"ԵՎՐԱՏԵՍԻԼԻ" ՇՎԵԴ ՀԱՂԹՈՂԸ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ "ԱՆՆՈՐՄԱԼՆԵՐ" Է ԱՆՎԱՆԵԼ
Արխիվ 12-16"ԵՎՐԱՏԵՍԻԼԻ" ՇՎԵԴ ՀԱՂԹՈՂԸ
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ "ԱՆՆՈՐՄԱԼՆԵՐ" Է ԱՆՎԱՆԵԼ
Ավարտվեց "Եվրատեսիլ" աղմկահարույց եւ սկանդալներով հարուստ երգի մրցույթը, որը քաղաքական ենթատեքստեր, համասեռամոլության լոբբինգ ու մեծ փողեր քամուն տվող յուրատեսակ փառատոնի է վերածվել: Նախ նշենք, որ "Եվրատեսիլ-2015"-ում հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ ՄՈՆՍ ԶԵԼՄԵՐԼՅՈՎԸ` իր "Հերոսներ" երգով: Իսկ 6-րդ համարի ներքո "Եվրատեսիլի" եզրափակիչ փուլում հանդես եկած հայաստանյան "Genealogy" խումբը "Առերեսվիր ստվերներին" երգով զբաղեցրեց 16-րդ տեղը: Ուշագրավ էր այն, ինչ տեղի ունեցավ հենց մեր կատարումից հետո. դեռ չէինք հասցրել ոգեւորել, բրավո ասել մերոնց, երբ երգից անմիջապես հետո էկրաններին հայտնվեցին համբուրվող եվրատեսիլյան ինչ-որ համասեռամոլներ:
Սա հերթական անգամ առաջացրեց հայ հանրության զայրույթը: Իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այս մասին գրել է. "Վատն էն էր, որ մեր երգից հետո գոմիկները պաչվան": Անդրադառնալով շվեդ բախտավոր երգչին` Մ. Զելմերլյովին, նշենք, որ նրա հաղթանակը պարզապես հեղաշրջում էր "կոնչիտատեսիլի" վերածված եվրատեսիլյան մրցույթում: Շվեդ երգիչը, ի տարբերություն նախորդ տարվա հաղթող Ավստրիայի ներկայացուցիչ անսեռ Կոնչիտա Վյուրսթի, ոչ միայն չի պաշտպանում ԼԳԲՏ համայնքին, այլեւ բացահայտ արտահայտել է իր ատելությունը նրանց հանդեպ: Թեպետ իր հանդեպ, մեղմ ասած, շվեդական ԼԳԲՏ համայնքը բոլորովին էլ անտարբեր չէ: 2007 թվականին շվեդական "QX" գեյ-ամսագիրը նրան հռչակել է որպես ամենասեքսուալ տղամարդ: Այնուամենայնիվ, մի շտապե՛ք հայհոյել շվեդ երգչին, քանի որ 2014 թվականին շվեդական խոհանոցային հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Մ. Զելմերլյովը շեշտել է. "Համասեռամոլներն իրավունք չունեն երեխաներ դաստիարակելու: Համասեռամոլությունն աննորմալություն է: Միեւնույն ժամանակ, աննորմալ է, երբ տղամարդը քնում է տղամարդու հետ: Մինչդեռ միանգամայն բնական է, որ տղամարդիկ քնում են կանանց հետ ու նորմալ ճանապարհով երեխաներ ունենում": Սակայն, մի՛ շտապեք նաեւ հերոսացնել այս տարվա եվրատեսիլյան "հերոսին", քանի որ նրա շուրջ սկանդալներն այսքանով չեն ավարտվում: Վերոնշյալ եթերից կարճ ժամանակ անց շվեդ երգիչը ճնշումների ներքո ստիպված է լինում ներողություն խնդրել, իհարկե, չհերքելով այն, ինչ արդեն իսկ ասել էր: Ի դեպ, շվեդ սկանդալային երգիչը այդքան էլ հաստատակամ չէ իր տեսակետների մեջ: Բավական է նշել, որ լինելով հոմոֆոբ` նա ժամանակին մասնակցել է շվեդ համասեռամոլների կազմակերպած ինչ-որ գալլա-համերգի, այն էլ բոլորովին մերկ: Ավելին` նա բեմահարթակից դեռեւս այն ժամանակ Ռուսաստանի դեմ ոչ կոռեկտ հայտարարություններ է արել` մեղադրելով ռուսներին հոմոֆոբիայի մեջ: Զարմանալի է, որ այս մասին դեռեւս լռում են ռուսական լրատվական կայքերը, հատկապես, որ այս տարի "Եվրատեսիլում" Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան, կարծես, ճակատագրի հեգնանքով մրցում էր հենց Մ. Զելմերլյովի հետ` առաջին տեղի համար: Այնպես որ, թե շվեդ երիտասարդը ով է իրականում, երեւի թե, միայն ինքը գիտի, քանի որ անգամ խիստ գաղտնի է պահում իր անձնական կյանքը:
Ինչեւէ, դեռեւս մեկ տարի կշարունակվի քննարկվել եվրատեսիլյան խոհանոցը, սակայն, ի վերջո, 16-րդ հորիզոնականում հայտնված Հայաստանը ժամանակն է, որ կողմնորոշվի այս մրցույթի մասնակցության հարցում` կա՛մ բոյկոտել ընդհանրապես, կա՛մ գոնե այդքան էլ լուրջ չընդունել այն` "Եվրատեսիլ" ուղարկելով առաջին պատահածին, ով ինչ-որ ձեւով կարող է այնտեղ աչքի ընկնել: Չէ՞ որ սա այն տեղը չէ, որտեղ գոնե կկարողանանք բարոյական հաղթանակ տանել:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
