ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզպետ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ տնից գողություն կատարելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` գողությունը տեղի էր ունեցել հունվարի 13-ին` ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի` ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Հ. Աբովյանին պատկանող տուն` հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար` պատճառելով գույքային վնաս:
Թե ում է կասկածում պարոն մարզպետը գողություն կատարելու մեջ եւ որտեղի՞ց այդքան մեծ գումար տանը, ինչի մասին շշուկներ են պտտվում, երբ ինքը բավական համեստ հայտարարագիր է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում «Իրավունքը» փորձեց պարզել հենց նրանից, սակայն ապարդյուն: Մարզպետը պատճառաբանելով, որ զբաղված է, խոստացավ մեզ հետ խոսել ավելի ուշ, բայց այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:
Հավելենք, որ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: