«ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԴՐԵԼ ՄՍԱՄԹԵՐՔ ՆԱԵՎ ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16
«ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԴՐԵԼ ՄՍԱՄԹԵՐՔ ՆԱԵՎ ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկությամբ՝ 2015թվականի լավագույն մսամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել «Բարի սամարացի» մսամթերքի արտադրամասը: Այդ կապակցությամբ տարվա լավագույն մսամթերք արտադրող ընկերության հիմնադիր տնօրեն ՀՈՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի անդամ Վարդան Աստվածատրյանը:Պարոն Հովակիմյանի համար, ինչպես ինքն ասաց, հաճելի անակնկալ էր այդ մասին իմանալը, ինչի մասին նա իր խոսքում մասնավորապես նշեց.
- Հաճելիորեն զարմացրիք ինձ, շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր գնահատել են մեր ապրանքատեսակը: «Բարի սամարացին» ունի մեկ ընդհանուր սկզբունք` մեր ազգաբնակչությանը առողջ սնունդ եւ մաքուր արտադրանք մատուցենք: Սա մեր նշանաբանն է, եւ ուրախ եմ, որ դա գնահատվել է:
Թե ինչպես է «Բարի սամարացուն» հաջողվել շուկայում զբաղեցնել իր կայուն դիրքը, ընկերության հիմնադիր տնօրենը նկատեց.
- Ամեն բանի լավը գնահատվում է, իսկ մենք արտադրում ենք լավագույն մսամթերքը: Դա մեր ընկերության աշխատակիցների շնորհիվ է, իրենց անկեղծ նվիրվածության շնորհիվ: «Բարի սամարացին» միշտ էլ եղել է առաջին տեղում, քանի որ մենք նախընտրում ենք լավագույն հումքը, աշխատում ենք ժամանակակից սարքավորումներով, քայլում ենք ժամանակակից տեխնոլոգիաներին զուգընթաց, մեր արտադրամասն այսօր լավագույններից մեկն է աշխարհում:
Ընկերությունը ապագայում եւս նոր ծրագրեր ունի.
-Չնայած արդեն ունենք մեր կայուն դիրքն շուկայում, սակայն չենք բավարարվում եղածով, ամեն ինչ անում ենք, որ մեր անունը պահպանենք: Փորձում ենք հետ չմնալ որեւէ նորամուծությունից: Այս տարի նախատեսում ենք ընդունել երեք խորհրդատու, ներդնել նոր տեխնոլոգիաներ: Ծրագրում ենք արտադրել մսամթերք նաեւ դիաբետով հիվանդների համար: Ուզում ենք հնդկաձավարից երշիկ պատրաստել, որը շատ առողջարար է: Նոր տեսականիով ենք ուզում հանդես գալ, որպեսզի կարողանանք մեր առաջատար դիրքը պահպանել: Հպարտությամբ կարող եմ նշել, որ ինչ նորություններ եղել են մեր մսամթերքի շուկայում, եղել են «Բարի սամարացու» շնորհիվ: Բոլոր մսամթերք արտադրողների համար «Բարի սամարացին» եղել է օրինակ, որի համար ուրախ եմ: Բայց պետք է ասեմ, որ որակի եւ համի առումով դեռ ոչ ոքի չի հաջողվել կրկնօրինակել մեր արտադրանքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.-Նշենք, որ «Բարի սամարացին» 2015 թվականին ոսկե մրցանակի է արժանացել նաեւ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման եւ չափագիտության միջպետական խորհրդի աշխատանքի ակտիվ մասնակցության համար` ՌԴ տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահ Ա.Լոցմանովի կողմից: Բացի այդ, ընկերությունը որպես լավագույն մսամթերք արտադրող է ճանաչվել նաեւ միջազգային «Գելափ Ինթերնեյշնլ» ընկերության եւ ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից: