"ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵՐ ԳՅՈՒՂԻՆ 50-60 ՏՈԿՈՍԻ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ"
Արխիվ 12-1650-60 ՏՈԿՈՍԻ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ"
Երեկ վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Նարեկ եւ Քաղցրաշեն համայնքներում: Գյուղերի բնակիչները կառավարությունից օժանդակություն էին խնդրում` մայիսի 23-ին մոտ տասնհինգ րոպե տեղացած ուժեղ կարկուտի պատճառով ողջ ցանքատարածություններն, այդ թվումª խաղողի, ծիրանի այգիների 100 տոկոսով վնասվելու համար: Եվ արդյունքում, նորից "օրակարգ մտավ" դեպի Երեւան եկող ճանապարհը փակելու մեխանիզմը, որը դարձել է նման կարկտահարություններից հետո պատկան չինովնիկներին տեղից շարժելու միակ գործող մեխանիզմը:
Հասկանալի էª կարկուտի հարցում չինովնիկը մեղք չունի: Բայց ահա գյուղացիներն էլ այն պնդումն էին առաջ տանում, որ եթե իրենց տարածքներում էլ տեղադրված լիներ հակակարկտային կայան, գուցե նրանց վնասը այդքան մեծ չլիներ: Թե ինչու մինչ օրս այս տարածքում չկա հակակարկտային կայան, Նարեկ գյուղի գյուղապետ Գարուշ Հակոբյանը նկատեց.
- Սա ընդհանուր ցավ է. տեղադրելով գալիս են, դեռ չեն հասել մեր գյուղին: Տարածքներ կան, որ կարկուտն ամբողջությամբ հողին է հավասարել գիլասի, խաղողի, սալորի բերքը, տարածքներ էլ կան, որ 40-50 տոկոսի վնաս է հասցվել: Այսօր փոխնախարարը եկել, հանդիպել է բնակիչներին, վնասի չափերը ճշտելուց հետո կներկայացվի կառավարությանը` տեսնենք ինչքանով կփոխհատուցեն:
- Մոտավորապես ինչքա՞ն վնաս է hասցվել:
- Ստույգ թվեր դեռեւս չկան, սակայն Գյուղատնտեսության նախարարության եւ մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների մոտավոր տվյալներով` կարկուտը մեր գյուղին 50-60 տոկոսի վնաս է հասցրել, նույն վիճակն է նաեւ հարեւան Քաղցրաշեն համայնքում:
Իսկ այն, որ կարկտահարությունների "սեզոնը" դեռ նոր է սկսում, հուշում է, որ նման բողոքներ էլի ու էլի են լինելու: Ընդ որում, անգամ այն համայնքներից, որտեղ հակակարկտային կայաններ կան, բայց էլի նույն "հաջողությամբ" նման մեծ կորուստներ կրում են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
