"ԵՄ-Ի ՀԵՏ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԻՆ"
Արխիվ 12-16"ԵՄ-Ի ՀԵՏ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԻՆ"
Մայիսի 22-ին Ռիգայում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Հանդիպումն ավարտվեց ԵՄ-ի հետ հռչակագրի ստորագրմամբ: Թե երբ եւ ինչպես կյանքի կկոչվեն հռչակագրում ամրագրված դրույթները, "Իրավունքը" պարզեց ԱԳ փոխնախարար ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ զրույցում:–Պարոն Նազարյան, կարո՞ղ եք ասել, թե երբ կոնկրետ կյանքի կկոչվեն Հայաստան-ԵՄ հռչակագրի դրույթները:
– Այն դրույթները, որոնք առնչվում են Հայաստանին կամ ավելի ճիշտ` Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանք հետեւողական կերպով կյանքի կկոչվեն: Ինչ վերաբերում է ժամանակացույցին, Ձեր հարցը հավանաբար Հայաստան-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին է, մենք սպասում ենք ԵՄ-ի խորհրդի կողմից մանդատի հաստատմանը: Դրանից հետո անմիջապես կմեկնարկեն բանակցությունները:
– Մանդատը Հայաստանը կստանա ԵՄ 28 երկրի հավանությունը ստանալուց հետո միայն: Արդյո՞ք բոլորը սեղմ ժամկետում կտան իրենց համաձայնությունը:
– ԵՄ-ի անդամ բազմաթիվ երկրների կողմից լսել ենք վերահաստատումներ եւ աջակցության կոչեր` Հայաստան-ԵՄ հարաբերությունների հաստատման ու սեղմ ժամկետներում բանակցություններ սկսելու համար:
– Հռչակագրում ամրագրված "Horizon 2020" ծրագիրը տնտեսական ո՞ր ոլորտներում է նախատեսում Հայաստան-ԵՄ համագործակցությունը:
– Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու խթանումը գիտության, ՏՏ-ի ու նորարարության ոլորտներում է լինելու: ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո, կարծում եմ, գիտական համայնքի աշխուժացում կլինի:
– Գիտության ոլորտի աշխուժացումը կնպաստի՞ Հայաստանում ԵՄ-ի ներդրումների ավելացմանը:
– Այո, քանի որ խոսքը վերաբերում է գիտության ոլորտի աշխուժացմանը:
– Պարոն Նազարյան, կցանկանայի անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Վերջերս հայտնի դարձավ ՄԱԿ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայոց ցեղասպանությունը համարում է "գազանային հանցագործություն", բայց չի շտապում օգտագործել "ցեղասպանություն" տերմինը: Ըստ Ձեզ` արդյոք սա հայկական դիվանագիտության բացթողումը չէ: Ինչո՞ւ չկարողացանք այնպես աշխատել, որպեսզի ՄԱԿ-ը եւս 1915 թ.-ի դեպքերը ցեղասպանություն համարի:
– ՄԱԿ-ում կան այլ փաստաթղթեր, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթուղթ, որտեղ ձեւակերպված է Հայոց ցեղասպանության խնդիրը: Խոսքը վերաբերում է 1985 թ.-ին փոքրամասնությունների պաշտպանության ու խտրականության վերացման ենթահանձնաժողովի զեկույցին, որն ավելի ուշ հավանության է արժանացել մարդու իրավունքների հանձնաժողովի ու ՄԱԿ-ի սոցիալական ու տնտեսական խորհրդի կողմից: Իհարկե, կարեւոր է, որ ցեղասպանություն բառը հնչի ոչ միայն ՄԱԿ-ի, այլեւ մյուս կառույցների ղեկավարների կողմից: Այդ ուղղությամբ Հայաստանի դիվանագիտությունը աշխատում է: Չեմ համարում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը թերացել է այդ հարցում (նկատի ունի, որ ՄԱԿ-ի ղեկավարը "ցեղասպանություն" բառը չի օգտագործել-խմբ.):
– Կարծիք կա, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում խնդիր է դրված պայքարել ավելի շատ ոչ թե Ցեղասպանության ճանաչման համար, այլ ցեղասպանությունը ժխտելու դեմ: Համամի՞տ եք այդ տեսակետին:
– Ոչ: Մենք առաջնորդվում ենք ե՛ւ միջազգային ճանաչման, ե՛ւ ժխտողականության դեմ պայքարով: Որպես ցեղասպանության արհավիրքը տեսած ժողովուրդ` մեր բարոյական պարտքն է առաջ մղել նաեւ ցեղասպանության կանխարգելման օրակարգը եւ այդ ուղղությամբ տանել հետեւողական աշխատանք: Ապրիի 22-23-ին ականատես եղաք Հայաստանում "Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության" խորագրով ֆորումին: Հայաստանը, այս հարցում ունենալով ղեկավարողի դեր, չի պատրաստվում ղեկավարողի դերը զիջել:
– Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ականատես եղանք նաեւ Հայոց ցեղասպանությունը չճանաչած հարեւան Վրաստանի, կոպիտ ասած, արհամարհական վերաբերմունքին, քանի որ ապրիլի 24-ին Հայաստանում առաջին դեմքերի մակարդակով ներկայացված չէր:
– Ես դա այդպես չէի համարի: Մենք ունեցել ենք բավական լայն արձագանք` ուղարկված հրավերների ու մասնակցության առումով: Այդ առումով աջակցության ու ներկայության պակաս չի զգացվում: Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը գործընկերներ պետությունների հետ` ցեղասպանության կանխարգելման օրակարգը ՄԱԿ-ում եւ այլ միջագզգային կառույցներում առաջ տանելու համար:
– Վրաստանը նաեւ Արցախի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչեց: Ինչպե՞ս եք սրան վերաբերվում:
– Ես չէի ցանկանա այս պահին դա մեկնաբանել, որովհետեւ Արցախի ժողովուրդն իր ազատ կամքի արտահայտությունն արել է: Ժամանակ առ ժամանակ` ընտրությունից ընտրություն, Արցախ են այցելում միջազգային տարբեր դիտորդներ: Մեզ համար ավելի էական է այդ դիտորդների, տվյալ հարցով զբաղվող մասնագետների կարծիքը, որը հիմք ընդունելով կարող ենք ասել` Արցախում իրականացվում են ազատ ընտրություններ, ազատ կամարտահայտում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
