ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ

Հայ-չեխական տնտեսական հարաբերությունների մակարդակն այսօր բարձր չէ: Սակայն դրա հնարավորությունները մեծանում են` երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման ֆոնին, հատկապես, որ տնտեսական համագործակցության ոլորտում երկուստեք հետաքրքրություններն առկա են:
Պատահական չէ, որ այս օրերին պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության քննարկած առանցքային խնդիրներից մեկը տնտեսական ոլորտում հայ-չեխական համագործակցության ակտիվացումն է: Որպես դրա առաջին քայլ` դիտարկվում է այցի շրջանակներում կազմակերպված բիզնես համաժողովը, որին մասնակցում են Հայաստանից ժամանած շուրջ 50 գործարարներ:
Դատելով Հայաստանի եւ Չեխիայի վարչապետների հայտարարություններից` երկու երկրները հակված են խորացնելու եւ զարգացնելու տնտեսական հարաբերությունների մակարդակը: Ավելին, Չեխիայի վարչապետի խոսքով, իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր գործընկեր Հարավկովկասյան տարածաշրջանում:
Հայաստանը եւս շահագրգռված է Չեխիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Առավելեւս, որ այն նոր հնարավորություն է բացում ինչպես հայկական ապրանքների իրացման շուկաների ընդլայնման, այնպես էլ տնտեսական համատեղ ծրագրերի իրականացման համար:
Հայ-չեխական առեւտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիներին անշուշտ ակտիվ չեն եղել: Դրան խանգարել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում առկա խնդիրները: Սակայն վերջին շրջանի բարձր մակարդակի ակտիվ շփումները վկայում են, որ խոչընդոտներն այլեւս անցյալում են եւ ձեւավորված հարաբերությունները միանգամայն բավարար են` քաղաքական շփումները նաեւ տնտեսական գործակցության ակտիվացման ոլորտ տեղափոխելու համար: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Չեխիայի վարչապետները երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խորացման լուրջ ներուժ են տեսնում: Հատկապես կարեւորվում են տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան, առողջապահությունը, տրանսպորտը, զբոսաշրջությունը եւ այլն:
Համագործակցության հնարավորությունները բավական լայն են, թեեւ մինչեւ այժմ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները դրսեւորվել են հիմնականում որոշ ապրանքների արտահանում-ներմուծումով: Իհարկե, առավել ակտիվ է եղել չեխական ապրանքների հոսքը հայկական շուկա: Այս երկրից ներմուծվել են ինչպես մեքենասարքավորումներ, այնպես էլ կենցաղային ապրանքներ: Անցած տարի Չեխիայից Հայաստան է բերվել շուրջ 4,5 մլն դոլարի համակարգչային տեխնիկա:
Չեխական շուկայում հայկական ապրանքների արտահանման ակտիվությունը բարձր չէ, սակայն առանձին տարիներին դրսեւորված միտումները վկայում են, որ այդպիսի հնարավորությունը միանշանակ առկա է: Դա նկատելի է հատկապես վերամշակող արդյունաբերության, մասնավորապես պահածոների, մրգահյութերի արտադրության ոլորտում: 2013թ. Հայաստանը չեխական շուկա է արտահանել ավելի քան 7 մլն դոլարի, այսպես կոչված, թռչող այլ ապրանքներ: Չեխիան կարող է լավ շուկա լինել նաեւ հայկական սպիրտային խմիչքների իրացման համար: Մնում է առկա հնարավորությունները վերածել գործնական հարաբերությունների: Դրա առաջին քայլը կարելի է ասել` արված է` գործարար շփումների մեկնարկով:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
