ՎԻՐԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԱԿՑԻԱՆ` Ի ՀԵՃՈՒԿՍ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ»
Արխիվ 12-16ՎԻՐԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԱԿՑԻԱՆ` Ի ՀԵՃՈՒԿՍ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ»
«Իրավունքը» բազմիցս անդրադարձել է, որ երեւանյան փողոցներում վերջին շրջանում խիստ ակտիվացել են «Եհովայի վկաները» ու գիրք նվիրելու անվան տակ բացահայտ քարոզչություն են իրականացնում: Այս երեւույթի դեմ պայքարը, թեպետ շարունակում է ուշանալ պատկան մարմինների կողմից` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, սակայն օր օրի սա ավելի մասշտաբային խնդիր է դառնում:
Պարզվում է, որ հիմա էլ նրանք նույնպիսի քարոզչությամբ սկսել են «գրոհել» նաեւ Վրաստանում: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ախալքալաքի կենտրոնում` Խաս Բախչա այգու հարեւանությամբ, Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքում «Եհովայի վկաները Վրաստանում» կազմակերպության անդամները կանգնած են ցուցատախտակով, կրոնական գրականությամբ եւ գրքույկներով մարդկանց տեղեկացնում են իրենց կազմակերպության գաղափարախոսության եւ իբրեւ Աստվածաշնչի մասին: Սակայն, դրան ի պատասխան, մեր հայրենակիցները բոլորովին էլ չեն լռում ու կոնկրետ քայլեր են իրականացնում: Ախալքալաքի Խաս Բախչա այգու մոտ, «Եհովայի վկաների» ցուցատախտակով քարոզչության հարեւանությամբ Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդական թեւի անդամներն այս օրերին անցկացնում են քրիստոնեական գաղափարախոսության բաց քարոզչություն: Այս մասին տեղեկացնում է նաեւ jnews.ge լրատվական կայքը. «Արդեն երկրորդ օրն է, ինչ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդական թեւի անդամները անցկացնում են ճանաչողական ակցիա` ցուցապաստառներով, թերթոններով` տեղեկացնելով «Եհովայի վկաների» ուսմունքի մասին, բացատրելով մարդկանց քրիստոնեական սկզբունքների եւ «Եհովայի վկաների» գաղափարախոսության տարբերությունը եւ կոչ անելով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին` անկոտրում լինել իրենց հավատքի հանդեպ եւ տարբերել քրիստոնեական սկզբունքները այլ ուսմունքներից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
