ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Քանի որ ամենաթեժ թեման էլեկտրաէներգիայի թանկացումն է, պարապ մնացած ՀԱԿ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ զարմանալիորեն որոշեց հանրությանը մատուցել "սենսացիոն" լուր, բայց այն էլ` դա ոչ նորություն է, ոչ էլ սենսացիա. "Սենսացիան, որ ինձ համար 2 տարի առաջ բացահայտել էի, այն էր, որ մենք հոսանք էինք առնում Վրաստանից: Այն ժամանակ պարզվեց, որ մենք վրացիներին հոսանք ենք տալիս, քանի որ իրեք մեզ պարտք են, ու այդ պարտքը փակելու միջոց է դա: Դրանից առաջ էլ մենք վրացիներին միշտ հոսանք տվել ենք, քանի որ մեզ մոտ ավելցուկի խնդիր կա: Մենք կարող ենք պարտադրել ավելին, քան մեր պահանջարկն է, բայց այսպես` աչքներդ լույս, արդեն քանի օր է մեր հյուսիսային շրջանները`
Թալին, Լոռի, Վանաձոր, Գյումրի նստած են վրացական հոսանքի վրա, այսինքն` Հայաստանը հոսանք է առնում Վրաստանից": Հետաքրքիր է, Արամ Մանուկյանն իր ասածից գլուխ հանե՞ց, թե համացանցում մի բան կարդացել է ու որոշել է տպավորություն գործել: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, ընդդիմադիր պատգամավորին ասենք` "գամառջոբա": Ի՞նչ եք կարծում, մազութային սուլթանատի ագրեսիայից ո՞վ է մեզ հուսալիորեն պաշտպանում: Անշուշտ կասեք` մեր բանակը, սակայն լոնդոնասեր ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ռազմաքաղաքական սենսացիա է բացահայտել եւ պարզել, որ պաշտպանողը Արեւմուտքն է. "Ադրբեջանը ցանկանում էր պոկել հերթական փաստաթուղթը` ոչ այնքան լավ նպատակներով: Ռիգան թույլ չտվեց Ադրբեջանին ստանալ մի փաստաթուղթ` ռազմական որեւէ արկածախնդրություն հետագայում արդարացնելու համար: Սրանում մենք հետագայում կհամոզվենք: Ադրբեջանը փորձում էր հասկանալ, արդյո՞ք կարող էր անցած տարվա ռազմական ոտնձգությունները լեգալիզացնել: Արեւմուտքը հասկացրեց Ալիեւին, որ նա ռազմական արկածախնդրություն իրականացնելու իրավունք չունի եւ չի կարող լեգալիզացիա ստանալ": Այսինքն` հանգիստ եղեք, քանի Արեւմուտքը կա, Հայաստանին բան ասող չի լինելու: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, հիշատակենք Սաֆարյանի պատմության դասատուին, որը նրան չի սովորեցրել, թե ինչ էին ասում Անգլիայի ղեկավարները 1915-ին. "Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները": Այնպես որ, պրն Սաֆարյան, նստիր, 2:
Իսկ հաճախակիորեն դիրքեր այցելող եւ դիրքապահներին գիշերային տեսողության սարքեր հասցնելու շարունակական ակցիայի հեղինակ, ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ վրա "Ֆեյսբուքում" հարձակում էին գործել ՀԱԿ-ի ակտիվիստները: Եվ ինչն էր պատճառը` նրանք ծամոն էին սարքել մի ֆոտոկադր, ուր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քայլում է պատվո գորգով, եւ հա մի գլուխ հայտարարում էին, թե նախարարը գորգից չի իջնում, որ հանկարծ խոտերի մեջ կոշիկները չկեղտոտի: Արշակ Զաքարյանը նրանց բացատրեց, որ իրենց ասածը, մեղմ ասած, հիմարություն է եւ "ինչու գլխարկ չես դնում" հարցադրումների սերիայից է, սակայն շատ վատ նեղացան նրանից: Գրանտածիծները քիչ էին, հիմա էլ այդ ոչ պատվաբեր գործին ՀՀՇ-ականներն էլ լծվեցին:
Գոռ Վարդանյանի գլխավորած Դուքենդո Հայաստանի ֆեդերացիայի ամփոփիչ մրցաշարին գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ բավականին հետաքրքիր բան ասաց. "Ֆեդերացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ այս երկրի, պետության ակունքներում է կանգնած ու լավ դաստիարակություն է տալիս մեր սերունդներին: Մանավանդ հայոց բանակին ֆիզիկապես ամուր զինվորներ է տալու: Հպարտություն եմ ապրում` տեսնելով, որ այս սերունդն ավելի ուժեղ է, ավելի խելոք է, ավելի պատրաստակամ` այս անկախությանը տեր կանգնելու, քան թե ժամանակին, երբ մենք նոր սկսեցինք: Մաշտոցի այբուբենից հետո ֆիզիկական պատրաստվածությունն ու առողջությունն է կարեւոր, այն մեծ նշանակություն ունի` բանակին ծառայելու առումով: Բացի դա, ուժեղ մարդը նենգոտ բաներ չի անում, դուզ-դուզ մարդ է, ճիշտ խոսում է": Դե ինչ, շատ առողջ միտք է` թող երեխաները Մաշտոցի տառերը սովորելուց հետո մարտարվեստ սովորեն: Բայց ամենազարմանալին այն է, որ Մաշտոցի տառերն ամենաուղղակի կապն ունեն մարտարվեստի հետ: Արդեն քանի տարի է լեգենդար ազատամարտիկ հետախույզ Գեւորգ Գեւորգյանը ուսուցանում է իր հեղինակած շատ արդյունավետ մարտարվեստը, որի բոլոր շարժումները հիմնված են մեր այբուբենի տառերի պատկերի վրա: Դե ինչ, ինչքան նոր սերունդը ուսյալ եւ միաժամանակ ուժեղ լինի, այնքան լավ բոլորիս համար:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
