ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ.«ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՇԱՔԱՐԱՎԱԶ Է ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ՇԱՔԱՐԻ ՀՈՒՄՔԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ»
Արխիվ 12-16
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ.«ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՇԱՔԱՐԱՎԱԶ Է ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ՇԱՔԱՐԻ ՀՈՒՄՔԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ»
Այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հարց ուղղեց ՀՀԿ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին վերաբերվող: «Տարիներ շարունակ օդում կախված են մնում չստուգված լուրերը ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակների ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած բարեգործության, օրինակ, անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին»,- իր խոսքն այսպես սկսեց Փաշինյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ օդում կախված լուրեր կան, թե Ախուրյանում Սամվել Ալեքսանյանի հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքավարազ է արտադրում, այլ ստեղծված է կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար: «Ըստ օդում կախված լուրերի` Ալեքսանյանը Հայաստան պատրասի շաքարավազ է ներմուծում շաքարի հումքի անվան տակ: Դա նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից: Ըստ օդում կախված լուրերի`այդ շաքավարազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան եւ որպես տեղում արտադրված շաքարավազ դուրս է գալիս այնտեղից»,- հայտարարեց Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հարցրեց, թե արդյոք Սերժ Սարգսյանն արգելել է հոլովել «լֆիկ Սամո» կնիքը:
Այս հարցերին կառավարության կողմից էական պատասխաններ չհնչեցին, ավելին` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այն որակեց որպես հորդոր, կամ հայտարարություն: Նրա խոսքով` պարոն Փաշինյանն իր այս հարցերով փորձում է հանրությանն ապացուցել, որ նա որեւէ կապ չունի Բաղրամյան 26-ի հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ