ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿՄՆԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրել է, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը վերջնական հրաժարական է ներկայացրել, հետեւաբար կդադարեն Հայաստանի Մարդու իրավունքների երրորդ պաշտպանի լիազորությունները, ինչի պատճառով այսօրվանից ՀՀ քաղաքացիներն օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն. «Քանի որ ըստ օրենքի` առանց գործող Պաշտպանի առկայության որեւէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները: Իրենց իրավունքներն օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո»:
Ի դեպ, վերջնական հրաժարականի մասին տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»:
Ըստ էության, մինչ կսկսվեն այս տարվա խորհրդարանական քառօրյա նիստերը, մարդու իրավունքները ժամանակավորապես կմնան անպաշտպան: