ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ԴԻՄԵՑ ԴԱՏԱՐԱՆ
Արխիվ 12-16ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԻԱՅՆ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ԴԻՄԵՑ ԴԱՏԱՐԱՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ընդդեմ գործարար ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հայցադիմում է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Պատճառը դժվար չէ կռահել. Հայրապետյանը բազմիցս հայտնի օֆշորային գործով մեղադրանքներ է հնչեցրել նախկին վարչապետի հասցեինª նրան համարելով իր սնանկացման պատմության հիմնական դերակատարներից մեկը: Դե, Տիգրան Սարգսյանն էլ, երեւի, վերջապես որոշեց դա համարել զրպարտանք եւ Հայրապետյանից պահանջում է 1 մլն դրամª որպես բարոյական վնասի հատուցում:Բայց չմոռանանք, որ օֆշորի գործն արդեն տարիների պատմություն ունի: Ավելին` ի սկզբանե լրատվամիջոցները եւ ոչ Հայրապետյանը տեղեկացրին, որ վերջինիս փողերը նախկին վարչապետի անունով բացված օֆշորային հաշվին են փոխանցվել: Ուրեմն` ինչպե՞ս ստացվեց, որ միայն տարիներ անց Տ. Սարգսյանը որոշեց դատարանով "պատիվ պահանջել": Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք նախկին վարչապետի շահերը ներկայացնող փաստաբան ԱՐՄԱՆ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ:
- Դժվարանում եմ ասել, թե ինչու հենց հիմա է իմ վստահորդը որոշել դիմել դատարան եւ դատի տալ Փայլակ Հայրապետյանին, որովհետեւ այդ հարցը չեմ քննարկել նրա հետ: Երբ վստահորդը դիմում է մեզ` խնդրելով աջակցել իրավունքների պաշտպանությանը, մեր գործն է, որպես փաստաբան, եթե հիմքեր տեսնում ենք, պաշտպանել նրա իրավունքները: Իսկ այս գործով այդ հիմքերը տեսնում ենք: Թե ինչով է պայմանավորված, որ ավելի վաղ չի դիմել, կդժվարանամ ասել:
- Մասնավորապես ի՞նչն է նախկին վարչապետը համարում զրպարտանք:
- Այս պահին ես չէի ուզի դատական նիստից առաջ անցնել եւ փակագծերը բացել: Ընդհանուր առմամբ, հայցադիմումի պահանջը հետեւյալն է` պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին "shamshyan.com" էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաեւ Փայլակ Հայրապետյանից` հօգուտ Տիգրան Սարգսյանի, բռնագանձել 1 մլն դրամ` որպես բարոյական, տվյալ դեպքում զրպարտության վնասի հատուցում:
Մի շարք օրենսդրական պահանջներից ելնելովª Տիգրան Սարգսյանի հետ այս հարցով քննարկում եղել է: Մանրամասներ չեմ կարող ասել, այս պահին միայն այսքանը:
- Հայտնի օֆշորային գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը պնդում է, որ հենց ինքն է կեղծել Ձեր վստահորդի ստորագրությունըª օֆշորային գոտում հաշվեհամար բացելու նպատակով: Դա, անշուշտ, շատ լուրջ հանցանք կլիներ Ձեր վստահորդի նկատմամբ: Ինչո՞ւ նախկին վարչապետը չի փորձում այս գործում` որպես տուժող ներգրավվել, եթե Սուքիասյանի ասածներն իսկապես իրականություն են:
- Դժվարանում եմ ասել, քանի որ ես Տիգրան Սարգսյանի շահերը ներկայացնում եմ միայն մեկ հրապարակման շրջանակներում` իրավունքների հետ կապված գործով: Այլ գործերով իրավասու չեմ որեւէ բան քննարկել, ներկայացնել, տեղեկացնել:
- Բայց ստորագրություն կեղծելը եւս իրավունքների հետ կապված գործ է:
- Համաձայն եմ, բայց այդ գործը իմ լիազորությունների շրջանակից դուրս է:
- Չե՞ք կարծում, որ 1 մլն դրամը` որպես բարոյական վնասի փոխհատուցում, սնանկացած գործարարից պահանջելու համար շատ է:
- Ոչ, քանի որ դա թույլատրելի գումարի կեսն է: Տվյալ գործողության համար քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է երկու միլիոն դրամ:
Վերոնշյալ գործի հետ կապված` մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ գործարար Փայլակ Հայրապետյանից, սակայն վերջինիս հեռախոսն ամբողջ օրն անհասանելի էր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
