Հայ-ռուսական ինքնատիպ «դիվանագիտական թենիսի» հերթական փուլում ոչ մի սենսացիոն տեղաշարժ չկա. Դենիս Զդոր
Հանդիպում«Իրավունք»-ի հարցերին պատասխանել է «Ակսոն» տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի փորձագետ ԴԵՆԻՍ ԶԴՈՐԸ։
«ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՐՏԱԿԱՐԳ Է՝ ԿՈՂՄԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ»
— Լրատվամիջոցներում գրում են, որ հայ-ռուսական հարաբերությունները, կարծես թե, անցել են անդառնալիության կետը։ Մեր ռուսական աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի համար գազի գինը բարձրացնելու փոխարեն` պարզապես կդադարեցնեն գազի մատակարարումները։ Արժե՞ լուրջ վերաբերվել այս տեղեկությանը։
— Ուզում եմ միանգամից ընդգծել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների փոխակերպմանը զուգընթաց ծագում են շատ գործոններ, որոնք ազդում են տեղեկատվական միջավայրի վրա. պարզ ասած՝ սենսացիաների հետեւից գնալը պարարտ հող է ստեղծում տարբեր տեսակի մանիպուլյացիաների համար։
Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել մատակարարումների դադարեցման մասին: Եվ այստեղ պետք է հասկանալ, որ ցանկալի խողովակի փականի խորհրդավոր պտույտի շուրջ այս ամբողջ տեղեկատվական աղմուկը սնվում է, առաջին հերթին, եվրաինտեգրումն ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու հնարավորության շուրջ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ շարունակվող վեճով, եւ երկրորդ՝ Հայաստանի կառավարության՝ «գազի դիվերսիֆիկացման» իր վերցրած ուղղության մասին հայտարարություններով:
Իրավիճակն իսկապես արտակարգ է, քանի որ կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը տվյալ պահին մնում է անփոփոխ: Հետեւաբար, լրատվամիջոցները, ինչպես նաեւ հասարակական կարծիքի առաջնորդները, կարող են խաղալ այս անորոշության վրա:
Ընդհանրապես, միջազգային էներգետիկ համագործակցությունը բավական լուրջ ոլորտ է իր օրենքներով, հետեւաբար չարժե դրան նման սենսացիոն թեթեւամտությամբ վերաբերվել։ Առավել եւս, Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցությունը գազաէներգետիկայի ոլորտում չի սահմանափակվում միայն կապույտ վառելիքի մատակարարումներով։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող հայկական գազի ենթակառուցվածքը ռազմավարական ակտիվների մի ամբողջ համալիր է՝ մայրուղային գազատարներ, գազաբաշխիչ համակարգեր, ստորգետնյա պահեստարաններ եւ այլն։ Խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է։ Անշուշտ, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը շահագրգռված են այս ամբողջ «անսամբլի» հետագա ռացիոնալ զարգացմամբ՝ արդեն ձեւավորված ենթակառուցվածքի հիմքի վրա։
Բացի դրանից, չպետք է մոռանալ խնդրի «մասշտաբի» մասին. 2025 թվականին Հայաստանի կողմից բնական գազի ներմուծման 82 տոկոսը բաժին էր ընկել Ռուսաստանին։ Սա պատկառելի ցուցանիշ է։ Կողմերից որեւէ մեկի կողմից նախկին պայմանավորվածությունների խախտումը լուրջ քայլ կլիներ, ինչը առաջ կբերեր անդառնալի գործընթացների մի ամբողջ շարք Հայաստանի ողջ տնտեսության համար։ Հետեւաբար, բոլոր մատակարարումների սկզբունքային դադարեցման մասին որոշ լրատվամիջոցների հայտարարությունները, առանց պաշտոնական հաստատումների, բավական «մշուշոտ» կանխատեսում են՝ ամեն դեպքում հաշվի առնելով եղած իրավիճակը եւ Մոսկվայի ու Երեւանի ներկայիս դիրքորոշումները։
«ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԿԱԶՄԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՄ ԵՐԵՎԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
— Տեղեկություն եղավ նաեւ այն մասին, որ վերը նշված սցենարը կանխելու համար Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է չորս պահանջ։ Առաջինը վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազային։ Փաշինյանին, իբր, առաջարկվել է հրաժարվել այս թեմայի քննարկումից։ Հնարավո՞ր է նման բան։
— Պետությունների ղեկավարների փակ զրույցի բովանդակության մասին ենթադրությունները նման են սուրճի մրուրով գուշակությանը։ Ինչ վերաբերում է 102-րդ բազային եւ նրա ճակատագրի շուրջ վեճերին, ապա այստեղ հարկ է ընդգծել, որ ո՛չ հայ, ո՛չ էլ ռուս պաշտոնատար անձանց հայտարարություններից ոչ մեկը չի հաստատել ռազմական համակազմը դուրս բերելու Մոսկվայի կամ Երեւանի մտադրությունը։
Կողմերը միմյանց են նետում դիվանագիտական գնդակը՝ խուսափելով վերջնագրերից։ Մոսկվան պնդում է, որ ռուսական ռազմական ներկայության պահպանումը ուղղակիորեն կապված է հենց Երեւանի շահագրգռվածության հետ։ Այսպես, սեպտեմբերի 1-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե Հայաստանը ռուսական ռազմական ներկայությունը «ոչ պետքական» համարի, ապա Ռուսաստանը «կարող է հեռանալ», քանի որ Մոսկվան չի ձգտում պարտադրել պաշտպանական գործընկերություն։ Դրա հետ մեկտեղ նախագահը Երեւանին բաց հարց է տալիս՝ իրո՞ք նա շահագրգռված է, որ անվտանգության ներկայիս համակարգը ապամոնտաժվի։ Երկու շաբաթ անց Սմոլենսկայա հրապարակում ներկայացվեց Մոսկվայի ավելի մանրամասն տեսլականը. ռուսական զորքերի ներկայությունը կարգավորվում է պաշտոնական երկկողմ համաձայնագրերով (դրանց գործողության ժամկետը մինչեւ 2044 թվականն է), Ռուսաստանը, իր կողմից, մտադիր է հետեւել դրանց՝ հույս տածելով, որ Հայաստանի ղեկավարությունը նմանատիպ մոտեցում կդրսեւորի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Երեւանը երբեք ինքը չի նախաձեռնել կամ չի բարձրացրել ռուսական բազայի դուրսբերման հարցը, սակայն հայտարարեց, որ «եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել, Հայաստանը չի առարկի»։
Այսպիսով, երկու երկրների միջեւ ինքնատիպ «դիվանագիտական թենիսի» հերթական փուլում ոչ մի սենսացիոն տեղաշարժ չկա։ Նման բանավեճի առկայությունն ինքնին չի նշանակում հայկական կողմից համաձայնագրերը միակողմանիորեն վերանայելու եւ ռուսական ռազմական համակազմը դուրս բերելու վերջնական մտադրություն։ Ավելի շուտ, դա կարելի է դիտարկել որպես ամբողջությամբ վերցված երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հետագա բանակցությունների համար «հողը շոշափելու» փորձ։ Իսկ դրա համար կարեւոր է հասկանալ դիմացինի սկզբունքային կետերն ու կարմիր գծերը։
«ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՍՑԵՆԱՐ Է «ՈՉ ՄԻ ՏԵՂ» ԴՈՒՐՍ ԳԱԼԸ»
— Շատ ավելին դեռ առջեւում է։ Տեղեկություններ են տարածվում, որ հաջորդ պահանջը վերաբերում է «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» երկընտրանքին։ Հայաստանին առաջարկվել է այդ խնդրի լուծման երկու եղանակ. կա՛մ չեղարկել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, կա՛մ հանրաքվե հայտարարել այս հարցի վերաբերյալ։ Բայց չէ՞ որ հասկանալի է, որ այդ հանրաքվեն ոչ մի բանի մասին է (անիմաստ է)։
— Կրկին, եթե դատողություններ անենք ոչ թե երկու առաջնորդների զրույցի հնարավոր բովանդակության մասին, այլ խոսենք հենց բուն հարցի մասին, ապա ես չէի շտապի հնարավոր հանրաքվեին նման բնութագրում տալ։ Այո՛, այս տարվա մայիսին ԵԱՏՄ մասնակից երկրների ղեկավարները կոչ արեցին Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ընտրության հարցի առնչությամբ։ Ռուսական դիրքորոշումը վաղուց պարզ է. երկու ինտեգրացիոն միավորումների ստանդարտներն ու մեխանիզմները տարբեր են, ինչը բացառում է միաժամանակյա անդամակցությունը։
Քվեարկությունն ինքնին անհրաժեշտ է Հայաստանի եւ հայ ժողովրդի մտադրությունները վերջնականապես արձանագրելու համար, ուստի՝ այստեղ, իմ կարծիքով, ամեն ինչ ազնիվ է. ԵԱՏՄ-ում ցանկանում են իմանալ Երեւանի կոնկրետ դիրքորոշումը՝ արդյոք նա տեսնո՞ւմ է իր զարգացման հետագիծը եվրասիական ինտեգրման ներսում: Իսկ վերջնական որոշման հետաձգումը միայն խորացնում է անորոշությունը:
Իսկ Հայաստանը ձգտում է պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր առավելությունները որքան հնարավոր է ավելի երկար, ընդհուպ պաշտոնական «եվրոպական որդեգրում», ինչպես ես եմ դա հասկանում։ Առավելագույն անցանկալի սցենար է դիտարկվում «ոչ մի տեղ» դուրս գալը. նման իրավիճակ կստեղծվի, եթե Երեւանն արդեն մնա առանց Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ մուտքի իրավունքի, բայց դեռեւս չդառնա Եվրամիության լիիրավ անդամ։
Այստեղից էլ՝ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հանրաքվեի «վաղաժամության» մասին, չէ՞ որ ԵՄ մտնելու հայտ Հայաստանը դեռեւս այդպես էլ չի ներկայացրել։ Առայժմ ունենք միայն «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, ինչպես նաեւ Հայաստանի պաշտոնատար անձանց մի շարք հայտարարություններ։ Ընդ որում, իմ նշած օրենքը միայն ամրագրում է երկրի ռազմավարական ուղղությունը դեպի եվրաինտեգրում, բայց չի նշանակում ավտոմատ հայտ անդամակցության համար։
Հանրաքվեն ավելի կոնկրետ քայլ կլիներ վերջերս ձեւավորված եվրասիական աստղանիշով այս խնդիրը լուծելու ճանապարհին։ Հետեւաբար, ես այն այդպես չէի թերագնահատի։
Դրա պահանջարկը, ինչպես ինձ է թվում, կա նաեւ հենց հայ հասարակության մեջ։ Եթե հիմնվենք «Gallup»-ի սեպտեմբերին արված ուսումնասիրությունների արդյունքների վրա, ապա Հայաստանի քաղաքացիների մոտ 60 տոկոսը կողմ է հանրաքվեի անցկացմանը։ Նույն հարցման տվյալների համաձայն՝ քաղաքացիների 29,4 տոկոսը կողմ է ԵԱՏՄ-ում մնալուն, իսկ 35,1 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտ է շարժվել դեպի ԵՄ անդամակցության կողմը։ Մնացածները հրաժարվում են պատասխանելուց կամ քվեարկելուց։
Կրկին, կրկնում եմ, հանրաքվեի անհրաժեշտությունն առաջացավ նրանից, որ Երեւանը հայտարարեց Եվրամիությանը միանալու իր ձգտման մասին՝ լինելով մեկ այլ միության կազմում։ Ոչ ոք նման հարց չէր դնի Հայաստանի առջեւ, եթե նա իրավական ու տնտեսական պարտավորություններով արդեն իսկ կապված չլիներ ԵԱՏՄ-ի շրջանակներում։
Բացի այդ, երբ Ռուսաստանի ղեկավարությունը խոսում է հանրաքվեի մասին, նա նկատի է ունենում հենց ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամակցության միջեւ ընտրություն կատարելը։ Դեռեւս այս տարվա ապրիլին Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները քննարկման ենթակա չեն՝ Եվրամիության հետ Երեւանի համագործակցության պատճառով։
Ես նույնիսկ ինձ թույլ կտամ հիշեցնել, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների ներկայիս հիմքը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է (CEPA–ՀԸԳՀ), իսկ այն ստորագրվել է դեռեւս 2017 թվականին՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ընտրության վերաբերյալ այսօրվա բանավեճից շատ առաջ։ Եվ, գիտեք, Ռուսաստանի ղեկավարությունն այն ժամանակ բացահայտ հայտարարեց, որ հարգանքով է վերաբերվում այլ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու Երեւանի ձգտմանը, քանի որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Այն ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն ընդգծեց, որ ՀԸԳՀ-ի դրույթները անմիջական հակասության մեջ չեն մտնում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Երեւանի պարտավորությունների հետ։ Կրկին, նկատեք տարբերությունը. Բրյուսելի հետ համագործակցության ընդլայնում եւ ԵՄ մտնելու պատրաստակամության մասին հայտարարություններ։
Իսկ այսօր իրավիճակը խիստ փոխվել է. Մոսկվան եւ ԵԱՏՄ-ն հետեւում են Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ արվող կոնկրետ քայլերին, ինչն արդեն ստեղծում է մի շարք շոշափելի հակասություններ։
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ