Որ դեպքերում կարող է ցավազրկողների ընդունումը վտանգավոր լինել
Հասարակություն
Ցավը օրգանիզմում տեղի ունեցող ախտաբանական գործընթացների մասին հուշող ամենատարածված ախտանշանն է, որը մարդիկ սովորաբար մեղմում են ցավազրկող դեղորայքի միջոցով, սակայն մասնագետները նշում են, որ երբեմն ցավազրկող դեղամիջոցի ընդունումը կարող է վտանգավոր լինել, քանի որ նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։
Ինչպես նշել է թերապևտ Յուլիա Ֆոկինան medikforum.ru պորտալի հետ զրույցում, երբեմն ցավազրկող դեղամիջոցի ինքնուրույն ընդունումը խեղաթյուրում է հիվանդության ախտանշանների ընդհանուր պատկերը, ինչը թույլ չի տալիս ժամանակին նկատել խնդիրը։ Այս ամենի հետևանքով բժիշկը կարող է ժամանակին չնկատել վտանգավոր ախտաբանությունը, ինչն էլ կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։
«Այս հարցում շատ բան կապված է ցավի տեղայնացումից։ Որոշ դեպքերում դեղամիջոցը կարող է դժվարացնել հիվանդության ախտորոշումը», - ընդգծում է Ֆոկինան։
Մասնագետի խոսքով՝ այս կերպ կարող է խիստ վտանգավոր լինել որովայնի ցավի ժամանակ ցավազրկող դեղամիջոցի ընդունումը։ Բանն այն է, որ որովայնի ցավը դեղամիջոցով մեղմելը կարող է թույլ չտալ ժամանակին ախտորոշել կույր աղիքի որդանման ելունի բորբոքումը, ինչն էլ կբարձրացնի վտանգավոր բարդությունների հավանականությունը։ Սա է պատճառը, որ ցանկացած արտասովոր (չափազանց ուժգին, կտրուկ ի հայտ եկած և այլն) ցավի դեպքում հարկավոր է դիմել մասնագետին ու չփորձել ազատվել խնդրից ցավազրկողների միջոցով։