ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԻՄԱ ԽՈՍՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Արխիվ 12-16
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԻՄԱ ԽՈՍՈՒՄ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՀՀ ԱԳ նախարարությունը անդրադարձել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցին եւ հայտարարել, որ Արթուր Բաղդասարյանն իրավունք չունի խոսել ՀՀ-ի անունից: Նա միգուցե հայտարարել է իր սեփական կամ կուսակցության կարծիքը: «Իրավունք»-ը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզեց` ինչպես եէ արձագանքում ԱԳՆ-ի այս հայտարարությանը: «Արթուր Բաղդասարյանը որպես անկախ քաղաքական գործիչ ինք արտահայտել է իր եւ իր կուսակցության կարծիքը»,- ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղարը:
- Իսկ ինչպես կարձագանքեք հանրային որոշ շրջանակների, որոշ վերլուծաբանների քննադատությանը, որ Արթուր Բաղդասարյանն իրավունք չունի ՀՀ-ի անունից հանդես գալ:
- Արթուր Բաղդասարյանը` որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար արտահայտել է իր տեսակետը: Եթե քննադատողները կարծում են, որ իրենք կարող են արտահայտել իրենց կարծիքը, Արթուր Բաղդասարյանը` ոչ, չարաչար սխալվում են:
- ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության անդրանիկ համագումարում խոսել էր հայ-ռուսական քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման մասին: Ինչու է հիմա Արթուր բաղդասարյանը խոսում այդ հարաբերությունների մասին: Մինչ ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելը ՕԵԿ-ին ի դեմս Արթուր Բաղդասարյանի համարում էին եվրոպական արժեքներով առաջնորդվող քաղաքական ուժ, անգամ ՀՀ-ի արտաքին քաղաքական ապագան Եվրոպայի հետ էին կապում:
- Այդ հարցին ես պատասխանել եմ շատ վաղուց: Մենք հիմա չենք խոսում հայ-ռուսական հարաբերությունների մասին, միշտ խոսել ենք: Նախ մենք ոչ եվրոպամետ ենք, ոչ` ռուսամետ: Մենք հայամետ ենք: Միշտ ասել ենք` մեր ռազմաքաղաքական, տնտեսական անվտանգությունը կապակցված է ՌԴ-ի հետ: Երբ խոսում էինք եւ հիմա էլ ենք խոսում բարեփոխումներից` քաղաքական համակարգի ժողովրդավարացման, արդարադատության համակարգի կայացման մասին, ասել ենք` ունենք համագործակցության դաշտ ԵՄ-ի հետ:
- Քաղաքականությունից դուրս մի հարց: Ինչքան գումար է ծախսվել Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը վարձակալելու համար:
- Ես տեղյակ չեմ, քանի որ նման հարցերով չեմ զբաղվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ