Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ
Արխիվ 12-16
Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ
Սիրիայում Ռուսաստանի գործողությունները քաղաքացիական պատերազմ են հրահրում այդ երկրում: Նման տեսակետ է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը՝ Reuters-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, Սիրիայում Ռուսաստանի գործողությունները գլխավոր խնդիրն են՝ ճգնաժամը կարգավորելուն ուղղված միջազգային ջանքերի համար: «Իմ մշտական հիասթափությունների աղբյուրն այն է, որ ռուսները խափանում են մեր բոլոր ջանքերը»,-ասել է Հոմոնդը:
«Ռուսներն ասում են՝ եկեք բանակցություններ վարենք, իսկ հետո բոլորն սկսում են խոսել, խոսել: Ու մինչ բոլորը խոսում են, նրանք շարունակում են ավիահարվածներ հասցնել եւ աջակցել Ասադին»,- ասել է նա:
Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ համարում է, որ Սիրիայում ռուսների գործողությունները ամրապնդում են «Իսլամական պետության» դիրքերը: «Ռուսներն ասում են, որ ցանկանում են ոչնչացնել ԻՊ-ին, բայց նրանք ռմբակոծում են ոչ թե ԻՊ-ին, այլ չափավոր ընդդիմությանը»,-ասել է Համոնդը: Բացի այդ, նրա կարծիքով, Ռուսաստանի գործողությունները խորացնում են փախստականների խնդիրը, հաղորդում է РБК-ն:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Իրանն ավելի մեծ օգուտ տա սիրիական ճգնաժամի կարգավորմանը, քան Ռուսաստանը, Համոնդը պատասխանել է. «Չեմ կարծում, որ նրանցից որեւէ մեկը կարող է օգտակար լինել խաղաղ գործընթացի համար»: «Ռուսներն ու իրանցիները աշխատում են սիրիական ռեժիմի հետ ձեռք-ձեռքի տված, եւ իրանցիները նույնպես սիրիական ռեժիմը պահպանելու հարցում ռուսների պես անզիջում են»,-ընդգծել է նա: