Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«ԻՐԱՆԸ ՈՐՔԱՆ ԿԱՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՅՆՔԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է»

Արխիվ 12-16

«ԻՐԱՆԸ ՈՐՔԱՆ ԿԱՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՅՆՔԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է»

 

Թեհրանի Միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի բանակցությունները գտնվում են վճռորոշ փուլում: Կողմերը երեկվա դրությամբ համաձայնության են եկել միջուկային ծրագրով համաձայնագրի հիմնական մասի, ինչպես նաեւ հինգ հավելվածներից` չորսի վերաբերյալ: Ավելին. բանակցային գործընթացի վերաբերյալ արեւմտյան բարձրաստիճան անանուն դիվանագետը հայտնել է, որ այսօր` հուլիսի 8-ին, կողմերը կհասնեն համաձայնության: Իրանը մեր անմիջական հարեւանն է, եւ համաձայնագրի ստորագրումը պետք է, որ իր անմիջական ազդեցությունն ունենա նաեւ Հայաստանի վրա: Թե ինչ ակնկալիքներ կան, փորձեցինք պարզել հայաստանյան վերլուծաբաններից:

 

Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ խոսքով` Իրանը եւ «վեցյակը» հաջողությանը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչքան այսօր. «Եթե այս համաձայնագիրը ստորագրվի, ապա Իրանը կսկսի աստիճանաբար վերականգնել իր տնտեսությունը, ինչը հանգեցնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների ի հայտ գալուն: Այս ամենը դրական ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական զանազան ծրագրերի իրականացման տեսանկյունից, քանի որ այդ ծրագրերի իրագործումը սառեցված կամ դանդաղ փուլի մեջ էր գտնվում` պայմանավորված իրանական կողմի տնտեսական ծանր պայմաններով: Իրանը, որպես Հայաստանի հարեւան եւ կարեւորագույն գործընկեր, որքան կայուն լինի, այնքան մեր երկրին ձեռնտու է` հաշվի առնելով մեր բարիդրացիական, բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները: Այս տեսանկյունից Հայաստանը միմիայն կշահի, հաշվի առնելով նաեւ ԵՏՄ-ին մեր անդամակցությունը»:

 

 

Արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ փաստեց, որ անանուն դիվանագետի հայտարարությունը հնարավոր է՝ համապատասխանում է իրականությանը. մեծ է հավանականությունը, որ ի վերջո այդ համաձայնագիրը կստորագրվի եւ տարիների պատմություն ունեցող Իրանի միջուկային ծրագիրը կստանա իր հանգուցալուծումը. «Այս համաձայնագրով նախ եւ առաջ կբացվի Իրանի բոլոր կապանքները տարածաշրջանում, որտեղ Թեհրանն ավելի ակտիվ կգործի: Եվ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ոլորտներում: Այս համատեքստում բավականաչափ կարեւոր են Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ: Քանզի բոլոր տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո, Իրանը բացում է իր տնտեսական ծրագրերը` կապված Արեւմուտքի հետ: Այս պարագայում Հայաստանը կարող է տարանցիկ գոտու լուրջ դեր կատարել Իրանի համար, թե՛ Արեւմուտքի, թե՛ դեպի ԵՏՄ երկրների հետ հարաբերություններում: Մյուս կողմից էլ՝ խնդիրը պետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում, քանի որ պատժամիջոցների վերացումը թույլ կտա, որպեսզի Իրանի` Հայաստանի հետ կապված նախկին ծրագրերը օր առաջ ստանան գործնական բնույթ»:

 

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո, այս կամ այն կերպ Իրանի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունների հետ կապված ԱՄՆ-ի հակադրությունը դուրս կգա հաշվից. «Բայց պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում կա մարդկանց խումբ, որ ջանքեր չի թափում Իրանի հետ մեր հարաբերությունները ավելի բարելավելու եւ խորացնելու համար: Հասկանալ է պետք, թե ինչո՞ւ մինչ այժմ Իրանի հետ ավելի մերձենալու համար համառ ջանքեր չեն գործադրում: Համաձայնագրի ստորագրումից հետո մեր պետությունը պետք է փորձի Իրանի հետ սկսել հարաբերությունների լայն շրջանակ, որը կարծում եմ` դանդաղ գործընթաց կլինի, բայց շատ օգտակար` քաղաքական եւ տնտեսական ոլորտներում»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ