«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ՌԻԳԱՅՈՒՄ ԽԱԲԵԼ ԻՐԵՆ»
Արխիվ 12-16«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ՌԻԳԱՅՈՒՄ ԽԱԲԵԼ ԻՐԵՆ»
Հայաստանում է Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավոր, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ, ում հետ երեկ առիթ ունեցանք հանդիպել ՀՀ Ազգային ժողովում եւ զրուցել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային քաղաքական գործընթացների շուրջ:
ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ ԿՈՒԼ ՉԳՆԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԸ
–Պարոն Կալաշնիկով, ինչպե՞ս կգնահատեք օրերս Ռիգայում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովի արդյունքները:
Հատկապես այն, որ այնտեղ ակնհայտ էին տիրող հակառուսական տրամադրությունները, որին, ըստ էության, դեմ էին միայն Հայաստանն ու Բելառուսը:
– Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին եւ, իհարկե, Բելառուսին, որ թույլ չտվեցին Ռիգայում խաբել իրենց: Բելառուսի հետ ԵՄ-ն ունի կոնկրետ պատերազմական հարաբերություններ: Շատ լավ հիշում եմ, թե ինչ եղավ Արեւելյան գործընկերության 1-ին գագաթաժողովին: Այդ ժամանակ Բելառուսին ընդհանրապես չհրավիրեցին` ասելով, որ չեն ընդունում իրենց ղեկավարությանը եւ հրավիրեցին միայն ընդդիմությանը: Եվ դեռեւս այն ժամանակ ինձ համար պարզ էր, որ Արեւելյան գործընկերությունը ոչ մի լուրջ հեռանկարներ չի ունենա: Նրանք ակնհայտ վռնդեցին Բելառուսին` պատճառ բերելով այն, թե մինչեւ այժմ իրենց մոտ գործում է մահապատիժ: Սակայն, նույն այդ կառույցի շրջանակներում իրենց հետ նստած էին ամերիկացիներ, ճապոնացիներ, որտեղ եւս գործում էր մահապատիժը: Ես այն ժամանակ հասկացա, որ այդտեղ երկակի ստանդարտներ են գործում` տարբեր երկրների հանդեպ: Այնուամենայնիվ, ոմանք ծախվում են դրան: Իսկ 4-րդ գագաթաժողովին ընդունված հռչակագիրը, որտեղ Ղրիմի հարցը շահարկելով` փորձում էին հակառուսական տրամադրություններ ստեղծել` եւս մեկ անգամ շնորհակալ եմ Հայաստանին եւ Բելառուսին, որ կուլ չգնացին դրան եւ կարողացան իրավիճակը սթափ գնահատել:
«ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ, ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ»
–Լինելով ՌԴ Պետդումայում ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ` հետաքրքիր է Ձեր տեսակետը ռուսաստանյան արտաքին քաղաքականության վերաբերյալ, այդ թվում եւ Ուկրաինայի հարցում:
– Ճիշտ է, առկա են մեր կուսակցությունների մեջ գաղափարական տարբերություններ, բայց խոսքը ներքին տարաձայնությունների մասին է, իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ մենք հիմնականում միակարծիք ենք իշխանության հետ: Մենք հրաշալի հասկանում ենք Ուկրաինայի խնդիրները: Արեւմուտքին ձեռնտու չէր այն, ինչ տեղի ունեցավ, եւ նրանք այսօր ցանկանում են տեսնել ցանկացածին ՌԴ նախագահ, բայց ոչ Վ. Պուտինին: Հենց դա են վկայում այն սադրանքները, որոնք Սոչիում կայացած օլիմպիադայի խաղերին էին տեղի ունենում: Եվ այստեղ Արեւմուտքն իր իր ուժերն ուղղեց ընդդեմ Ռուսաստանի: Մասնավորապես, նրանք բորբոքված էին, որ ստեղծվում է Մաքսային միություն: Ավելին` տիկին Քլինթոնն առանց ամաչելու ասաց, որ իրենք երբեք թույլ չենք տա ստեղծել նոր Խորհրդային Միություն: Իհարկե, որպես պատասխան, Ռուսաստանի կողմից պաշտոնապես ասվեց, որ մենք չենք պատրաստվում ստեղծել Խորհրդային Միություն, եւ սա տնտեսական միություն է: Այս առումով նրանք սկսեցին սպառնալ. սկզբում մենք չէինք հասկանում, թե ինչի կհանգեցնեն դրանք: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, բոլորովին էլ պատահական չէր:
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆՔ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ»
–Անդրադառնանք նաեւ ԵՏՄ-ին, ի՞նչ ակնկալիք ունեք այս միությունից:
– Հաշվի առնելով, որ ԵՏՄ-ն լրացվում է Չինաստանի հետ համատեղ համաձայնագրերով, այն կարող է դառնալ հզոր միություն: Թեպետ, առանց չինական վեկտորի էլ, այս միությանը բավական լուրջ ապագա էր սպասվում: Ես բոլորովին վերջերս եղել եմ Չինաստանում եւ տեսել, թե ինչպես է այդ աղքատ երկիրը կարողանում հողաթափերից մինչեւ խոզանակ արտադրել իր ժողովրդի համար, մինչդեռ մենք մեր արտադրությունները կորցրել ենք: Մենք պետք է օրինակ վերցնենք Չինաստանից եւ դրան, իհարկե, պիտի նպաստի ԵՏՄ-ն: Մեր խմբակցությունում այսօր կա պատգամավոր, որը հնարել է բջջային հեռախոս: Այնպես որ, ոչ միայն Չինաստանը, այլեւ Ռուսաստանն ու Հայաստանը եւս կարող են զարգացնել իրենց տեխնիկական, ինտելեկտուալ եւ ֆինանսատնտեսական ռեսուրսները:
ԸՍՏ ՌԴ ԿՈՄԿՈՒՍԻ` ՀՀ ԿՈՄԿՈՒՍԸ ԹԵՐԱՆՈՒՄ Է
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ
–Իսկ ի՞նչ կասեք Ձեր հայաստանյան գործընկերների` ՀՀ Կոմկուսի մասին, քանի որ, ի տարբերություն Ձեզ, որ Պետդումայում թվով երկրորդ քաղաքական ուժն եք, Հայաստանում Կոմկուսը խորհրդարանում ներկայացված չէ:
– Տեղին է հիշել Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանին, ով դժվարին տարիներին կարողացավ պահպանել եւ հզորացնել կուսակցությունը: Չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց շատ բան հենց ղեկավարից է կախված եւ կազմակերպչական հարցերում սխալներ թույլ տալուց: Այնուամենայնիվ, մեր հայ գործընկերների հետ սերտ կապեր ունենք ու հուսով ենք, որ մեր աջակցությամբ կկարողանան հաղթահարել եղած դժվարությունները: Ինչեւէ, պետք է նշեմ նաեւ, որ այսօր Կոմունիստական կուսակցությունը խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, քանի որ ընտրությունների ժամանակ մեր օգտին այսօր քվեարկում են գիտնականները, այսինքն` կարդացող մարդիկ, իսկ, օրինակ, աշխատավորները եւ գյուղացիները սկսել են քիչ ձայն տալ մեզ, քանի որ տնտեսական անկումը բերում է նրան, որ մարդիկ սկսել են չկարդալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
