ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԼԱՎ ԹԱՏՐՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ԼԱՎ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԼԱՎ ԹԱՏՐՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ԼԱՎ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական 3-րդ բաց փառատոնի շրջանակներում օրերս Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում ցուցադրվեց «Մաուգլի» ներկայացումը` դերասան բեմադրիչ Արման Նավասարդյանի ռեժիսուրայով:
Ներկայացման ավարտին դահլիճից դուրս եկող հանդիսատեսն իրար մեջ քննարկում էր ներկայացումն ու առանձնացնում դերասանական պլաստիկան: Նրանց թվում էր նաեւ փառատոնի հանձնախմբի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, որն «Իրավունքի» հետ զրույցում փաստեց. «Կառանձնացնեմ երիտասարդ դերասանների ոչ միայն պլաստիկան, այլ նաեւ խոսքը: Բեմը չուներ ոչ մի դեկորացիա ու այդ դատարկության մեջ դու հավատում էիր, որ սա ջունգլի է, որ նրանք կենդանիներ էին, որ կռվում են... Իսկ ամենադժվարը հավատալն է: 18 հոգու բեմի վրա այդքան մեծ ուժեղ պլաստիկայի մեջ պահել եւ այնքան համահունչ, որ դիսոնանս չլինի, դա բավական բարդ աշխատանք է: Ինքս էլ բեմադրիչ եմ եւ գիտեմ` դա շատ տաժանակիր աշխատանք է եւ այն իր հոյակապ արդյունքը տվեց»,- ընդգծեց Լ. Մնացականյանն ու հավելեց. «Փառատոնի
շրջանակներում ցուցադրվող բոլոր ներկայացումները լավն են, այ դա է ինձ դուր գալիս «ԱՐՏ ՖԵՍՏ»-ում, որ բոլորն էլ ընտրված, գեղագիտական ճաշակ ունեցող ներկայացումներ են: Համենայնդեպս` դեռ վատ ներկայացում չեմ տեսել, վստահ եմ, որ չի էլ լինելու: Կարծում եմ` Արտ Ֆեստը մեծ թափ է ունենալու, որովհետեւ ժյուրիի անդամներս ազնվորեն, առանց ամբիցիաների, ուզում ենք ընտրել լավագույնին եւ հանդիսատեսին բերել թատրոն, սա է մեր գերնպատակը»,- եզրափակեց դերասանուհին:
Ներկայացման երիտասարդ դերասաններն այս տարի ավարտում են հանձնախմբի մեկ այլ անդամ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ արվեստանոցը եւ «Մաուգլին» էլ որոշ իմաստով հանդիսանում է նրանց դիպլոմային աշխատանքը: Դերասանների տեխնիկապես պատրաստվածության մասին մեզ հետ զրույցում Դ. Հակոբյանը հետեւյալն ասաց. «Վերջին հաշվով 21-րդ դարը ունիվերսալ
դերասանի դարաշրջան է: Դերասանը ունիվերսալ է եղել իր սկզբնաղբյուրում, հետո, երբ թատրոնները ժանրերի բաժանվեցին, դերասանը կորցրեց իր այդ հատկությունը` մեկը ողբերգության դերասան է, մյուսը` կոմեդիայի... Այսօր նորից դերասանը ուզի, թե ոչ` վերադառնում է իր նախնական վիճակին: Դերասանն ամեն ինչ պետք է կարողանա անել, համենայնդեպս` իմ ներկայացումներում աշխատում եմ դա անել: Հատկապես իմ ուսումնական պրոցեսի ժամանակ աշխատում եմ նրանց դեպի դա տանել, որ դերասանը ցանկացած պահին պետք է կարողանա ցատկել, պարել, երգել, նվագել, ինչու ոչ` ձի քշել, ակրոբատիկ շարժումներ անել, սա է մեր գերխնդիրը, որ դերասանը չկաշկանդվի մի տեսակի մեջ, այդ թատրոնն արդեն վաղուց չկա: Ես համացանցով ու հեռուստատեսությամբ նայում եմ տարբեր երկրների ներկայացումներ, վաղուց թատրոնը փոխվել է, մենք էլ դրա կարիքն ունենք: Թատրոնը մի քիչ դժվար է փոխվում` չի կարող ինքնանպատակ փոխվել, պետք է հասարակության հետ համահունչ լինի, հասարակությունից մի քայլ առաջ: Բայց մեր երկրում դեռ շատ անելիք կա, խորապես համոզված եմ` լավ թատրոնը կարող է կայանալ լավ կայացած պետության մեջ, իսկ մեր պետությունը դեռ պատերազմներ, տնտեսական, սոցիալայկան վիճակներ... Նույնն էլ` թատրոնն է: Բայց, իրավունք չունենք դերասաններին այդպես չդաստիարակելու, նրանցից չպահանջելու այդպիսին լինել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
