ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ
Արխիվ 12-16ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ
ԱՐՏԱԴՐՎՈՂ ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի թանկացման հիմքերն է ամրապնդում: Մասնավորապես՝ այսօր, մայիսի 29-ին հրավիրված հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել փոքր ՀԷԿ-երի, հողմային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրաէներգիա արտադրող կայանների կողմից արտադրվող և առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի գինը 2,4-ից մինչև 4,4 դրամի սահմաններում բարձրացնել: Նախորդ և ներկա որոշումների համեմատությամբ պարզ է դառնում, որ հանձնաժողովը բարձրացնելով կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը կամաց-կամաց հիմքեր է ստեղծում սպառողներին մատակարարվող հոսանքի գնի թանկացման համար: Մասնավորապես՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը նախորդ՝ 21,168 դամի փոխարեն հանձնաժողովի այսօրվա որոշման համաձայն հուլիսի 1-ից կկազմի 23,631 դրամ, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը նախորդ՝ 14.110 դրամի փոխարեն կկազմի 15.751 դրամ:
Խմելու ջրատարների վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը նախորդ՝ 9.408 դրամի փոխարեն սահմանվել է 10,502 դրամ, հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվող 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը նախորդ՝ 38,005 դրամի փոխարեն սահմանվել է 42,426 դրամ, իսկ կենսաբանական զանգվածից էլեկտրաէներգիա արտադրող կայանների արտադրած 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը նախորդ՝ 40,542 դրամի փոխարեն սահմանել է 42,426 դրամ:
Այսօր ընդունված որոշման համաձայն ուժը կորցրած է ճանաչվել հանձնաժողովի կողմից ամիսներ առաջ՝ 2014 թվականի նոյեմբերի 26-ին ընդունած N424Ն որոշումը: Նոր որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, մեկ տարի ժամկետով:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
