբանի, իր մոտեցումն արտահայտի հանդուրժողականության ու խոսքի ազատության բոլոր հնարավորություններով: Իսկ թե ինչպես է արել «Իրավունքը», պետք է վերջում տեսնել` դատական ատյաններն ինչ կասեն:
Մենք խոսքի ազատության եւ խոսքի չարաշահման եզրագծում ենք: Բայց լուսաբանումների ընթացքում եղել են վիրավորանքներ, դա միանշանակ է: Այլ բան է, որ ձեր լրատվամիջոցը հասկանալով, որ վիրավորում է, «զրո հանդուրժողականություն» արտահայտությամբ` վիրավորում է` ասելով, որ դա դեմ է մեր ազգային մենթալիտետին: Դա լրատվամիջոցի կարծիքն է, որը պետք է արտահայտվի, բայց էթիկայի սահմաններում:
- Արտահայտում ենք մեր կարծիքը, բայց մեզ դատի են տալիս:
- Գիտեք, եթե վիրավորանքի որեւէ բան չլիներ, նրանք չէին կարող…
- Դե եթե վիրավորանքի տեսանկյունից ենք նայում, ինձ համար էլ վիրավորական է, որ նրանք` համասեռամոլները, փողոցում միտինգ են անում, իմ երեխան դրանց կարող է տեսնել: Հիմա, ինչ, ես նրանց դատի տա՞մ:
- Դե տարբեր ծնողներ տարբեր կերպ են մոտենում դրան: Օրինակ, եթե երեխան հասկանում է եւ նրանց մասին ծնողին հարցնում է, ծնողը կարող է ասել, որ դա քո ուղին չէ: Տարբերակներից մեկը սա է: Ինձ թվում է, դուք մի քիչ ավելի ճոխ եք ներկայացնում: Երեւի մի երկու-երեք հոգի տեսել եք, գեյ պարադի տեղ եք դրել: Չեմ կարծում, որ քաղաքապետարանը, քաղաքացիները թույլ տան, որ էդպիսի բան լինի:
- Պրն Մելիքյան, համաձա՞յն եք, որ յուրաքանչյուր մարդ ունի անձնական կյանքի իրավունք:
- Իհարկե:
- Բայց երբ այդ անձնական կյանքը վեր են հանում, քարոզում, գումար վաստակում, լրատվամիջոցն էլ դրան հակադարձում է: Խոսքը սրա մասին է. եւ «Իրավունքը» հենց սրա մասին է բարձրաձայնում...
- Այ էստեղ պետությունը պետք է իր գործն անի: Մենք դրա մասին խոսում ենք նորմալ լեզվով: Մենք ոչ վիրավորական բառ ենք կիրառում, այլ տեսակետ ենք հայտնում:
- Դե «զրո հանդուրժողականությունը» նորմալ արտահայտություն է:
- Դա հիմք է տալիս ասելու, որ այն բառերը, որոնք դուք հետո օգտագործել եք, դատարանին հիմք են տալիս ասելու, որ միտումնավոր եք մեզ վիրավորել: «Զրո հանդուրժողականություն» բառակապակցությունը լրագրողներդ գուցե ավելի մեղմ պատկերացնեք` օրինակ, թող իմ երեխան չտեսնի, բայց մեկ ուրիշը կարող է կարդալ ու հասկանալ էսպես` սատկացնել դրանց:
- «Սատկացնել» բառը թերթի այդ հոդվածներում չի օգտագործվել:
- Դե հոգեպես կարող է որոշ մարդիկ կողմ լինեն (նկատի ունի սատկացնել իմաստը հասկանան «զրո հանդուրժողականություն» արտահայտությունը լսելիս): Տարբեր տեսակի ընթերցող տարբեր կերպ կարող է ընկալել այդ արտահայտությունը:
- Դե հիմա, եթե էդպես նայենք, ամեն ինչը կարող է տարընթերցում առաջացնել:
- Չէ, չի կարող: «Զրո հանդուրժողականությունը» տարբեր կերպ կարող է ընկալվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
