ՌԴ-Ն, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԻՐՈՔ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՌԴ-Ն, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԻՐՈՔ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախօրեին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարարի լավատեսական տոնայնությունը կապված Ղարաբաղի հետ, Էլմար Մամեդյարովը այն պահպանում էր նաեւ այդ միջոցառումից հետո: Ավելինª "Ռոսսիա 24"-ի եթերից Մամեդյարովը որոշ նոր փակագծեր էլ բացեց:ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. "ԿԱ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՏԵՂԻՑ ՇԱՐԺԵԼՈՒ ՌԴ-Ի ՀՍՏԱԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ"
Նախ հիշեցնենք, որ հիշատակված ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ղարաբաղյան բանակցությունները Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, որ գործընթացը "հասունացել է" եւ կա համապատասխան "բազա` համաձայնությունների հասնելու համար": Նույն լավատեսական երանգները կային նաեւ Մամեդյարովի խոսքում, որ ժամեր շարունակ "մանրամասնորեն, դետալային կարգով քննարկեցինք բանակցություններում առաջ գնալու հնարավորության հարցը, եւ Սերգեյ Վիկտորովիչի ¥Լավրովի¤ խոսքում նկատվող լավատեսության նոտաները ես էլ եմ կիսում":
Այն, որ այս խառը ժամանակներում Լավրովն իր համար հանգիստ "սառած" Ղարաբաղի հարցը հռչակում է որպես "Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն", եւ դրա համար ԱԳ նախարարների մակարդակով ժամեր պահանջող քննարկումների անհրաժեշտություն է առաջացել, արդեն իսկ հուշում է, որ սա չի կարող պատահական կամ "հերթապահ" դրվագ լինել: Եվ այս առումով բավականին ուշագրավ հետեւությունների տեղիք է տալիս "Ռոսսիա 24"-ի եթերից Մամեդյարովի արած այն բացահայտումը, թեª իր ու Լավրովի այս բանակցությունները տեղի ունեցան, քանի որ կա "Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը տեղից շարժելու ՌԴ-ի հստակ ցանկությունը":
Մամեդյարովի այս միտքը միանգամից առաջ է քաշում մի շարք հարցեր. սա հերթական անգամ բազմիցս պաշտոնապես հնչեցված նման ցանկության բարձրաձայնո՞ւմն է, թե այդ բոլոր խոսքերի տակ դրված է նաեւ գործնական մոտեցում: Եվ եթե այո, ապա այդ ի՞նչ շարժառիթների արդյունքում: "Սերգեյ Վիկտորովիչի խոսքում նկատվող լավատեսության նոտաները կիսելով"ª Մամեդյարովն ցույց է տալիս, որ նույն ցանկությունը կա նաեւ Բաքվո՞ւմ: Եվ, վերջապես, նույն ցանկությունը կա՞ նաեւ Երեւանում, նման հանգամանալից քննարկում Լավրովը նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուների հե՞տ է իրականացրել, ի՞նչ պայմանավորվածություններով:
Սկսելով վերջին հարցիցª նախ հիշեցնենք մեկ ամիս առաջ ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների հայաստանյան այցի մասին, որի շրջանակներում հայտարարվեց, որ Ղարաբաղի հարցով որոշ քննարկումներ եղել են, եւ նույն քննարկումները Օլանդը շարունակեց Բաքվում: Գումարած դրան, այդ ժամանակահատվածում ՌԴ եւ ՀՀ ԱԳ նախարարները եւս տեսանելի եւ աննկատ հանդիպումներ ունեցան: Եվ, վերջապես, դեռ մինչ Վ. Պուտինի հայաստանյան այցը` շրջանառության մեջ մտան լուրեր ¥այդ մասին էին խոսում նաեւ Հայաստան այցելող ռուսական մինչեւ իսկ հեղինակավոր գործիչները¤, որ Ռուսաստանը կարող է հակամարտության կարգավորման հարցով կտրուկ ակտիվացնել իր գործունեությունը: Ու մինչեւ իսկ տարբեր սցենարներ էին մատնանշում, որոնք հիմնականում "Մադրիդյան սկզբունքների" այս կամ այն տարատեսակն էին: Այդ թվում, որ կարող է եւ քննարկվել ադրբեջանական երեք-չորս շրջանների վերադարձի հարցը, սակայն Ղարաբաղի դե ֆակտո կարգավիճակը պահելով հանդերձ, դե յուրե կարգավիճակի լուծումը հետաձգելով երկար ժամանակով: Բայց նաեւ, որ Ադրբեջանը վճարի ռազմատուգանք ¥իհարկեª այլ անվան տակ¤ ու այդ ստատուս-քվոյի պահպանման երաշխավորի կարգավիճակը տրվի Ռուսաստանինª մինչեւ իսկ հայ-ադրբեջանական շփման գոտում խաղաղարար առաքելության տեղակայման տարբերակով: Մի շարք այլ վարկածներ եւս շրջանառվում էին, եւ, կրկնում ենք, հիմնականում "Մադրիդյան սկզբունքների" շրջանակներում: Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, քանիցս պաշտոնապես կողմ է արտահայտվել այդ սկզբունքները կարգավորման հիմքում դնելու օգտին, ու հիշատակված այդ ողջ ընթացքն էլ հուշում է, որ մեր երկիրը "խաղից դուրս" վիճակում չէ:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ասենք այն, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմնակի այլ հանգամանքները հաշվի առնելովª Ադրբեջանն ու Հայաստանը միաժամանակ ընդառաջ գնան կարգավորման որեւէ մեխանիզմի, նոր բան չէ: Ադրբեջանը քանիցս դեմ գնացել "Մադրիդյան սկզբունքներին", եւ եթե իրոք Ռուսաստանը փորձում է լուրջ ընթացք տալ գործընթացին, պետք է հենց Բաքվի հետ լեզու գտներ: Եվ եթե հավատանք Մամեդյարովին, Լավրովը հենց այդ նպատակով էլ իր հետ երկար-բարակ բանակցում էր:
Բայց արդյոք Ադրբեջանի համար է՞լ է լեզու գտնելու հարցը սկսում կարեւորվել: Կան այդ մասին ակնարկող դետալներ: Ռուսաստանի դիրքերը մասնավորապես հարավային ուղղությամբ գնալով միայն ամրապնդվում են: Իսկ դա նշանակում է, որ եթե Հայաստանն ու Ղարաբաղը գտնվում են եվրասիական գոտում, իսկ Ադրբեջանըª ոչ, ուրեմն եղած ստատուս-քվոն թեկուզեւ մեկ մատնաչափով փոխելու տարբերակը մնում է երազանքների դաշտում: Մինչ այժմ կարելի էր սպասել այն հույսով, որ Ռուսաստանը տանուլ կտա Արեւմուտքի հետ հակամարտությունը, դուրս կգա "խաղից" եւ Թուրքիայի միջոցով Ղարաբաղը վերադարձնելու տարբերակը կդառնա ռեալ: Բայց ռուսները միայն ամրապնդում են դիրքերը ու դեռ կամրապնդեն, Թուրքիան էլ, ինչպես եւս մեկ անգամ հուշեց Ցեղասպանության 100-ամյակի պատմությունը, բավականին խոցելի է, էլ չասած, որ Արեւմուտքն այդպես էլ չի դադարեցնում Իլհամ Հեյդարովիչին քննադատելը, "խավյարային դիվանագիտությունն" էլ առաջվա էֆեկտը չունի, ասենքª մինչ այս եվրոպաներում բաժանած տոննաներով խավիարն էլ, ինչպես ցույց տվեց Ռիգայի աղմկոտ գագաթաժողովից Մամեդյարովի փախուստը, որեւէ օգուտ չտվեց: Եվ, վերջապես, Ադրբեջանի` դեպի ԵՏՄ ճանապարհին էլ հայտնվել է Հայաստանը, որը նման շարժն արգելափակելու հնարավորություն ունի: Իսկ ուժով ղարաբաղյան հարցը լուծելու տարբերակը, ինչպես հուշում է այս վերջին տարվա դիվերսիաների հարուստ փորձը, առնվազն խիստ վտանգավոր է: Առավել եւս, որ ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն էլ զգուշացնում է. "Եթե մեզ հրահրեն, սադրանքներ լինեն, եթե ագրեսիա լինի Արցախի հանդեպ... ապա, ըստ անհրաժեշտության, մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այլ տարածքներ":
Դե, ուրեմն Բաքվի համար ռուսների օգնությամբ լեզու գտնելու տարբերակը, չասենք մնում է միակը, սակայն առնվազն լուրջ քննարկման հարց է դառնում: Թեեւ մյուս կողմից էլª դեռ կա Եվրոպային գազ վաճառելու թեման: Դա, իհարկե, բավականին թույլ հույս է, ու թե ինչքանով է Բաքուն դրա կամ լեզու գտնելու տարբերակի օգտին խաղադրույք կատարել, թերեւս մոտ ապագայում պարզ կդառնա:
Եվ վերջապես կարելի է նկատել, որ Ղարաբաղում որոշակի հանգուցալուծումը ՌԴ-ի համար էլ է սկսում կարեւորվել: Նախª միաժամանակ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ հարաբերությունների զարգացումը արդեն իսկ Մոսկվայի համար, ինչպես ցույց տվեց նաեւ Վ. Պուտինի ապրիլի 24-ի հայաստանյան այցը, դարձել է լուրջ գլխացավանք:
Բայց դրանից էլ կարեւոր գործոն կա: Այս օրերին Մերձավոր Արեւելքը եռում է բառիս բուն իմաստով, ու այն, որ ցանկացած պահի հնարավոր է մեծ պայթյուն, որի թիկունքում պարզորոշ տեսանելի է Վաշինգտոնի ականջները, ակնհայտ է: Փաստ է նաեւ, որ Ռուսաստանը գնալով ակտիվացնում է իր դիրքերն այդ ուղղությամբ, եւ Իրանին արագացված կարգով C-300-ներ տալու գործընթացն ավարտական փուլ մտնելու Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի նախօրեին արված հայտարարությունը հուշում է, որ Իսլամական Հանրապետության ռազմական դիրքերն ամրապնդելովª Մոսկվան դեռ հույս ունի պայթյունը կանխել: Շատ գործոններ հուշում են, որ դա կարող է եւ չհաջողվել: Իսկ Մերձավոր Արեւելքում նման պայթյունից հետո, եթե ալիքը հասնի նաեւ Ղարաբաղ, հաստատ ռուսների խնդիրը բավականին կբարդանա: Իսկ սա արդեն շատ լուրջ պատճառ էª բանակցային գործընթացի ակտիվացման միջոցով ղարաբաղյան թեման գոնե հնարավորինս չեզոքացնելու համար, հաշվի առնելով, որ ամեն դեպքում արագ վերջնական լուծման տարբերակը հաստատ բացառվում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
