Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԻՆՉ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԷՑ-Ի ՎԱՃԱՌՔԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԷՑ-Ի ՎԱՃԱՌՔԻՑ

 

Երեկվանից շրջանառության մեջ մտած ՀԷՑ-ի վաճառքի թեման արդեն հասցրել է բուռն քննարկումներ առաջացնել: Եվ դա հասկանալի է՝ մեկ տասնամյակից մի փոքր ավել ժամանակահատվածում այդ ռազմավարական կառույցն արդեն երրորդ սեփականատերն է ունենալու, բայց չնայած դրան՝ միշտ այս համակարգի շուրջ աղմուկ կա: Ուրեմն ի՞նչ սպասենք նոր իրավիճակից. «Իրավունքը» զրուցեց տնտեսագետների եւ վերլուծաբանի հետ՝ փորձեց ճշտել նրանց տեսակետները, թե ՀէՑ-ի վաճառքից հետո ՀՀ էներգիկ ոլորտում ինչ փոփոխություններ կարող են լինել, եւ, վերջապես, ո՞վ է այդ անհայտ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» «անհայտ» սեփականատերը:


Տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ նշեց.
- Չեմ կարծում, որ ՀէՑ-ը վաճառվելուց անմիջապես հետո էներգետիկ ոլորտում տեղի կունենա փոփոխություն, քանի որ վիճակը շատ ծանր է: Այս պարագայում, ով էլ գնի ընկերությունը, մինչեւ իրավիճակին ծանոթանա եւ մշակի իր ռազմավարությունը՝ մեծ ժամանակ կպահանջվի: Եթե նոր սեփականատերը կարողանա ՀէՑ-ի առանցքային բոլոր խնդիրներն արագ բացահայտել, ապա կորուստները կնվազեն, եւ որոշ դրական տեղաշարժ կլինի: Սակայն չեմ կարծում, որ այդ հսկայական հիմնարկում այդ ամենին կկարողանան շուտ հասնել: Կասկածի տեղիք է տալիս նաեւ այն, թե ովքեր են դառնալու ՀԷՑ-ի նոր տերերը. ներկայիս տերերի հոգեբանությամբ մարդի՞կ, թե համակարգում լավ աշխատանքներ կատարած այնպիսի անձինք, ովքեր կմտածեն ոչ միայն սեփական բիզնեսի, այլ նաեւ Հայաստանի տնտեսության ու ժողովրդի մասին:

Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ փաստեց.
- Եթե ՀԷՑ-ը «Ինտեր ՌԱՕ»-ից անցնելու է մեկ այլ ընկերության, ապա դրանից հասարակության առջեւ նրա պարտավորությունները չեն պակասում: Վաճառքից հետո կառաջանա նոր մենեջմենթ ունենալու խնդիր, եւ նոր սեփականատերերը կփորձեն հարցերին տալ իրենց լուծումները: Գուցե ՀԷՑ-ի նոր սեփականատերը սկսի ավելի արդյունավետ աշխատել: Իսկ թե ինչ տեղի կունենա էլետրաէներգիայի սակագնի հետ, ցույց կտա միայն աուդիտը, որն այս պահին անցկացվում է: Ինչ վերաբերում է  «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության օֆշորային լինելուն, ապա պետք է ասեմ, որ Հայաստանում ավանդույթ է դարձել նման գործարքներին օֆշորային ընկերությունների մասնակցությունը. մեկ ամիս առաջ գրանցված ընկերությանը համալիր են վաճառում, մեկ ուրիշին` ՀԵՑ-ը: Այս դեպքում հասարակության համար չի ապահովվում թափանցիկություն, եւ գործարքը կատարվում է գաղտնի պայմաններում, ինչն առաջացնում է մի շարք հարցեր, իսկ պատասխաններ չկան: Օֆշոր ասվածն առհասարակ ենթադրում է, որ տեղի է ունենում գաղտնի գործարք, որն էլ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս:

ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ ընդգծեց.
- Եթե ՀԷՑ-ի գնորդն այնպիսի ընկերություն է, որը լուրջ շահագրգռվածություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման համար, ապա չպետք է մտահոգվել: Իսկ եթե այդ ընկերությունը չունի հայկական արմատներ եւ ՀԷՑ-ը համարելու է զուտ բիզնես, ապա այս պարագայում դրական տեղարշարժեր հնարավոր է չլինեն: Բոլոր դեպքերում՝ ՀԷՑ-ը ֆինանսական լուրջ առողջացման կարիք ունի, քանի որ տարիներ շարունակ կառավարվել է հիմնականում անարդյունավետ: Այստեղ ֆինանսական արտահոսքերի բազմաթիվ խնդիրներ կան: Այդ պատճառով էլ ՀԷՑ-ի նոր սեփականատերը շատ լուրջ ջանքեր պետք է գործադրի ե՛ւ կարգ ու կանոն հաստատելու, ե՛ւ ծառայության մատուցման արդյունավետությունը բարձրացնելու համար: Ահա այս դեպքում մենք կունենանք մեծ հնարավորություն` սակագնի վերանայման առումով: Ինձ համար  կարեւոր է, թե նոր գնորդն էներգետիկայի  ոլորտում ունի՞ փորձառություն, թե` ոչ: Իսկ թե որտեղ է գրանցված ՀԷՑ-ը գնող նոր ընկերությունը, ինձ բնավ չի հետաքրքրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ