Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ


ԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, սիրված դերսանուհի  87-ամյա  ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ այլեւս մեզ հետ չէ: Դերասանուհին այսօր առավոտյան կնքեց իր մահկանացուն, մեզ թողնելով իր կերտած դերերն ու բազում կերպարներ: Երիտասարդական հոգու ավյունով  հայ բեմի թագուհին շուրջ վեց տասնամյակից ավելի  իր խոսքով ու խաղով  շարունակում էր հիացնել իր հանդիսատեսին: Նա ամենեւին էլ չէր համարում, որ արդեն 87 տարեկան է, այլ ընդունում էր 65 տարին, երբ որպես դերասանուհի վերածնվեց Գյումրու թատրոնի բեմում:

Եթե ընդամենը մի քանի տարի առաջ տաղանդաշատ դերասանուհին երկրից  դժգոհ ու նեղացած էր եւ նույնիսկ մեզ հետ զրույցներից մեկում՝ մայիսի 1-ը տոնելու գաղափարից վրդովված, նշել էր, թե. «Ի՞նչ անենք, որ աշխատավորության տոնն է, հիմա ոչ մեկն էլ չի աշխատում: Ինձ չի հետաքրքրում», ապա կյանքի վերջին տարիներին նա երջանիկ էր ու գնահատված: Համենայնդեպս, երկու տարի առաջ, իր 85-ամյա հոբելյանական երեկոյին բեմից այդպես արտահայտվեց. «Երախտապարտ եմ Ձեզ, ես գուցե ունեմ այդ իրավունքը ասելու՝ իմ սիրելի՛ ժողովուրդ: Իմ սիրելի՛ հանդիսատես, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ, որովհետեւ նախեւառաջ 65 տարի բեմում եմ եղել: Դա շատ հազվադեպ բան է ու ոչ բոլորին է տրվում: Երջանիկ եմ, որովհետեւ ունեցել եմ լավ ամուսին, երջանիկ եմ, որովհետեւ ունեմ երեխաներ եւ նաեւ ունեմ ծոռներ, ուրեմն՝ դժգոհելու իրավունք չունեմ: Մանր-մունր բաներ կան, որոնց վրայով անցնում եմ, որովհետեւ գերիշխողը Ձեր սերն է: Ամեն րոպե ես դա զգում եմ: Մեր այս ժամանակներում, որտեղ արվեստն, անշուշտ , ստորադասված է ինչ-որ չափով, դուք ինձ չեք մոռանում, նշանակում է` սերը Ձեր մեջ դեպի իսկական արվեստը դեռ կա ու  ոչ միայն ինձ, այլ նաեւ անցյալի մեծ դերասաններին չեք մոռանում: Ես դրանով եւս երջանիկ եմ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ խոնարհվում եմ ձեր առաջ»:

Ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Եղել է դերասան, թատերագետ Գեւորգ Աբաջյանի կինը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա եւ նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ-ից տեղափոխվել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանեւսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի եւ այլն: Խաղացել է նաեւ արեւմտահայ դերերում` «Պաղդասար Աղբար»` Անույշ եւ այլն: Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» եւ այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1958թ-ից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ` եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից: 1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995թ. պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

 

«Իրավունք» թերթը ցավակցում է մեծն արտիստի խաղընկերներին, մտերիմներին հարազատներին ու դերասանուհու արվեստը գնահատող հանրությանը:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ