ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ՀԱԿ-Ն ԷԼ ՎՐԱԴԻՐ. ՀԽ-Ն ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Արխիվ 12-16ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ՀԱԿ-Ն ԷԼ ՎՐԱԴԻՐ. ՀԽ-Ն ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
"Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության անդամ "100-ամյակն առանց ռեժիմի" շարժման ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանն օրեր առաջ հայտարարել էր, թե չեն համագործակցելու մարտի 1-ի մեղսակից ուժերի հետ: "Համագործակցություն կլինի միայն Նիկոլ Փաշինյանի հետ",- մանրամասնել էր ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ:
Համագործակցությունը պետք է լինի Հայաստանում գործող ռեժիմի հեռացման համար: Սակայն, Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունից առաջ, "Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարել էր, որ պետք է սկսել է շփումներ հաստատել այլ քաղաքական ուժերի հետ: Այդ թվում` նաեւ այն ուժերի, որոնց հետ նախկինում այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր. խոսքը ՀԱԿ-ի եւ "Հայազն" կուսակցության մասին է:
"Իրավունքը" ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ՀԽ-ի հետ` իշխանափոխության գործընթացի նպատակով: "Մենք կողմ ենք բոլոր տեսակի համագործակցությանը, բոլոր այն ուժերի հետ, որոնք նպաստում են իշխանափոխությանը",- հակիրճ պատասխանեց Արամ Մանուկյանը:
Այն, որ ՀԱԿ-ը իշխանափոխություն բառը լսելիս` պատրաստ է բոլորի հետ համագործակցել, անգամ սատանայի, նորություն չէ, բայց "Հիմնադիր խորհրդարանը", կարծես թե, կողմնորոշվելու խնդիր ունի` համագործակցել միայն Նիկոլ Փաշինյանի հե՞տ, թե՞ ՀԱԿ-ի հետ եւս համագործակցություն հնարավոր է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
