Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՀԱՅԻ ԱՄԵՆԱԻՍԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԸ ՄԻԱՅՆ ԻՆՔԸ ՀԱՅՆ Է»

Արխիվ 12-16

«ՀԱՅԻ ԱՄԵՆԱԻՍԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԸ
ՄԻԱՅՆ ԻՆՔԸ ՀԱՅՆ Է»


Ընդամենը մեկ օր անց` մայիսի 28-ին, կրկին կնշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը: Եվ այսօր ճիշտ ժամանակն է` ոչ միայն տոնի խորհուրդն ընկալելու, այլեւ պատմությունից դասեր քաղելու: Ի վերջո, ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր աշխարհաքաղաքական բավական լարված իրավիճակ է տիրում, իսկ Հայաստանն Արեւմուտքի եւ Արեւելքի ազդեցության արանքում պայքարում է հանուն իր անկախության պահպանման եւ գոյատեւման: Ներկայացնենք պատմաբանների տեսակետները այս ամենի մասին:

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ԻՐԱՐ ՀԵՏ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՑԻՆ»

Թե ընդամենը երկու տարի տեւած Առաջին հանրապետության քաղաքական սխալները որոնք էին, ինչը գոնե այսօր չպետք է կրկնենք, նախ պարզեցինք պատմաբան, գրող, հրապարակախոս ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԻ կարծիքը. «Առհասարակ, Առաջին հանրապետության խորհուրդը մենք չընկալեցինք:

Ամենամեծ սխալը ի սկզբանե եղավ այն, որ ռազմական ուժը եւ քաղաքական միտքը իրար հետ չհամագործակցեցին: Եվ արդյունքում, չօգտվելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի տված հնարավորություններից` Ազգային խորհուրդը հունիսի 4-ին կնքեց Թուրքիայի հետ հաշտություն, որով, փաստորեն, պարտված Թուրքիան մեզ «նվիրեց» անկախ հանրապետություն»: Շեշտելով Առաջին հանրապետության թույլ տված մյուս սխալները` պարոն Անթանեսյանը նշեց. «Այդպես էլ այդ կարճ ժամանակամիջոցում մեր ժողովուրդը չգիտակցեց, որ առնվազն հազարամյա ընդմիջումից հետո անկախ պետականություն ստեղծվեց: Գուցե եղածը հետեւանքն էր նրա, որ այդ պետականությունը չստեղծվեց համազգային ջանքերով: Ես այդ պետականության ծնողին համարում եմ մեկ մարդու` Արամ Մանուկյանին, բայց ամբողջ ազգը չէր պայքարում»:

«ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏՐՎԵՐ, ՈՐ ԹՇՆԱՄԻՆ ԱՅՍՔԱՆ ՄՈՏԵՆԱՐ»

Շարունակելով թեման` ԵՊՀ դասախոս, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ընդգծեց. «Մենք խոսում ենք մայիսյան հաղթանակների` Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ճակատամարտերի կարեւորության մասին, բայց, ցավոք, չենք խոսում այն մասին, թե ինչու թույլ տվեցինք, որ թուրքական բանակը հասավ, փաստորեն, Հայաստանի մայրաքաղաքին: Մինչդեռ մենք հնարավորություն ունեինք էրզրումի գիծը պահելու կամ եթե գոնե Էրզրումը չէ, ապա Կարսի գիծը պահելու եւ թշնամուն այսքան մոտ չթողնելու: Սա շատ կարեւոր հարցադրում է, որը վերջին շրջանում անընդհատ շրջանցում ենք»: Իսկ ինչ վերաբերում է ազգային պայքարին` պարոն Մելքոնյանը հավելեց. «Այո, միայն վերջին պահին, երբ այլեւս տեղ չկար փախուստի, ժողովուրդը որոշեց համախմբվել եւ պայքարել: Իհարկե, մայիսյան հաղթանակները մեզ համար հպարտություն են, բայց այստեղ շատ կարեւոր հարցեր կան` դասեր քաղելու առումով: Համենայնդեպս, չպետք է թույլ տրվեր, որ թշնամին այսքան մոտենար այն դեպքում, երբ մենք հատկապես Կարսի ամրոցում ունեինք բավականին մեծ ռեսուրսներ` մի քանի ամսվա պաշարներ, զինվորականներ, որոնք, պարզապես, զոհ գնացին քաղաքական խարդավանքներին»:

«ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ»


Վերադառնալով մերօրյա խնդիրներին` մասնավորապես Արեւմոտքի ազդեցությանն ու ռուսական գործընկերությանը, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրին, պատմաբանները տվեցին իրարամերժ մեկնաբանություններ: Ըստ Վ. Անթանեսյանի. «Այսօր մենք պատմությունից դաս չենք առնում եւ, փաստորեն, հանրությունը բաժանված է երկու հիմնական մասի` ռուսամոլներ եւ արեւմտամոլներ: Եվ ընդամենը մի չնչին հատվածն է, որ, իսկապես, մտածում է հայության մասին ու հայակենտրոն է: Անկախ մեր կողմնորոշումից` մեծ քաղաքականության մեջ յուրաքանչյուր պետություն իր շահերից ելնելով է վարում իր քաղաքականությունը, եւ հավերժական դաշնակից չունենք: Ռուսի լավ բարեկամ լինելը միֆ է: Հայի ամենաիսկական բարեկամը միայն ինքը հայն է ու իր զորությունը»: Մինչդեռ, Գ. Մելքոնյանը վստահ է, որ այսօր իրավիճակը բոլորովին այլ է. «Այն պետությունները, որոնք չունեն մեծ ռեսուրսներ, այդ թվում եւ մեր հանրապետությունը, բնականաբար, չեն կարող, այսպես ասած, ինքնուրույն լինել միջազգային ասպարեզում: Հետեւաբար, մեր պես հետխորհրդային պետություններին բնորոշ է, որ պետք է ունենան դաշնակիցներ, ռազմավարական գործընկերներ: Եվ կարծում եմ` այս առումով այսօրվա իրավիճակը Առաջին հանրապետության իրավիճակին ընդհանրապես նման չէ: Համենայնդեպս, մենք մեր անվտանգության հարցում այսօր ունենք հստակ երաշխիքներ եւ համագործակցության հիմքեր: ՌԴ-ի հետ իսկապես այժմ ստեղծվել են ռազմավարական խոր հարաբերություններ, ինչը չկար Առաջին հանրապետության տարիներին: Ժամանակին, փաստորեն, բանակցություններ վարում էին դաշնակցական իշխանությունները Մոսկվայի հետ, եւ Ադրբեջանը կարողացավ ճիշտ կողմնորոշվել: Սա էր պատճառը, որ նրանք կարողացան նվաճել Նախիջեւանը, Արցախը: Իհարկե, ցավոք սրտի, թե բարեբախտաբար, մեծ պետությունների շահերը չեն փոխվել»:

«ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ Է»


Իսկ թե ի՞նչ է փոխվել այսօր քաղաքական առումով, որպես վերջաբան` Մելքոնյանն ասաց. «Իրավիճակը նաեւ տարբերվում է նրանով, որ այսօր առայժմ քաղաքական պայքարը, փառք Աստծո, չի մտել բանակ: Առաջին հանրապետության հայկական բանակի պարտության պատճառն այն էր, որ քաղաքական հոսանքները շատ արագ սողոսկեցին բանակ, եւ այն քաղաքականացվեց: Եվ, օրինակ, 1920 թվականին Կարսի անկման պատճառը ոչ թե պարենի պակասն էր, այլ համարձակության պակասը: Բանակը ենթարկվել էր քաղաքական հոսանքների, եւ ասում էին, որ բոլշեւիկներին հարող թուրքերին չենք կրակի, կամ էլ առանձնացնում էին` մենք դաշնակցական ենք կամ հակադաշնակցական: Այդպիսով` բանակը բաժանված էր մի քանի քաղաքական խմբերի: Իսկ այսօր` անկախ քաղաքական կուրսից, քաղաքական կուսակցությունների դիրքորոշումից, բանակի հարցում բոլորը միանշանակ կարծիք ունեն, եւ մեր բանակը ապաքաղաքականացված է: Այսօրվա մեր գլխավոր երաշխավորը բանակն է, իսկ եթե բանակը մտնի քաղաքական գործընթացների մեջ, ապա մենք արդեն տեսել ենք, թե Առաջին հանրապետությունում ինչ տեղի ունեցավ դրա պատճառով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ