ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ`ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՁԱՅՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՄ»
Արխիվ 12-16
ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ`ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՁԱՅՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՄ»
ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրոյի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված: Չի բացառվում, որ ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկեն: «Իրավունք»-ը Արագած Ախոյանից հետաքրքրվեց` չի՞ պատրաստվում պատգամավորը Թուրքիայում եղած իր կապերն օգտագործել`Թուրքիայի պատվիրակությունը ետ պահելու Նաիրա Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու մտադրությունից: Ի վերջո, Արագած Ախոյանին հաջողվել է համոզել թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված քրդերին կողմ չքվեարկել ԵԽԽՎ-ի հակահայկակակն բանաձեւերին: «Ես չէի ցանկանա, որ մենք անդրադառնայինք այդ թեմային, որպեսզի Մարգար Եսայանի նման մարդուն չարժեւորեինք: նա Գարեգին Նժդեհի նկարագրած թրքացած հայն է, ով ավելի վտանգավոր է, քան թուրքը: Ինչ վերաբերում է ինձ, ես անելիք չունեմ այդտեղ, քանի որ ԵԽԽՎ-ի նախագահության խնդիրն է: Նաիրա Զոհրաբյանը, իհարկե, մի քիչ գործել է էմոցիոնալ դաշտում, բայց ցանկացած հայ նման իրավիճակում կարող էր էդպես վարվել»,- պատասխանեց պատգամավորը:
Արագած Ախոյանը համոզված է` Նաիրա Զոհրաբյանին ձայնից զրկելու իրավունքը նախաձեռնել է անձամբ Մարգար Եսայանը: Ավելին`«Ստամբուլի «Քամփ Արմեն» որբանոցի հարցում Դավութօղլուն մեծ գումարներ է ծախսել Մարգար Եսայանի վրա: Որբանոցի մի հատվածը գնել է Մարգարի անունից նվիրեց հայկական համայնքին` Եսայանի վարկանիշը բարձրացնելու համար: «Եվ թուրքական իշխանությունը այնքան կարճատես էր, որ չհասկացավ` Մարգար Եսայանի` հակահայկական բանաձեւերին կողմ քվեարկելուց հետո նրանց արածը ջուրն ընկավ»,- եզրափակեց Ախոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ